Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններին ասել էիր՝ ջարդելով էլ լինի՝ մտնելու եմ Գորիս ու Կապան, մտա՞ր, Նիկո՛լ, թե՞ կարծում էիր՝ դա քո Եռաբլուրի «պառադն էր». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 22,2020 14:41

«Ես սյունեցի եմ ու հիմա իմ գլուխն եմ խոնարհում հպարտ սյունեցիների առջեւ, ովքեր թույլ չտվեցին, որ հայրենիքը հանձնածը մտնի Սյունիք: Նա թաքնվեց իր թիմակից դավաճանի հետեւում, մտավ ընդամենը մեկ գյուղ, մտավ Սիսիան, որտեղ հոգեւոր հայրը՝ տեր Պարգեւը նրան ձեռք չմեկնեց եւ ասաց՝ սպասիր Աստծո դատաստանին»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքում իր ելույթում նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա սյունեցիներին դիմելով՝ ասաց՝ դուք ապացուցեցիք, որ առաջինը դասում եք հայրենիքը եւ ձեզ համար կա մեկ սրբություն, դա հայրենիքն է. «Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ոչ միայն դավաճան են, պոպուլիստ են, մեծ մանիպուլյատոր են, այլ տգետ են: Նիկոլի տգետներից մեկը նրան հուշել է իր կարծիքով փրկօղակ: Հիմա Նիկոլը երկու օր է՝ իր ֆեյսբուքյան էջում իր համակիրներով, իր ֆեյքերի հզորագույն բանակով տարածում է 1995 թվին ընդունված եւ 2010-ին փոփոխված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծ: Եվ քանի որ ինքը միշտ մեղավորներ փնտրում է իրենից դուրս, բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ մեղավոր են նահատակված զինվորները, հրամանատարները, ընդդիմությունը… Ու ինչ է ասում մանիպուլյատիվ դավաճանը, ասում է՝ ես մեղավոր չեմ, 2010-ից այս վարչատարածքային բաժանումն է, որ հիմա թուրքերը վերցնում են Հայաստանի տարածքները GPS-ով; Նիկո՛լ, դու ստախոս ես: Հայաստանի ու ցանկացած պետության սահման որոշվում է «Պետական սահմանի մասին» օրենքով: Ցավոք, «Պետական սահմանի մասին» օրենքով այդ սահմանազատումը չկա»:

Նա ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը 70 տարի եղել են Սովետական միության կազմում, որի փլուզումից հետո այլեւս հնարավոր չի եղել որեւէ միջազգային պայմանագիր ստորագրել. «Այսօր հնարավոր չի սահմանել այն սահմանը, որը Նիկոլը թուրքի GPS-ով մաս-մաս հանձնում է ադրբեջանցուն: «Միջպետական բաժանման մասին օրենքով» բացառապես եւ միայն սահմանվում են Հայաստանի վարչական տարածքների միջեւ սահմանները եւ ոչ պետական սահմանը: Պետական սահմանի համար պիտի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված միջազգային պայմանագիր, որը չկա: Նիկո՛լ, դու ստախոս ես, մոլորեցնում ես այն միամիտ, ազնիվ մարդկանց, որոնք դեռ որոշ տոկոս դեռ հավատում են քեզ»:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ իրեն գրել են դեպի Մեղրի տանող ճանապարհի վրա գտնվող Ճակատենի բնակիչները. «Ասում են՝ փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացնում են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնում, պետք է հանձնել: Այսպես մետր առ մետր անձնում են հայրենիքը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանն իր «կիրթ» ընկերոջ՝ Ալիեւի հետ Սյունիքը վերցրել է օղակի մեջ. «Նիկո՛լ, դու չես հաղթելու: Միայն այն, որ դու քո ոստիկաններին ասել էիր, հրահանգել էիր՝ ջարդելով էլ լինի՝ մտնելու եմ Գորիս ու Կապան, մտա՞ր, Նիկո՛լ: Թե՞ կարծում էիր՝ դա քո Եռաբլուրի «պառադն» էր, «պառադի» վերածեցիր Եռաբլուրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031