«Ներկայացնելու ենք փաստաթուղթ՝ ուղղված ԱԺ այն պատգամավորներին, որոնք պատգամավորի մանդատ ստանալով՝ կորցրել են փաստաբանի կարգավիճակը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Aravot.am-ի առաջարկով Արա Զոհրաբյանը հրապարակեց այդ պատգամավորների անունները: Նրանք են. Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Հերիքնազ Տիգրանյան եւ Նիկոլայ Բաղդասարյան:
Փաստաբաններն այսօր երթով շարժվում են դեպի ԱԺ: «Նրանց հորդորելու ենք դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործել որպես անկախ պատգամավորներ: ԱԺ-ից էլ պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը եւ նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Գլխավոր դատախազությանն էլ ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին: Մեր գնահատմամբ՝ վարչապետի արարքում առկա է դավաճանության հանցակազմ»,-նշեց Արա Զոհրաբյանը:
Նա կարծում է, որ «Իմ քայլի» պատգամավորները խմբակցությունից դուրս չեն գալիս, որովհետեւ մեկը մյուսին «սիրտ տալով» իրականությունից կտրվել են եւ իրենց թվում է, թե վարչապետի ձեռքին է իշխանությունը. «Այդպես չէ, վարչապետը չունի իշխանություն, ժողովուրդը նրան չի վստահում եւ չի ընդունում: Կան խմբեր, որոնք շարունակում են հարել նրան, բայց կարծում եմ՝ երբ պատգամավորներն էլ տեսնեն, որ մասնագիտական հանրույթն ու քաղաքացիական խմբերը մերժում են նրան, իրենք էլ խելքի կգան եւ կանցնեն ժողովրդի կողմը»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ կամավոր հիմունքներով փաստաբանական հանրույթն այսօր գործադուլ է անում. «Ակնկալում ենք, որ այդ բողոքի գործողություններով վարչապետն օր առաջ կհեռանա, քանի որ նրա ներկայությունը քանդում է պետականության հիմքերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ