Երեւանի ավագանու այսօրվա նիստը սկսեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանն ուշացել էր: Ավելի ուշ քաղաքապետը եկավ եւ նիստը շարունակեց: Մինչ այդ, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը եւ Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ մինչ այդ, ավագանու լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել նաեւ Արսեն Կարապետյանը:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները, համաձայն ԿԸՀ համապատասխան արձանագրության, տրվել են Կարինե Փանոսյանին, Սերգեյ Գյոզալյանին եւ Վահե Օհանջանյանին: Սակայն, ինչպես հայտնեց փոխքաղաքապետը, Կարինե Փանոսյանը նույնպես ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Նրան կփոխարինի Գեւորգ Աճեմյանը:
Հրաչյա Սարգսյանը նաեւ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը եւ Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցությունը նույնպես հրաժարվել է ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր Մարկոս Հարությունյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ