Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքն օտարվել է կառավարության որոշմամբ. իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե տարածքը ձեռքբերողը հանդիսանում է Տիգրան Ավինյանի ընկերը. պարզաբանում

Դեկտեմբեր 22,2020 15:46

Պարզաբանում Երևան քաղաքի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․

1․ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա

2․Օտարումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով

3․Օտարման պայմանագրի գինը որոշվել է հիմք ընդունելով հողի կադաստրային արժեքը

4.Օտարվող գույքի ձեռքբերողը/ները սահմանված են դարձյալ ՀՀ կառավարության 2018թ․ որոշմամբ, ոչ թե հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը։

Առավել մանրամասն նշենք հետևյալը՝

Հանրապետություն 30/1 հասցեի և հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքի օտարման հետ կապված  իրավական գործընթացները սկսվել են դեռևս 2008 թվականից, ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-ն որոշմամբ, սակայն օտարման գործընթացն այդպես էլ չի իրականացվել։ Հետագայում նշված հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացը նոր փուլ է մտել, երբ տարածքը ներառվել է ՀՀ կառավարության 22 մարտի 2018թ-ի 33-րդ թաղամասի նկատմամբ (Ֆիրդուսի) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման մեջ։ Այդ որոշմամբ նաև լիազորվել է Երևանի քաղաքապետին տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթներ իրականացնելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։

Կառավարության 2018թ․ մարտի 22-ի որոշման ընդունմանը նախորդել է Երևանի քաղաքապետի և ձեռքբերողների միջև 2018թ․ մարտի 19-ին կնքված պայմանագիր: Պայմանագիրը կցվում է բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը, ուժի մեջ է մտել որոշման ընդունումից հետո և սահմանել է սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, և մասնավորապես պահանջ այն մասին, որ ձեռքբերողը մինչև քաղաքաշինական ծրագրի ավարտը պարտավոր է գնել տարածքում առկա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, իսկ դրանց գնի հաշվարկման համար հիմք է ընդունվում պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը։ Այսպիսով, անշարժ գույքի օտարման վերաբերյալ իրավական որոշումները կայացվել են մինչև 2018թ.հեղափոխությունը՝ նախկին կառավարության կողմից։

Հետագայում արդեն, 2020 թվականի հուլիսին, կնքվել է Հանրապետության 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման պայմանագիրը՝ հիմք ընդունելով 2018թ․ մարտի կառավարության վերոնշյալ որոշումը, օտարումն իրականացվել է որոշմամբ սահմանված կարգով, այլ ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով։ Ընդ որում, նշենք, որ օտարման նման եղանակ` ուղիղ աճուրդ, ՀՀ օրենսդրությանը հայտնի չէ, քանի որ գույքը կարող է օտարվել կամ ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով, սակայն ոչ իրավական կարգավորումներին անհայտ ուղիղ աճուրդի միջոցով։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գնին, ապա երեկվա հրապարակման մեջ նշված գնային տարբերությունը պայմանավորված է բացառապես հողի շուկայական արժեքի ու կադաստրային արժեքի միջև գոյություն ունեցող տարբերությամբ։ 2018թ․ մարտի 19-ին լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրով այս հարցը լիարժեք կարգավորված է համաձայն պայմանագրի 5.6 կետի, որը սահմանում է բառացիորեն հետևյալը․ «Լիազոր մարմինը պարտավոր է ձեռքբերողի կողմից ծանուցում ստանալուց հետո յոթ օրյա ժամկետում կնքել պայմանագիր տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա որևէ մասը Ձեռքբերողին վաճառելու մասին (…)։ Այդ հողամասերի դիմաց լիազոր մարմնին վճարվող գումարը, ներառյալ կիրառելի հարկերը, հաշվարկելու է հիմք ընդունելով սույն պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը (այդ պահին գործող կադաստրային արժեքը)»։

Այսպիսով՝ գույքի օտարման արժեքը որոշվել է գնահատող կազմակերպության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և մեթոդաբանությամբ իրականացված գնահատման արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա և ներառել է շինության համար գույքի շուկայական գինը՝ ավելացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ համարժեք փոխհատուցում ապահովելու համար գույքի գնահատված շուկայական արժեքի 15%-ը և հողամասի կադաստրային արժեքը։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրությունը՝ ուղղված Երևանի քաղաքապետարանին վերաբերել է բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքապետին վերապահված գործառույթների իրականացման անհրաժեշտությանը, և նրանում գույքի օտարման արժեքի կամ դրա հաշվարկման կարգի վերաբերյալ որևէ դրույթ բնականաբար առկա չի եղել։

Պետք է նաև նշել, որ այս տարածքում ներդրողները հետագայում, ըստ էության, համայնքին են վերադարձնում ձեռք բերված տարածքի շուրջ 65%-ը (30% ճանապարհներ, 35% համայնքային նշանակության տարածքներ)։

Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, որ տարածքը ձեռքբերողը հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը, քանի որ ՀՀ կառավարությունը դեռևս 2018թ․ մարտի 22-ի որոշմամբ սահմանել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված բոլոր տարածքների ձեռքբերողներին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031