Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառք մեր հոգեւորականներին, ովքեր թույլ չտվեցին, որ դիվային ծնունդ մտնի Աստծո տաճարը». Ռազմիկ Դավոյանը Փաշինյանին աղետ է որակում

Դեկտեմբեր 22,2020 13:48

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն այսօր մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին:

Նա հարթակին մոտեցավ «առանց դրա Հայաստան» կոչով: Դավոյանի 80-ամյակն է: Բանաստեղծն ասաց, որ «նրանց», այսինքն` իշխանությունների շնորհավորանքին չի սպասում, քանի որ ինքն էլ չի ողջունել իրենց իշխանության գալը. «Առաջին իսկ օրվանից իմացել եմ, որ դա անկախությունից ի վեր հինգերորդ աղետն է մեր ժողովրդի գլխին: Այդ աղետը չէի կարող ողջունել, որովհետեւ ես գալիս եմ դարերի խորքից, գիտեմ ով ինչով է զբաղվել: Ես այսօր կանգնած եմ ձեր առջեւ՝ ասելու, որ ինչպես չեմ ողջունել նրանց իշխանության գալը, եկել եմ ողջունելու նրանց հեռանալը: Պետք է հեռանան վայրկյան առաջ: Սիրելի՛ հայություն, սիրելի՛ ոստիկաններ, այդ պղծությունը դուք օգնեցիք, որ կատարվի, բայց գիտեմ, որ ձեր կամքը դա չէր: Դուք օգնեցիք, որ սգավոր մայրերին տրորելով գնա, որպեսզի իր զոհերի հիշատակի առջեւ խոնարհվի: Սա անելու բան չի, սիրելի ոստիկաններ, որոնց հետ ապրել եմ իմ երկար կյանքը: Երբեք չեմ փոշմանել, որ եղել եմ ձեր բարեկամը: Ես ուզում եմ, որ դուք էլ ինձ նման լինեք, մեր ժողովրդի ծառան: Փառք մեր հոգեւորականներին, ովքեր թույլ չտվեցին, որ դիվային ծնունդ մտնի Աստծո տաճարը: Այո՛ փառք իրենց»:

Ռազմիկ Դավոյանը հիշեց 88-ի արցախյան շարժումը՝ ասելով՝ ո՞վ կմտածեր, որ գալու է իշխանություն, որը ոտնատակ տալով այդքան ժողովրդի սերը, պատիվը, նվիրումը՝ կդավաճաներ Արցախին. «Ես ատելություն ունեմ ոճրագործ իշխանությունների հանդեպ: Ո՞վ կմտածեր, որ Հայաստանում կգա մի իշխանություն, որի երազանքը պիտի լինի Հայաստանը դարձնել Ադրբեջանի գաղութ եւ նրա միջոցով Հայաստանը դարձնել Թուրքիայի գաղութ: Պետք է հեռանան ամբողջ վարչակազմով: Ո՛չ նրանց ներկայությանը, ո՛չ: Այդպիսի հիվանդ զառանցական երազանք կունենա՞ հայ մարդը: Ես համոզված եմ, որ հայ մարդը դեռեւս կունենա այն սերունդները, որոնք Թորգոմ նահապետի, Հայկ նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրանների սերունդներն են: Նրանք չեն մեռել մեր ժողովրդի մեջ, նրանք ոտքի են կանգնելու ու եթե Արցախի համար միլիոնից ավելի մարդ էր հավաքվել, Հայաստանի փրկության շարժման համար ամբողջ հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Բարձրացե՛ք ոտքի, դուք ծունկի գալու ժողովուրդ չե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    80-ամյա Ռազմիկ Դավոյանին տեղյակ պահեք, որ դիվային ծնունդը մտել է Աստծո տաճար, անգամ մոմ վառել եւ խաչակնքվել: Փառք մեր հոգեւորականին, որ չի սեղմել դիվայինի ձեռքը:

    Ռազմիկ Դավոյան, մարդկանց առաջ ելույթին նախապատրաստվում են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031