Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Շահինյան․ «Պետական կառույցները գաղտնի են պահում, թե որ քարտեզով են առաջնորդվում սահմանազատման աշխատանքներում»

Դեկտեմբեր 21,2020 21:15

Ինչ փաստաթղթերի հիման վրա եւ որ քարտեզով են այսօր կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումները, որեւէ հստակ տեղեկատվություն այս մասին չկա։ Գեոդեզիստ-քարտեզագրող, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանի կարծիքով՝ չկան փաստաթղթեր, որոնց հիման վրա կատարվում են սահմանազատումները։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շահինյանը հղում է անում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին եւ ասում՝ պետական սահմանները որոշվում են միջպետական փաստաթղթերով, պայմանագրերով եւ այլ օրենքներով․«Ցավոք, ես համացանցում փնտրեցի եւ չգտա օրենք, որտեղ գրված լիներ ՀՀ սահմաններն ինչպես են որոշում, ըստ այդմ՝ եզրակացրել եմ, որ պետական սահմանը որոշվում է միջպետական համաձայնագրերով։ Այս պահի դրությամբ անգամ չկա մեր պետական մարմինների կողմից, այսպես կոչված՝ ռատիֆիկացիա, որով հաստատված լինի, որ մենք թուրքական սահմանը ԽՍՀՄ փաստաթղթով հաստատում ենք եւ ընդունում ենք որպես ՀՀ սահման։ Բայց գոնե, եթե լավագույն ենթադրությունները, որ անում ենք, մենք հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններն ընդունում ենք այնպիսին, ինչպիսին Խորհրդային միության պետական սահմանն է, ապա հայ-ադրբեջանական եւ հայ-վրացական սահմանները չեն հանդիսացել ԽՍՀՄ պետական սահմաններ եւ ըստ այդմ՝ չկան փաստաթղթեր։ Այս պահին այն մարդիկ, ովքեր նշում են, որ աշխատանքներն իրականացնում են ԽՍՀՄ տարիների քարտեզներով, դրանք կարող են իրականացվել, բայց դրանց տակ իրավական հիմք չեմ տեսնում»։

Իսկ իրավական հիմքն, ըստ պարոն Շահինյանի, միջպետական փաստաթղթերն են, պայմանագրերը, որոնք կարող էին լինել Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Վրաստան կնքված պայմանագրերը, որոնք չկան․«Այդ դեպքում, միջազգային պրակտիկայի համաձայն, երկու պետությունների կողմից կազմվում են դելիմիտացիոն եւ դեմարկացիոն հանձնաժողովներ։ Գործընթացը երկու փուլ ունի՝ դելիմիտացիոն հանձնաժողովներն ուսումնասիրելով արխիվային նյութերը, դիմացինի տեսակետներն ու այլ նկարագրություններ ու քարտեզներ, կազմում են իրենց տեսակետը, թե՝ մեր սահմանն ըստ մեզ ինչպես պետք է անցնի։ Այսինքն, մի հատ քարտեզի վրա սահման են անցկացնում, եւ դա ներկայացնում են որպես պետական դիրքորոշում, հակառակ կողմն էլ նույնն է անում։ Դրանից հետո սկսում են փոխադարձ բանակցությունները, կողմերը ներկայացնում են իրենց տեսակետները, դա 99 տոկոս դեպքերում չի լինում բացարձակ համընկնում, կողմերը տարբեր փաստեր են բերում, մի կողմը մի տեղում է պատրաստ զիջումների գնալ, մյուս կողմն՝ այլ տեղում։ Եւ այն սահմանային հատվածները, որոնք արդեն իսկ համաձայնեցվում են միմյանց հետ, անցնում են դեմարկացիոն փուլի։ Այսինքն, դաշտային պայմաններում ինչ-որ պայմանական նշաններով կամ այլ միավորներով ամրացնում են բնագիծը, որպեսզի բնակիչներն ու սահմանապահներն իմանան, որ այս գծից կամ ցանկապատից այս կողմ իր երկիրն է, այն կողմում՝ հարեւան երկիրը»։

Այն պնդումները, թե սահմանազատումն իրականացվում է այն սահմաններով, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀՀ անկախացումը խորհրդային միությունից, պարոն Շահինյանը մանիպուլյացիա է համարում։

«Տվյալ ձեւակերպումն ինձ համար մանիպուլյատիվ է, որովհետեւ, մենք երբ անդամակցում էինք ՄԱԿ-ին կամ որեւէ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում մենք նրանց հետ չենք փոխանակում քարտեզներ, սահմանների կոորդինատներ։ Այսինքն, որեւէ պետությունում կամ արտասահմանյան կառույցում չկա ՀՀ որեւէ հստակ, ճշգրիտ քարտեզ, որտեղ նշված կլինի այդ պետության սահմաններն ու այդ պետությունը կգրի, որ դիվանագիտական հարաբերություններ եմ հաստատում այս սահմաններով։ Հայտարարել, որ միջազգայնորեն ճանաչած պետության սահմաններ են, դա պրոֆեսիոնալ չէ։ Անգամ ՄԱԿ-ի կայքում ՀՀ սահմանների մասին կարող եք հանդիպել մի փոքր նկարի, դա Հայաստանի, այսպես ասած՝ կոնտուրն է, հստակություն չկա եւ դրա ճշտությունը մի քանի կիլոմետր է։ Ասել՝ դա ՀՀ ճանաչված սահմաններն են, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ»,-ասաց Շահեն Շահինյանը։

Մասնագետի խոսքով․ «Պետք չէ պաշտպանել թշնամու շահը, անկախ նրանից, որ հայտարարում են սահմանները Կապանից անցնում են 50-100 մետրի վրա, պետք չէ դա ընդունել որպես ճշմարտություն՝ մինչեւ մասնագետները չուսումնասիրեն եւ վերջնական մեզ պատասխան չտան»։

Շահեն Շահինյանը դեռ նոյեմբերի 23-ին գրառում էր արել, դիմել վարչապետին, որպեսզի մասնագետների ներառեն սահմանազատման աշխատանքներում։ Պարոն Շահինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հույս ուներ ոլորտի մասնագետներն արդեն իսկ զբաղվում են սահմանազատման աշխատանքներով, բայց հետո, ինչպես ինքն է ասում, տեղեկություններ եղան, որ մասնագետները բացակայում են այդ գործում եւ այն իրականացվում է Ջի-Փի-Էս-ով եւ հենց այդ ժամանակ էլ պաշտոնական առաջարկությունն արեց վարչապետին։ «Վերջին երկու օրերին նկատում եմ, որ իմ ավագ գործընկերներ, ովքեր աշխատում են պետական համակարգում, ներառվել են այդ աշխատանքներում, բայց մասնագիտական նրբությունների դեռեւս որոշակի կարիք ունենք, պետք է մանրամասնվի եւ տեղեկատվություն տրամադրվի հասարակությանը, թե ինչ փաստաթղթի հիման վրա են աշխատում, ինչ քարտեզով է արվում եւ ինչ կոորդինատներով»,-ասաց Շահեն Շահինյանը։

Թե որ քարտեզով է սահմանազատում իրականացվում, պարոն Շահինյանն ասաց, որ այդ փաստը գաղտնի է պահվում, պետական կառույցներից ինքը չի կարողանում տեղեկատվություն ստանալ, թե որ քարտեզով են առաջնորդվում․ «Օրինակ, ես իմ ձեռքի տակ ունեմ 1970-ականների խորհրդային քարտեզ, որը բաց աղբյուրներում կա, եւ ըստ այդ քարտեզի Քարվաճառի լճերը, Կապանին մոտիկ սահմանը ադրբեջանական տարածքներ են նկարված, բայց ես չեմ տեսել նկարագրությունները, չեմ տեսել արխիվային փաստաթղթերը։ Եվ կարեւորը՝ մի բան է, որ նկար ես տեսնում, որը գունավոր, սիրուն սահմանագիծ է, եւ մի բան է, երբ տեսնում ես փաստաթուղթը, որի վրա ՀԽՍՀ ղեկավարների ստորագրություններն ու կնքին է, դա է հիմքը։ Մեր տների, կոլխոզների պատերին կախված քարտեզները իրավական հիմք չեն, եւ չի կարող այդպես սահման լինել։ Ես չեմ բացառում, որ այս պահին մեր իշխանությունները գործում են ինչ-որ ճնշումների ներքո, բայց արժեր դրա մասին խոսել, որպեսզի հանրությունը սատար կանգներ»։

Ըստ պարոն Շահինյանի, իր նշած հանձնաժողովը շուտ պիտի ձեւավորվեր, եւ խորը համոզմունք ունի, որ մասնագետները ուշացումով են միացել աշխատանքներին, եթե ավելի շուտ ներգրավվեին, ապա ավելի շատ օգտակար կլինեին․ «Անգամ եզրակացություն լինի, գոնե առանց այդ հանձնաժողովի փաստաթուղթ չստորագրվի, որովհետեւ այդ պահին իրավական առումով մենք չեն կարող պարտադրել՝ դուք ութսունականների քարտեզով եք անկախացել, ուրեմն սա է ձեր սահմանները, իսկ այն ժամանակ, երբ կստորագրենք այդ փաստաթուղթը եւ կճանաչենք, որ օրինակ ութսունականների սահմանը մենք ընդունում ենք որպես պետական սահման, դրանից հետո մեզ վրա իրավական լծակ կլինի»։

Մասնագետի կարծիքով՝ սահմանները կարող էին մնալ այնպես, ինչպես ամսի 9-ի հայտարարություն է, ամենքն իրենց դիրքերում կանգ առնեին․ «Այսինքն , մենք պետք է մեր տեղում կանգնած սկսեինք գործընթացը։ Պետություններն իրար միջեւ սահմանազատման աշխատանքներ սկսում են ինչ-որ մի փաստաթղթի հիմա վրա, այդ թվում խաղաղության պայմանագրի։ Այսինքն, պետք է լինի փոխադարձ վստահություն երկու պետություններ միջեւ։ Ես չունեմ վերջնական տվյալներ, թե ասենք Կապանի բարձունքները, որ հանձնվեցին հակառակորդին, մե՞ր տարածքներն էին, թե՞ նրանց։ Բաց աղբյուրներում կան տվյալներ, որ հակառակորդի տարածքում է, բայց կարող են լինել արխիվային տվյալներ, որ մեր տարածքում են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031