Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առուշանյանն ուղղակի ծիծաղում է սրանց վրա: Առուշանյանը հայի այն տեսակն է, որին պետք է պահել ու պահպանել». Արմեն Մելքոնյան

Դեկտեմբեր 21,2020 19:55

«Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածը ուղղակի օրենքի ուժով հնարավորություն չի տալիս, որ Առուշ Առուշանյանին կալանավորեն: Ինձ տեղեկություններ են հասել, որ դրա համար արհեստական փորձում են ինչ-որ քրեական գործեր միավորել մեկ վարույթում: Չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշ Առուշանյանին նոր մեղադրանք առաջադրվի. արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի խափանման միջոց կալանավորում կատարվի»,- ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Մելքոնյանը:

Նա հայտնեց, որ պատիվ է ունեցել երկու ամսից ավելի Առուշ Առուշանյանի հրամանատարության ներքո հայրենիքի սահմանները պաշտպանել. «Ես իր փաստաբանական թիմի ղեկավարն եմ, բայց ասեմ՝ Առուշանյանն իմ հրամանատարն է եղել, և երկու ամիս նրա հետ խրամատում եմ կռվել: Գիտեմ անձի բյուրեղյա մաքրությունը: Այսօրվա իշխանություններին ուղղակի կոչ եմ անում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք: Այս անարատությունը, մաքրությունը մի պղտորեք»: Այս խոսքերից հետո ՀՀ քննչական կոմիտեի բակում հավաքված քաղաքացիները գոչեցին. «Կեցցե′ Առուշ Առուշանյանը»:

Փաստաբանը վստահեցրեց՝ քաղաքական գործընթաց է ընթանում: Նա հայտնեց, որ այս պահին Առուշ Առուշանյանը քննչական կոմիտեում է: Փաստաբանը հույս ունի՝ մինչև բարձրանա վերև, դատարանը մի խելացի որոշում կայացրած կլինի. քննիչը Առուշ Առուշանյանին ձերբակալումից ազատման որոշում կկայացնի:

Նա տեղեկացրեց՝ մի քանի ժամվա ընթացքում կամ  նիստի ժամ կունենան, կամ վաղն առավոտյան կասեն: Նա ասաց՝ սպասում են դատարանի որոշմանը:

Փաստաբանը վստահ է՝ բոլոր փուչիկ գործերը կպայթեն, և պայթյունի ձայնը բոլորը կլսեն: Նա նաև հայտնեց՝ արդեն բողոքարկել են դատարան. դատարանը 12 ժամվա ընթացքում պետք է քննի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արմեն Մելքոնյանը վստահեցրեց՝ որևէ ապօրինի հավաքի մասին խոսք լինել չի կարող. «Առուշ Առուշանյանը, թեև ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասով, սակայն ըստ փաստաբանական թիմի՝ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ, ապօրինի է»:

Փաստաբանը փաստեց՝ Գորիսի քաղաքապետը չի էլ կարողացել կազմակերպել այդ հավաքը, քանի որ նրան բերման են ենթարկել: Առուշ Առուշանյանի հետ կատարվածի մասին Արմեն Մելքոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Հարցաքննությունն ավարտվել է: Մենք ցուցմունք չենք տվել: Հակիրճ մի քանի բառ ենք ասել: Ասել ենք, որ հավաքն օրինական է եղել և հապճեպ գործողությունների կատարման փոխարեն պարզեք՝ արդյոք օրենքի հիմքերի վրա՞ էր այդ հավաքը, թե՝ ոչ: Առանց իմանալու անձին ձերբակալում են: Այս հոդվածը նախատեսում է 200-300 հազար դրամ տուգանք, մինչև երկու ամիս կալանք: Մինչդեռ Առուշ Առուշանյանն այն անձն է, որն առ այսօր Գորիսում պատերազմի սկզբից 10 հազար, հետո 4000 արցախցիների է իր միջոցների հաշվին օրը երեք անգամ սնունդ տվել, Հայաստան տեղափոխել մեր զինվորների մի քանի հազար դիակներ: Մեր՝ Գորիսը պաշտպանող ջոկատը հիմնականում սնվել է Առուշ Առուշանյանի միջոցներով: Չգիտեմ՝ ինչ են ուզում: Ես սթափության կոչ եմ ուզում անել. հասկացեք՝ ում հանդեպ ինչ եք անում»:

Փաստաբանը նաև հայտնեց, որ այսօր ժամեր շարունակ չեն էլ իմացել, թե որտեղ է Առուշ Առուշանյանը, անգամ հաղորդում են ներկայացրել նրան առևանգման մասին: Այս առիթով մանրամասնեց. «Գորիսի ՀՈԲ աշխատակից ոմն ավագ լեյտենանտը որոշում է կայացրել Գորիսի համայնքապետին ձերբակալել: Այս գործելաոճով չի կարող ուղղակի շարունակվել: Առուշանյանին տնից ապօրինի բերման են ենթարկել առավոտյան 04.30-ին, 06.30-ին ձերբակալվել է և մինչև ժամը 14.00 նրանից տեղեկություն չունեինք: Փորձում էինք ճշտել՝ որտեղ է Առուշանյանը, ապարդյուն, չգիտեինք՝ ինչ կարգավիճակում, որ քրեական գործով, ինչ արարքի համար է նա բերման ենթարկվել: Մեր կողմից հաղորդում է տրվում, որ Առուշանյանին առևանգել են: Անկեղծ մտածում էինք՝ գուցե հայրենիքի պաշտպանության համար գուցե  Առուշանյանը հանձնվել էր Ադրբեջանի իշխանությունների՞ն: Մեզ, վերջապես, պատասխանեցին, որ նա այդ ընթացքում Գորիսից Երևան էր տեղափոխվում»:

Արմեն Մելքոնյանն ասաց՝ ՀՀ հարյուրավոր փաստաբաններ են զանգել իրեն, որոնք ուզում են միանալ Առուշանյանի պաշտպանությանը:

Հարցին՝ ի՞նչ է մտածում կատարվածի մասին Առուշ Առուշանյանը, փաստաբանը պատասխանեց. «Առուշանյանն ուղղակի ծիծաղում է սրանց վրա: Առուշանյանը հայի այն տեսակն է, որին պետք է պահել ու պահպանել: Ասում եմ՝ ինձ համար պատիվ է եղել նրա հրամանատարության ներքո կռվել և հայրենիքը պաշտպանելու: Նա որևէ կուսակցության չի պատկանում, Առուշանյանի կուսակցությունն իր հայրենիքն է: Նա չի ուզում քաղաքականացվել, ուղղակի խելքի գալու կոչ է անում: Կարծում եմ՝ դատարանն այսօր կքննարկի մեր միջնորդությունը և կկայացնի այնպիսի որոշում, որ Առուշանյանն ինքը հնարավորություն կունենա բոլորիդ հարցերին պատասխանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031