ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ գրելով. «Համոզված եմ, որ այս օրերին ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները որևէ աղերս չունեն հիշատակածս խնդիրների հետ, ավելին՝ վտանգում են մեր երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։
Չկարողանալով ցուցաբերել բացարձակ անտարբերություն՝ որոշել եմ ներդրում չունենալ վերոհիշյալ անարդարություններին և ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։
Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում հրաժարվել ապօրինի հրահանգներ կատարելուց, հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին»։
Ավելի ուշ այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը: «Այսօր հանրահավաքում հայտարարվել է, որ ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը։ «Հայտնում ենք, որ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ: