Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրեցին էսքան մարդ զոհվի, բայց չստացվի, որ իրենց դավաճան ասեն. Լեւոն Քոչարյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 22,2020 11:42

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմադիրների միտինգներին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցում է զուտ որպես շարքային քաղաքացի, ինչպես շատերը, եւ սա իր համար իրոք արժանապատվության հարց է՝ օր առաջ ազատվել այն մարդուց, «ով որ մեր երկրին, մեր ազգին բերեց հասցրեց այս խայտառակ վիճակին»:

Որքան էլ Փաշինյանից դժգոհությունը մեծ է, հասարակության մեջ մի շերտ կա, որ այս ակցիաների մեջ նախկինների վերադարձն է տեսնում, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր աջակցությունն է հայտնել, եւ դա ոմանց հետ է պահում փողոց դուրս գալուց:

– Ես հասկանում եմ այն, ինչ ասում եք, էլի եմ լսել նման կարծիք: Գիտե՞ք, ինձ թվում է՝ պետք է, որ մեր հասարակությունը կարողանա ինչ-որ բաներ իրարից սահմանազատել, որովհետեւ իրենք ընկել են հենց էն ծուղակը, որի մեջ իրենց գցել է էս ապաշնորհ իշխանությունը՝ իր ղեկավարով: Պետք է դրանից դուրս գալ: Ես կարծում եմ, որ կան կարող ուժեր եւ կան անկարող ուժեր: Հիմա, էս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը չի կարողացել ու մեր երկիրը հասցրել է էս խայտառակ վիճակին: Էստեղ պետք չի նայել՝ նախկին, ներկա: Էն, ինչը նոր պետք է ձեւավորվի, պետք է լինեն բոլոր կարող ուժերը՝ թե՛ ներկաներից, թե՛ նախկիններից, թե՛ ապագայից: Երկրորդը, որ, ինձ թվում է, հետ է պահում ինչ-որ տեղ մարդկանց, այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին՝ իշխանափոխությունը, շատ մարդ մասնակցեց դրան, շատ մարդիկ ունեին իրոք բարի նպատակներ, բարեփոխումների հույսեր, ու ինձ թվում է՝ էստեղ երեւի հոգեբանական խնդիր կա, որ դժվար է ընդունել, որ գուցե սխալվել են:

Ասում են՝ նախկինների սխալների հետեւանքն էր այս ամենը նրանք ծախեցին հողերը, թալանեցին երկիրը, չզինեցին բանակը, դրա համար էլ պարտվեցինք, «խեղճ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ աներ՝ վատ ժառանգություն էր ստացել»:

– Գիտե՞ք ինչի է ինձ համար էս ամեն ինչը ծիծաղելի, որովհետեւ ես գիտեմ՝ սա էս իշխանության թեզն է, որ առաջ են քաշում՝ իրենց ապաշնորհությունն ինչ-որ տեղ քողարկելու համար: Բայց ես մի բան կարող եմ ասել՝ եթե մարդ ունի մտածելու, վերլուծելու ունակություն, թող մի հատ նայի հայտարարությունները: Ես մի քանի բան մատնանշեմ. երկրի վարչապետի անցած տարվա ամանորյա ուղերձը, որտեղ թվարկում է, թե ինչ լավ վիճակում է մեր բանակը, որ 80-ականների զենքի ամոթալի էջը փակել են, որ լավ է բանակում՝ սնունդը, կլուբնիկան, մայկա-տռուսիկը եւ այլն: Հետո եկանք հասանք տավուշյան դեպքերին: Էդտեղ արդեն իրենք իրենց ասածի կնիքը դրեցին՝ այ, տեսեք, մենք էսպիսի լավ արդյունք ունեցանք, որովհետեւ էլ նախկին թալանչիները չեն, էս չեն, էն չեն, դրա համար մեր բանակը կարողացավ հակահարված տալ, ինքը դա դարձրեց իր հաղթանակը, որ նախկինները չկան, ու մենք էսպես լավն ենք: Այսինքն՝ էն բոլոր վատ բաները, որ իրենք կապում էին նախկինների հետ, համարեցին փակված ու հստակ ֆիքսեցին, որ արդեն էդպես չի: Դրանից քանի ամիս հետո սկսվեց սեպտեմբերի այս պատերազմը, ու արդեն ինչ-որ մի պահից նորից սկսեցին այդ թեզը մտցնել՝ նախկինները:

Շատ էր խոսվում դավաճանությունների մասին՝ որոշ հրամանատարներ զինվորներին միայնակ թողնում փախչում էին, ճիշտ չէին կազմակերպում պաշտպանությունը եւ այլն: Դուք ի՞նչ խնդիրներ տեսաք այնտեղ, որ եթե դրանք չլինեին, պատերազմի ելքը գուցե այլ լիներ:

– Գիտե՞ք, ես էդ ոլորտի մասնագետ չեմ ու չեմ կարծում, որ պետք է էդ մասով գնահատականներ տամ: Բայց ամենից մեծ խնդիրը երկրի ղեկավարն էր՝ իր անհեռատես քայլերով: Իրենք էլ պարզ ասացին, էդ մասով երեւի անկեղծ էին, որ եթե շուտ համաձայնեին ինչ-որ տարբերակների, իրենց դավաճան կորակեին: Այսինքն՝ նախընտրեցին էսքան մարդ զոհվի, բայց չստացվի, որ իրենց դավաճան ասեն: Ու շատ լավ իմանալով, որ վերջնարդյունքը լինելու է էլ ավելի վատ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031