Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչատարածքային սահմաններին որպես պետական սահմանի հղում անելը Փաշինյանի հերթական մանիպուլյացիան էր»

Դեկտեմբեր 22,2020 12:51

«Ամենից հեշտ տարբերակը բոլոր մեղքերը նախկինների վրա բարդելն է: Բայց երկուսուկես տարի իշխանությունն անմիջական պատասխանատվություն էր կրում երկրի անվտանգության համար: Խայտառակ կապիտուլյացիան հենց իշխանության պատասխանատվության ներքո է»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ռազմական դրությունը վերացնելու եւ «Իմ քայլի»՝ մասնագիտությամբ իրավաբան պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալու պահանջներով փաստաբանների բողոքի երթի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Որքան էլ փորձեն իրենց գործողություններն արդարացնել նախկինների սխալներով…որեւէ մեկը չի հերքում, որ նախկինում սխալներ եղել են, բայց երկուսուկես տարի իշխանությունը Հայաստանը հետեւողականորեն տարավ պատերազմի, բացեց Հայաստանը դրա առաջ: Ուստի այսօրվա պատասխանատուներն են մեղավոր»,-համոզմունք հայտնեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները հիմա ճշգրտվում են նախկինների օրոք՝ 2010թ. ընդունված օրենքով, որում Սյունիքի սահմանից այն կողմ ոչ թե Արցախի հանրապետության տարածքներն են, այլ Ադրբեջանի, Էլինար Վարդանյանը նկատեց. «Շատ լավ կլիներ, որ վարչապետը վարչատարածքային սահմանները տարբերեր պետական սահմաններից: Այո, այդ օրենքում կան ձեւակերպումներ, որոնք պայմանավորված էին Արցախի անկախությունը դեռեւս ճանաչած չլինելու հանգամանքով, բայց, կարծում եմ՝ վարչատարածքային սահմաններին որպես պետական սահմանի հղում անելը Փաշինյանի հերթական մանիպուլյացիան էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031