Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի «սքրինշոթերը» 2010թ.-ի փոփոխություններից են, որոնք ուժը կորցրել են 2017թ.-ին». Արփինե Հովհաննիսյան

Դեկտեմբեր 22,2020 14:01

«Դա առհասարակ փոխկապակցված չէ Սյունիքում տեղի ունեցողի հետ: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ ստում է եւ մանուպուլյացիա իրականացնում»,-վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության այսօրվա հավաքի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները հիմա ճշգրտվում են նախկինների օրոք՝ 2010թ. ընդունված օրենքով, որում Սյունիքի սահմանից այն կողմ ոչ թե Արցախի հանրապետության տարածքներն են, այլ Ադրբեջանի՝ ասաց արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը:

«1995թ.-ին ընդունվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, իսկ 2010թ.-ին դրանում կատարվել են փոփոխություններ՝ ճշգրտումներ անելու այդ համայնքների ներքին շրջանակներում: Ավելին՝ վարչապետի կողմից իր էջում տեղադրված «սքրինշոթերը» 2010թ.-ի փոփոխություններից են, որոնք ուժը կորցրել են 2017թ.-ին՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված»,-շեշտեց Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այդ օրենքն ունի բացառապես ներքին սպառման նշանակություն. «Դա նրա համար է, որ, օրինակ, որեւէ համայնքում հանցագործության կատարման դեպքում պարզ լինի, որ տվյալ համայնքի վարչատարածքային բաժանման մասին է խոսքը: Կարճ ասած՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքը կապ չունի միջպետական բաժանումների հետ»:

Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Միջազգային իրավունքում պետություններն իրար սահմանները ճանաչում են միջպետական փաստաթղթերով, որոնք ձեւավորվում են կողմերի միջեւ հանձնաժողովների եւ քարտեզագետների աշխատանքների հիման վրա: ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չի կատարվել նման սահմանագծում եւ սահմանազատում: ՀՀ-ն չի ճանաչել Ադրբեջանի սահմանները, Ադրբեջանն էլ՝ ՀՀ-ի: Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով խորհրդային Ադրբեջանի քարտեզը, մինչդեռ Ալիեւի Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այն անկախության հռչակագիր ունի եւ իրեն հռչակել է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այդ Օրենքը ընդունվել է երբ համանքներին են հատկացվել պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերը….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031