«Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ազատամարտիկներն ու զինված ուժերի պահեստազորի սպաները հավաքվել են՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը Եռաբլուր: Նրանք վստահ են, որ պատերազմում պարտված առաջնորդը, չհարգելով անմեղ զոհերի հիշատակը, հերթական շոու է կազմակերպելու»,- Եռաբլուրի անդորրը խախտում էր գործընկերներիս՝ ուղիղ եթերի մեկնաբանությունը:
Նույն բանն անել, օրինակ, ես չէի կարող. գերեզմանատանը, որտեղ մարդկանց հոգիները խաղաղվում են, ներքաղաքական կյանքի մասին մտածելն անգամ վկայում է այն մասին, որ վաղուց հեռացել ենք բարոյականության սահմանագծից:
«Բալա՛, բալա՛, մուրազներդ կիսատ թողած բալա՛»,- գործընկերներիս մեկնաբանություններին ու մեր հարցազրույցներին զուգահեռ, աղիողորմ գոռում էր 40 օր տղայից լուր չունեցած, մահվան բոթն առած ու որդուն փակ դագաղով հրաժեշտ տվող սևազգեստ կինը: Չէի կարողանում հասկանալ՝ ավելի ստոր եմ ե՞ս, որ այդ պահին այդտեղ ինչ-որ մեկից հարցազրույց էի վերցնում, թե՞ ներքաղաքական թեմաների շուրջ հարցազրույց տվող ու Փաշինյանի մուտքն արգելել խոստացողը:
Սևազգեստ տիկնոջ կողքին դեկտեմբերի 19-ին ևս 4 մայր էին ողբում որդիների անժամանակ կորուստը: 5 թարմ հողաթմբի կողքին մենք վերջնականապես սպանում էինք բարոյականության վերջին նշույլը, պատռում կեղծ բարեպաշտի մեր դիմակն ու բոլորին, այդ թվում մեզ հաղթած (այո, հաղթած) թշնամուն ցույց տալիս, թե ինչպես ենք սգում մեր եղբայրների ու հայրերի մահը: Երկրում երկուսուկես տարի գեներացված ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի հրաբուխը Եռաբլուրում ժայթքեց ու սրբեց-տարավ ամեն ինչ՝ գիտակցություն, միտք, տրամաբանություն, բարոյականություն ու վիշտ:
Կարդացեք նաև
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ