Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույց է տվել «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» ռուսական օրաթերթին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, Արցախյան հարցին ու ՌԴ-ի հետ հարաբերություններին։
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է Թերթ.ամ-ը:
Հայաստանի ընդդիմությունը դեկտեմբերի 22-ին նախատեսում է Երեւանում անցկացնել հերթական հանրահավաքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրությանը աջակցում են զինվորականները. տասից ավելի պաշտոնաթող հայ գեներալներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով վարչապետին հեռանալ: Ընդդիմությունը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Մանուկյանը մեզ ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը։
Վազգեն Մանուկյանը լեգենդար «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիրն է, նա եղել է անկախ Հայաստանի առաջին վարչապետը, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ պաշտպանության նախարար։
Կարդացեք նաև
-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ համաձայնեցիք դառնալ ընդդիմության վարչապետի թեկնածուն։
-Հաշվի առնելով, որ մեր երկրի համար շրջադարձային և ճգնաժամային ժամանակաշրջաններում (Խորհրդային Միության փլուզում, Ղարաբաղյան պատերազմ) ես ղեկավարել եմ պետությունը և բանակը, ու մենք այդ ընթացքում հաջողություններ ենք արձանագրել, ընդդիմությունն ինձ առաջարկեց դառնալ վարչապետի միասնական թեկնածու: Ես հասկանում եմ, որ դա մահապարտի գործ է, բայց չեմ կարող հրաժարվել, քանի որ խոսքը մեր հայրենիքի, ժողովրդի ապագայի մասին է, և ես կարծում եմ, որ շատ բան կարելի է այս ուղղությամբ անել։
-Դուք նշել եք, որ ձեր շարժման նպատակը Հայաստանի քաղաքացիներին պարտության խարանից ազատելն է։ Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել հասարակության պարտվողի սինդրոմը։
-Ես գտնում եմ, որ նախևառաջ պետք է ազատվել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանից, որից հետո ժողովրդին դուրս բերել դեպրեսիվ վիճակից և հույս ներշնչել, որ շատ բան կարող է փոխվել և շատ բան կախված է մեզանից։ Պետք է համախմբել հասարակությունը, լուծել անվտանգության, սոցիալ-տնտեսական և մյուս առաջնային հարցերը և մեր հասարակությանը ներկայացնել այն տեսլականը, որը նորից կվերաիմաստավորի մեր ժողովրդի նպատակներն ու կմղի մեզ առաջ: Շատ կարևոր եմ համարում նաև մեր ժողովրդի բոլոր առողջ ուժերի միավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
-Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանը պետք է հեռանա։
-Արդեն նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է և չի կարող մնալ երկրի ղեկին, քանի որ դա թույլ չի տա մեզ առաջ շարժվել: Եթե որևէ մեկը իր գործը վատ է կատարում, տապալում է իրեն վստահված ոլորտը, նա պետք է հեռանա: Իսկ Փաշինյանը տապալել է ողջ երկիրը: Նա վստահություն չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում: Բացի այդ, այս պարտությունը նաև հետևանք է այն գաղափարական սկզբունքների, որոնք նա իր թիմի հետ միասին ներդրեց մեր հասարակության մեջ՝ պառակտելով մեր ժողովրդին, զրկելով ապագայի տեսլականից:
-Ինչպես երևում է, Փաշինյանն ինքնակամ չի պատրաստվում հեռանալ։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընդդիմությունը։ Ունե՞ք երկարաժամկետ ծրագիր։
-Շատ կարևոր է, որ Փաշինյանի հեռանալը և ժամանակավոր կառավարության ձևավորումն ընթանան լեգիտիմ ճանապարհով: Լեգիտիմը դա Ազգային ժողովի քվեարկությունն է: Այս պայմաններում, երբ ժողովուրդը համախմբված է Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ, կարծում ենք, որ Ազգային ժողովը կընդունի այն որոշումը, որը Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի ուզում ընդունել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: