«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցավ բախումների գնալ, նա դա անելու է, ինչպես տեսանք Եռաբլուրում:
Առուշ Առուշանյանի աջակիցների հետ ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը նկատեց՝ այս երկրում սովորական է դարձել՝ այն մարդիկ, որոնք պետական դավաճանության դեմ են, պետության ներկայիս դավաճանական ղեկավարման թիմը փորձում է ճնշել նրանց: Նա ասաց՝ այդ պատճառով էլ ինքն այստեղ է: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ձերբակալության և նրա հետ կատարվածի մասին Նարեկ Սամսոնյանն ասաց. «Կարծում եմ՝ Առուշ Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական զոհն է, բայց վերջին զոհերից է, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է»:
Նա, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելության մասին, ասաց. «Այսօրվա դեպքը ՀՀ պատմության ընթացքում առաջինն է, որ երկրի ղեկավարը որևէ մարզ այցելելու ժամանակ ունեցել է նման խնդիր: Նրան վռնդել են Սյունիքի մարզից, հետևաբար Առուշ Առուշանյանը և հետո մի քանի այլ մարդիկ, որոնք կլինեն, վերջին զոհերն են այս դավաճան իշխանության»:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գորիս և մյուս համայնքներ չի գնացել բախումներից խուսափելու համար, Նարեկ Սամսոնյանն արձագանքեց. «Եթե նրա մոտ 0,01 տոկոս ինքնասիրություն լիներ, նա չպետք է գնար Եռաբլուր: Եռաբլուրում նրանք կարողացան զոհվածների ծնողներին ծեծելով, հասնել իրենց նպատակին: Սյունիքում չկարողացան, որովհետև այնտեղ այդ ժեխը, այդ ագրեսիվ փոքրամասնությունը չկար. ավելի թասիբով էին: Իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է իբր հիմնավորում գտնել: Նիկոլ Փաշինյանը, եթե ունենա հնարավորություն անգամ տասը տոկոսով բախման գնալու, նա գնալու է»:
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ եթե պետական ապարատն ունի խիղճ այս պետության նկատմամբ, նրանք շատ արագ պետք է ոչ թե Քննչական կոմիտե, այլ ՀՔԾ տանեն Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազի կողմից թուղթը ձեռքերը տանեն դատարան: Նա վստահ է ՝ ՀՀ-ում չի լինի մի դատավոր, որը մեծ սիրով Նիկոլ Փաշինյանի կալանավորման որոշում չտա:
Այն, որ Փաշինյանի կուսակցականները պատրաստ են կոչ անել գնալ ու հաշվեհարդար տեսնել քահանայի հետ, այս առիթով Նարեկ Սամսոնյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հետևողական ոչնչացրել է նաև եկեղեցին, բանակը: Գիտենք փաստեր, որ աղանդավորական տարբեր կազմակերպություններ սատարում են Նիկոլին. Կյանքի խոսք և այլ աղանդների ներկայացուցիչներին էին հրահանգել գնալ երթի: Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական, հակաբանակային է եղել հենց սկզբից»:
Ամփոփելով հիշեցրեց՝ սպառնալիքի ուժի ներքո ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրել է, հետո ինքը կազմակերպել է ընտրություններ բազում խախտումներով. «Նա ստում է. ժողովուրդն իրեն չի տվել ի պահ իշխանություն, այլ խորհրդարանական մեծամասնությանը, որը շատ խելոք գալու և ընտրելու է մեկ այլ քաղաքական գործչի իրեն վարչապետ այնպես, ինչպես ՀՀԿ-ն ընտրեց Նիկոլ Փաշինյանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ