Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբվածները «ժեխ» չեն

Դեկտեմբեր 22,2020 10:00

Եթե երկրի առաջին դեմքը կարող է մտնել իր երկրի որոշակի տարածք՝ միայն ուժ կիրառելով, ուրեմն այդ երկրում լուրջ խնդիր կա: Իշխանությունը եւ անձամբ վարչապետը դա չեն ընդունում՝ Փաշինյանին, ըստ ամենայնի, թվում է, որ ժողովուրդն իրեն սիրում է ճիշտ այնպես, ինչպես սիրում էր 2018 թվականի ապրիլին, բայց կան մի խումբ աթոռապաշտներ եւ ծախվածներ, որոնք ուզում են վարչապետի աթոռն իրենից խլել եւ այդ նպատակով ինչ-որ սադրանքներ են կազմակերպում: Կարելի է, ըստ վարչապետի, նրանց հախից գալ բռնաճնշումներով եւ քարոզչությամբ: Նա չի ուզում հավատալ, որ քաղաքացիների ստվար հատվածը իրապես ցասումով, զայրույթով է լցված իր նկատմամբ, եւ այդ զգացմունքները կարող են մեղմվել միայն իր հրաժարականի դեպքում:

Նույն սխալն, ըստ էության, անում են նաեւ ընդդիմադիրները եւ նրանց կողմնակիցներից շատերը: Նրանք կարծում են, որ Փաշինյանի աջակիցներ իրականում գոյություն չունեն, եւ բոլոր այդ մարդիկ կա՛մ պետական ծառայողներ են, կա՛մ կերակրատաշտի մոտ են, կա՛մ էլ ինչ-որ վարձած մարդիկ են: Դա նույնպես սխալ մոտեցում է եւ չի նպաստում պետության առջեւ դրված խնդիրներին, որոնք կարող են լուծվել միայն հասարակական կոնսենսուսի պարագայում:

Ընդդիմադիրները, կարծես թե, տրվեցին վարչապետի՝ «էլիտայի» մասին դատողություններին եւ հիմա պնդում են, թե իրենք (Փաշինյանի հրաժարականը պահանջողները) էլիտա են, ժողովուրդ են, իսկ վարչապետին սատարողները «ժեխ» են: Դա նույնքան սխալ մոտեցում է, եւ, ի դեպ, խորհուրդ կտայի չօգտագործել «ժեխ» բառը որեւէ մեկի հասցեին:

Բնականաբար, երկու կողմում էլ կան նյութապաշտներ, կարիերիստներ կամ պարզապես անպարկեշտ մարդիկ: Բայց դա այն խավն է, որ կա միշտ եւ ամենուր: Իրական բաժանումը, կարծում եմ, հետեւյալն է. նրանք, ում Փաշինյանն այլեւս չի հաջողում խաբել, եւ նրանք, ում վարչապետը դեռ կարողանում է խաբել: Ընդ որում, երկրորդ խմբում կարող են լինել նաեւ մտավոր բարձր ունակություններ ունեցող, կրթված մարդիկ. նախորդ դարի Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ մոլորեցման եւ մանիպուլյացիայի զոհ կարող են լինել նաեւ ինտելեկտուալները:

Իհարկե, մոլորությունը չի կարող հավերժ տեւել՝ վաղ թե ուշ կգա սթափվելու պահը: Բայց, ենթադրում եմ, որ պարտության այն շոկը, որը մենք ապրեցինք նոյեմբերի 10-ին, այնքան խորը եւ այնքան ցնցող չէր, որ մեր քաղաքացիների ա՛յդ մասը կարողանար ուշքի գալ եւ հասկանալ, թե ով էր այդ շոկի եւ պարտության մեղավորը: Այդ մարդիկ առայժմ շարունակում են հավատալ, մասնավորապես, «նախկինների վերադարձի մասին» Փաշինյանի առասպելաբանությանը: Բայց դրանից հարգանքս այդ հավատացողների հանդեպ չի սասանվում՝ կգա ժամանակը (հավանաբար, Փաշինյանի բերած հաջորդ աղետից հետո), եւ նրանք կազատվեն իրենց պատրանքներից:

…Եթե շարունակենք Գերմանիայի հետ զուգահեռը, ապա, այո, այդ երկիրը վերածնվեց 1945 թվականից աղետից հետո եւ դարձավ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը: Բայց կարեւոր «նրբություն». հետպատերազմյան Գերմանիան Հիտլերը չէր ղեկավարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Armen says:

    Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, որ քչերը չեն համաձայնի նոր կառավարության և նոր վարչապետի անհրաժեշտությանը:
    Պարոն Աբրահամյան ինձ և իմ ընկերներին հետաքրքրում են Ձեր տեսակետը՝ համարու՞մ եք ընդունելի ժամանակավոր կառավարություն Վ. Մանուկյանով, թե՞ ունեք Ձեր տարբերակը: Բոլոր դեպքերում այս ոչ անկարևոր հարցում հավանաբար կունենաք կողմնորոշում…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Մի քանի անգամ ասել եմ եւ գրել: Մասնավորապես, Սիվիլնեթին տված հարցազրույցում: Եթե հավես ունենաք, նայեք

        • Հայկ համբարձումեան says:

          Պարոն Աբրահամյան,

          Համաձա՞յն էք, որ վազգէն մանուկյանը ոչ աւազակ է, ոչ ալ ապիկար։ եթէ այո, կայ աւելի լաւ տարբերակ. բոլոր անոնք որոնք փաշինյանի հրաժարականը կը պահանջեն, ձեր ըսած բոլոր չխաբուողները, թող սատարեն վազգէն մանուկյանին, դիմացը ստանալով (գրաւոր) խոստում՝ որ կառավարութիւնը պիտի ընդգրկէ բոլոր ուժերը անբացառ եւ որ պիտի չզբաղուի հաշուեյարդարով, այլ միայն առկայ խնդիրները լուծելով եւ արտայերդ ընտրութիւններով։

          Ձեր տուած “սահմանադրական չէ” պատճառաբանութիւնը դժբախտաբար հայաստանի պէս երկրի մը համար իրաւասու չէ եւ այլ նիւթ է. սահմանադրութեան տառին հարմարուիլը դժուար չէ, իսկ սահմանադրութեան ոգիին համակերպիլը՝ սերունդներ պահանջող դաստիարակութիւն կը պահանջէ։

          Իսկ եթէ համաձայն չէք եւ գանք ձեր առաջարկածին, վերջին տարիներու փաստն է որ իմքայլական խումբը նոյնացուած է վարչապետին հետ։ դուք ինչու՞ եւ ի՞նչ հիմքով կը կարծէք, որ այդ խումբէն որեւէ մէկը այս պահուն յանկարծ պիտի անկախանայ եւ կերպարափոխուի։ իսկական հարցում է, պատասխանը պիտի ուզէի ստանալ։

        • Սարգիս Զեյթունյան says:

          Ես էլ նայեցի: Երկու բան չհասկացա (կարծեմ մեկ անգամ ուղիղ եմ Ձեզ՝ որպես այն ժամանակվա ներքին խոհանոցին քիչ թե շատ ծանոթ մարդ, հարց տվել, բայց չեք պատասխանել). այդ ինչպե՞ս պետք է իրագործվեր տեր-պետրոսյանական խաղաղության ծրագիրը, երբ 1994-ից սկսվեց պետության թուլացումը, և ինքն իրեն շրջապատեց բազեներով ու իրական իշխանությունը հանձնեց իրենց: Պարո՛ն Աբրահամյան, հարցս հռետորական չէ, ազնիվ խոսք: Պատասխանը (հատկապես՝ Ձեր) շատ կարևոր կլիներ երիտասարդների համար:
          Եվ երկրորդը. իսկապե՞ս կարծում եք, որ Ձեր ասած սահմանադրական ճանապարհն ավելի կարևոր է քան օր-օրի արվող զիջումների ու կորուստների դեմն առնելը: Իսկապե՞ս կարծում եք որ Ձեր նշած Արարատ Միրզոյանը կամ Սուրեն Պապիկյանը կունենան բանակցություններ վարելու համար բավականաչափ անկախություն (Նիկոլից) և ունակություն: Սահմանադրական չէ՞ր ճանապարհը, որով ՀՀԿ-ական մեծամասնությունը մեր վզին փաթաթեց այս պատուհասին (2018): Թեև, մեր մեջ ասած, այստեղ էլ Տեր-Պետրոսյանի վաստակը պակաս կշիռ չունի (2008):

  2. Armen says:

    Նայեցի, շնորհակալություն:

  3. Լավատես says:

    Հանուն ազգի այս երկու հակադիր ուժերը պետք է գան համաձայնության, որ հրաժարվում են մասնակցել ապագա ընտրություններին, խնդրեն Նախագահին, որ օր առաջ ձեւավորի երկրի ներսի ժողովրդից ու սփյուռքի ժողովրդից անվերապահ վստահելի մարդկանցից ավագանի, որը ժամանակավոր Կառավարություն կընտրի, ժողովուրդն էլ քանի որ ճակատագրական սխալ ընտրություն ենք ժամանակին իրագործել, գումարած նախկին ընտրակաշառքները, ժամանակավոր Կառավարության ընտրության ողջ պատասխանատվությունը ժողովրդի ուսերից պետք է ժամանակավորապես վերցնել ու դնել Նախագահի ու վստահելի ավագանու ուսերին: Դա իհարկե մեծ ռիսկ է, բայց ժողովրդին վստահել ընտրություն եղած քաղաքական ուժերից շատ հավանական է երկրորդ սխալը կլինի եւ դա ավելի մեծ ռիսկ է եւ կարող է լինել վերջնական: Այսպիսով, ժողովուրդը ինքը պետք է հրաժարվի ընտրություններից ու ստիպի բոլոր քաղաքական ուժերին նույնպես հրաժարվեն քաղաքական ընտրապայքարից ու ամբողջ հայությամբ թիկունք լինենք մեր Նախագահին ու ամենավստահելի ավագանուն, որն էլ կընտրի ժամանակավոր Կառավարություն:

  4. Սարգիս says:

    Պատմությունը կրկնվում է, ու ոչ մի դաս հին դարերից, բացարձակապես ոչ մի.
    Ինչքան էլ կենտրոնական իշխանությունը թույլ, անկարող և ապիկար լինի, չի կարելի այն ավելի թուլացնել ներսից, նախօրդ դարերում տեղերի իշխաններն էին դա անում, այսօր նորաթուխ իշխանիկները՝ քաղաքապետ և գյուղապետ կոչվածները տեղերում. Խայտառակություն, ամոթ, շատ ամոթ մեզ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031