«Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ին ասում էր, որ մահից չի վախենում, իսկ այսօր շրջում է 200-300 զինված թիկնազորով: Եթե նա այդպես է ցանկանում իր գործունեությունը ՀՀ-ում, թող վախվորած, հանցագործին բնորոշ ձեւով փախնի տուն, հետո փախնի աշխատանքի, մարզերում էլ իրեն չընդունեն»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Նա սովոր է թաքնված ապրելուն, բայց երկար չի կարող նման կերպ ապրել: Եթե այդքան թիկնապահներով է շրջում, մի քանի հարյուր ոստիկաններ կառավարության շենքի հետնամասում են, բնական է, որ նա վախենում է: Եթե չի վախենում, ինչո՞ւ է այդքան ոստիկաններով շրջում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բախումներ չլինեն»,-հավելեց նա:
Բաբայանը վստահ է, որ այսօրվա հանրահավաքը եւ հայտարարված համազգային գործադուլը վճռական են լինելու Փաշինյանի հրաժարականին հասնելու հարցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ