«Եթե ուզում եք ունենանք բանակ, պետականություն, հայրենիք, ուրեմն եկեք այս հրապարակ: Այսօր այստեղ է որոշվում հայրենիքի ճակատագիրը»,- այսօր Հանրապետության հրապարակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս պայքարի արդյունքում է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մտնել Սյունիք: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ եթե Փաշինյանը մի գրամ բարոյականություն ունենար, հիմա հրաժարական կտար, բայց նա համառ է ու ուզում է կործանել մեր պետականությունը, ինչը թույլ չեն տալու. «Մեր պայքարը լինելու է հետեւողական, աննկուն ու մինչեւ վերջ: Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու՝ մինչեւ այն ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս երկրում գլխավոր խրտվիլակին»:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանի հարյուրից ավելի դասախոսներ հայտարարել են դասադուլ եւ միացել են հանրահավաքին: Երեւանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել ու միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին: Փակվել է Վանաձոր-Դիլիջան մայրուղին: Փաշինյանի հրաժարականի պահանջին է միացել նաեւ երգիչ Ներսիկ Իսպիրյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ