Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը թույլ է, բայց վճռական

Դեկտեմբեր 22,2020 19:03

Մոսկվայի համար պատվի հարց է Պուտինի ստորագրությամբ եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելը

Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը եւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախարարներն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին:

Դեկտեմբերի 7-ին, հիշեցնենք, կայացավ Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի առաջին այցը Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նրա հանդիպումը տեւել էր մոտ երեք ժամ: Լավրովի հետ բանակցություններին հետեւած ասուլիսում Արա Այվազյանը չխոսեց Արցախի կարգավիճակից, նա միայն նշեց. «Հայաստանը հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ այն դիրքորոշմամբ, որ Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք»։ Իսկ Լավրովը հատուկ ընդգծեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը հիմնված է այն սկզբունքների եւ փաստաթղթերի վրա, որոնք տասնյակ տարիների ընթացքում մշակել է Մինսկի խումբը:

Ոչ ոք հիմա չի խոսում այն մասին, որ մինչեւ 2018թ. բանակցված սկզբունքներում, մասնավորապես Մադրիդյան սկզբունքներում, հստակ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած փաստաթղթերում խոսվում էր միջազգային, այլ ոչ թե ռուս խաղաղապահների մասին, ընդ որում, նկատի էր առնվում, որ դրանք չպետք է լինեն տարածաշրջանային շահագրգիռ պետությունները: Ինչպես նաեւ՝ նախորդ փաստաթղթերում Մեղրիի միջանցքի մասին հիշատակում չի եղել, Հադրութը, Շուշին ադրբեջանական կողմին հանձնելու մասին ձեւակերպումներ, կամ՝ Լաչինի միջանցքը հինգ կիլոմետրանոց լայնության լինելու մասին:

Մեծ հաշվով միջազգային որեւէ կառույցի համար էական չդարձան հայերի նկատմամբ պատերազմական հանցագործությունները՝ սպանությունները, կտտանքները, դրանց հրապարակայնացումը, պատերազմի ընթացքում արգելված զենքերի, մասնավորապես՝ ֆոսֆորային ռումբերի կիրառումը: Պատերազմից հետո համառ եւ հավաստի տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունը եւ նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները: Սա էլ պարզվեց, առանձնապես, չի անհանգստացնում քաղաքակիրթ աշխարհին:

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն, իհարկե, ստանձնել է տարածաշրջանում կայունություն հաստատելու դեր: Մոսկվայի համար, այսպես ասած՝ պատվի հարց է Պուտինի ստորագրությամբ եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելը: Թեեւ պատերազմի ավարտը ռուս-թուրքական մակարդակում էր կնքված, պարզ է, որ Թուրքիային մասնավորապես չի գոհացնում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանն էլ, որի համար ակնհայտ էր թուրքական աջակցությունը ադրբեջանական կողմին պատերազմի ողջ ընթացքում, այլեւս չեն խոսում այդ աջակցության մասին, վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան տեղափոխելու մասին:

Ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք, նրանք իրենց կյանքն են վտանգի տակ դնում՝ այդ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու համար, դեկտեմբերի 21-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահներն անցել են Լեռնային Ղարաբաղում դժվարագույն առաքելության իրականացմանը: Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման երաշխիք»,- ասել է Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման եւ փախստականներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային, պատմական եւ կրոնական հուշարձանների պահպանման ուղղությամբ: «Վտանգում են իրենց, ցավոք, կա կորուստ, իրենց կյանքն են վտանգում, որպեսզի այդ հող վերադառնա խաղաղ կյանքը»,-նկատել է Պուտինը:

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուս խաղաղապահները մինչ այժմ Լեռնային Ղարաբաղում որեւէ լուրջ միջադեպ թույլ չեն տվել: «Նոյեմբերի 10-ից, համաձայն եռակողմ պայմանավորվածությունների, ռուս զինվորական զորախումբը հաջողությամբ իրականացնում է… գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ամենակարճ ժամկետներում ռուսական զորքերի խմբավորումները տեղակայվել են նախանշված վայրերում եւ անցել առաջադրանքների կատարմանը 23 հսկիչ կետերում: Այսօրվա դրությամբ որեւէ լուրջ միջադեպ չի թույլատրվել»,- ասել է Շոյգուն: Նրա խոսքով՝ բաց է քաղաքացիական տրանսպորտների տեղաշարժը Լաչինի միջանցքով, անվտանգությունը պահպանվում է: Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ իրականացվել է ռազմագերիների փոխանակություն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի աճյունների փոխանակություն: «Խաղաղ բնակչությունը լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում է բնակության վայրեր, վերականգնում են իրենց տները… Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 42 հազար փախստականների վերադարձ: Իրականացվում է Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծում: Ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 6000 պայթյունավտանգ առարկա»,- ասել է նախարարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման համար կառուցվել է ժամանակակից 2 մոդուլային հավաքովի ավան՝ նախատեսված 330 մարդու համար: «Մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը կկառուցվի 32 ավան: Արդյունքում խաղաղապահ զորախմբի համար կստեղծվեն ծառայության եւ կենցաղի հարմարավետ պայմաններ»,- ասել է Շոյգուն:

Ռուսաստանը, թեեւ մեր տարածաշրջանում ակնհայտ ազդեցության մեծացմանը, իրականում այսօր բավական թույլ է: Շարունակվում են արեւմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, եւ որքան էլ ՌԴ-ում հնչեն տեսակետեր, որ ՌԴ-ն պետք է վերագտնի իր կայսերապաշտական մղումները, նախկին խորհրդային հանրապետություններին մեկ բռունցք դարձնի, ակնհայտ է, որ այդ նպատակը, եթե անգամ Ռուսաստանի ներկայիս իշխանական վերնախավն ունի, իրագործել չի կարող, ու դրան ոչ միան խոչընդոտելու է արեւմուտքն իր կոշտ դիրքորոշմամբ, այլեւ Ռուսաստանի գործընկեր, Պուտինի «լավ ընկեր» Էրդողանը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրերս ասել է, որ 2020թ. ընթացքում զինված ուժերի մարտական կարողությունն աճել է 13 տոկոսով: «Այս տարվա համար նախատեսված բոլոր խնդիրները կատարվել են, մարտական կարողությունն աճել է 13 տոկոսով, երաշխավորվել է երկրի մարտունակության անհրաժեշտ մակարդակը», – ասել է Շոյգուն՝ ՊՆ-ի ընդլայնված կոլեգիայի նիստում: ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության 2021-25 թվականների ծրագիրը: Շոյգուն ասել է, որ 2020թ. բանակը ստացել է ավելի քան 250 հազար միավոր սպառազեն եւ տեխնիկա. «Պետական պաշտպանության պատվերները 100 տոկոսով կատարվել են»:

Անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել ՌԴ-ի սահմանների մոտ արեւմտյան երկրների կողմից հրթիռների տեղադրմանը, Ռուսաստանը մտադիր չէ միջանկյալ եւ ավելի փոքր հեռահարության հրթիռներ տեղակայել երկրի եվրոպական մասում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, բայց անհապաղ կարձագանքի արեւմտյան երկրների կողմից իրենց սահմանների մոտ հրթիռների տեղակայմանը, իր հերթին օրերս շեշտեց Վլադիմիր Պուտինը։ «Մենք մտադիր չենք արտադրել եւ տեղակայել միջանկյալ եւ ավելի փոքր հեռահարության հրթիռներ Ռուսաստանի եվրոպական մասում, ինչպես նաեւ երկրի այլ շրջաններում: Բայց անհրաժեշտ է պատրաստ լինել օպերատիվ կերպով արձագանքելու արեւմտյան երկրների կողմից մեր սահմանների մոտ համարժեք միջոցների տեղակայմանը։ Անհրաժեշտության դեպքում անցկացնել բոլոր պատասխան միջոցառումները. ընդ որում՝ հնարավորինս սեղմ ժամկետում: Ես կասկած չունեմ, որ մենք դա կանենք ինչպես մեզ սպառնացող համապատասխան համակարգերի հենակետերի, այնպես էլ դրանց ղեկավարման կետերի հետ կապված», ասաց նա:

Մի կողմից Ռուսաստանը ամրանում է, մյուս կողմից արդարանում, թե տարածաշրջանային հավակնություններ չունի: Վերջերս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ Մոսկվայի հասցեին վերջին շրջանում Արեւմուտքից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, որ դրանց զգալի մասը վերաբերում է հետխորհրդային տարածքում ծավալվող ճգնաժամերին։ «Վերջին շրջանում մեզ մեղադրում են, թե մենք միջամտում ենք Բելառուսի ներքին գործերին, մեղադրում են նաեւ, որ մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ընդդեմ Արեւմուտքի», – նշել է ՌԴ ԱԳ նախարար։ Լավրովը նաեւ հավելել էր․ «Պնդումներ են հնչում նաեւ, որ մենք իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ [Հարավկովկասյան] տարածաշրջանը բաժան-բաժան անելու մասին՝ միայն թե այնտեղ չամրապնդվեն Արեւմուտքի դիրքերը: Այսպիսի տրամաբանություն եւ հոգեբանություն է այժմ տիրում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գործող առաջատար վերլուծաբանների մոտ»:

Մինչ Ռուսաստանի արտգործնախարարը արեւմուտքից հնչող քննադատությունից էր դժգոհում, տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ ռուսները եւ թուրքերը շարունակում են կառուցել կենտրոնը, որտեղից հսկելու են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ռուսաստանը եւ Թուրքիան շարունակում են կառուցել մոնիտորինգային միացյալ կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հսկեն Լեռնային Ղարաբաղում եռակողմ համաձայնությամբ հայտարարված հրադադարի պահպանումը:

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, այդ մասին օրերս հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի եւ Թուրքիայի կնքած համաձայնագրով քայլեր են արվում հրադադարի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու համար, այդ գործողությունները համակարգվում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ», – ասվում է հաղորդագրությունում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերին ասել է, որ «միացյալ կենտրոնն առաջիկայում կսկսի աշխատել, եւ ռուս ու թուրք զինվորականները կսկսեն կատարել իրենց պարտականությունները»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031