Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի վարչապետը չի կարող լինել նա, որը, հրմշտելով, ծափահարություններով ու պղծելով մտավ Եռաբլուր». ՀՅԴ հանրահավաքը Լոս Անջելեսում

Դեկտեմբեր 22,2020 11:08

Այսօր Լոս Անջելեսում՝ Բըրբանքի քաղաքապետարանի դիմաց, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք էր: Այն նախաձեռնել էր ՀՅԴ-ն:

«Երկու ամիս առաջ հենց այս բեմից հնչեցին հայրենասիրական ամենագեղեցիկ լոզունգները: Սրանից երկու ամիս առաջ փողոցում համախմբված էր դեռ շատ ավելի մեծ թվով ժողովուրդ՝ երիտասարդներ, որոնք լսելով պատերազմի լուրը, համախմբվեցին իրար շուրջ եւ ուխտեցին, որ մինչեւ այս պատերազմի վերջը լինելու են Հայաստանի բանակի զինվորները, բոլորը լինելու են ենթակա Հայաստանի բանակի հրամանատարությանը: Դժբախտաբար, երկու ամիս անց մենք հավաքվել ենք այստեղ գլուխներս կախ՝ կանգնելով մի այնպիսի փաստի առջեւ, որ օրեր շարունակ համախմբված սփյուռքը հասկացավ, որ մեզ դավաճանել են»,-իր ելույթն այսպես սկսեց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը:

Նրա խոսքով, իրենց դավաճանել են, քանի որ տատիկները, պապիկները, երիտասարդները եւ երեխաները համախմբված գումար էին հավաքում հատկացնելու «Հայաստան» հիմնադրամին՝ առանց կասկածելու՝ այդ գումարներն ուր են գնալու. «Այն համոզման էին, որ այդ դրամները պետք է գնան եւ բաշխվեն մեր բանակի համար: Բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք: Այսօր, երկու ամիս անց, մենք հասկացանք՝ մեզ դավաճանել են առաջին իսկ օրից: Մենք հասկացանք, որ մեր հավաքած նվիրատվությունները ոչ թե գնացել են մեր մարտնչող զինվորներին, այլ պետական այրերին՝ որպես հավելյալ ռոճիկ, որպես հավելավճար իրենց դավաճանության նենգ գործը շարունակելու: Մենք հասկացանք, որ նույն ժամին, երբ երդվում էինք՝ դառնալ մեր հայրենիքի զինվորը, մեքենայություններ, դավադրություններ էր կատարվում, հայրենիքի պաշտպանության փորձ ունեցող հրամանատարները չեզոքացվում էին: Մեր կամավորները Շուշիում կռվում էին, բայց պետականորեն Շուշին հանձնված էր արդեն»:
Ելույթներին ի պատասխան, հավաքվածների շարքերից վանկարկում էին՝ «ամոթ», «Նիկո՛լ հեռացի՛ր», «Նիկո՛լ հեռացիր»: Ցուցարարների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների, խոստումների՝ ամեն ինչը թափանցիկ է անելու, ժողովրդից ոչինչ չի թաքցնելու, մի առավոտ հայտարարեց, որ ստորագրել է Հայաստանի եւ Արցախի «օկուպացիայի» պայմանագիրը՝ առանց այդ մասին տեղյակ պահելու արտգործնախարարին, խորհրդարանին, երկրի նախագահին ու ժողովրդին. «Մթին սենյակներում, փակ դռների հետեւում մեր երկրի հողերը հանձնվել են: Մնացած գործարքները մինչեւ այսօր հայտնի չեն մեզ»:

Ըստ ՀՅԴ-ականների, այսքանից հետո չունենք մի պետություն, որը կարողանար պաշտպանել իր ժողովրդին. «Այսօր մենք ունենք մի վարչապետ, որը մերժված է բոլորի կողմից: Հայաստանում այսօր լուրջ իշխանության տագնապ է, վարչապետ կոչեցյալը ոչ ոքի կողմից ընդունված չէ՝ անգամ իր կուսակցության մի խումբ անդամների կողմից: Խորհրդարանի խմբակցություններից երկուսը պահանջում են իր հրաժարականը: Քաղաքական բոլոր ազդեցիկ կուսակցությունները պահանջել են նրա հրաժարականը: Անգամ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Սփյուռքի բոլոր կառույցները դեմ են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը»:

Ցույցի մասնակիցների խոսքով, վարչապետն իր երկրում տեղ չունի, Սյունիքում ճանապարհ չեն տալիս նրան: Եռաբլուր չի կարողանում մտնել՝ առանց 5000 ոստիկանների. «Հայաստանի վարչապետը չի կարող լինել նա, որը, հրմշտելով, ծափահարություններով ու պղծելով մտավ Եռաբլուր»:

Հանրահավաքի կազմակերպիչներն ասացին, որ հավաքը երկու պատգամ ունի Հայաստանի եւ Արցախի հայրենակիցներին: Ըստ նրանց, սփյուռքը մինչեւ վերջ հայրենիքի կողքին է եւ ձեռքերը ծալած չի նստելու՝ հայ ժողովրդի դավաճաններին արդարության դատարաններին հանձնելու:

Երկրորդ պատգամը Նիկոլ Փաշինյանի հետեւորդներին էր. «Դուք այլեւս տեղ չունեք սփյուռքում: Դուք չեք կարող ոտք դնել սփյուռք մեր հայացքների մեր ատելության ու զզվանքի ներքո»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031