Հ․ Թումանյան
Տարբեր ժամանակներ աշխարհում, փիլիսոփաների, լուսավորիչների կողմից առաջանում են զանազան գաղափարախոսություններ՝ ազգային, կրոնական, պահպանողական, սոցիալիստական, կոմունիստական, լիբերա-ազատական, խաղաղասիրական, իրավապաշտպանական,բնապահպանական և այլն։ Դրանցից շատերը, համարվում են համամարդկային արժեքներ, այսպես ասած վերազգային ։ Այո, համարվում են, բայց ցանկացած ազգի ներկայացուցիչ, պահպանում է առաջին հերթին իր ազգային դիմագիծը, բայց նաև ընդունում համամարդկային որևէ գաղափարախոսություն։ Օրինակ, եվրոպական ցանկացած երկրի քաղաքացին, դավանելով սոցիալիզմ, կամ լիբերալիզմ, հարգելով մարդու իրավունքները, այնուամենայնիվ առաջին հերթին պաշտպանում է իր պետության, ազգի շահերը, երբ հարց է առաջանում․ պետությու՞ն, թե՞ իր դավանած գաղափարախոսությունը։
Ճանաչում եմ շատ ռուսաստանցի իրավապաշտպանների, ովքեր պայքարում են Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար, նրանց մեծ մասը դեմ են և խստորեն քննադատում են երկրի նախագահին։ Բայց, օրինակ, երկու տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, բոլորը երկրպագում էին իրենց հավաքականին։
Վերջին տասնամյակներում, մոդայիկ էր, այսպես կոչված խաղաղասիրական շարժումը։ Հայաստանցի հասարակական գործիչները՝ լրագրողներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ, իրենց թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ կազմակերպվում էին բազմաթիվ սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ։ Մի քանի նման քննարկումների ես էլ եմ հրավիրված եղել։ Բոլոր ադրբեջանցի և թուրք գործիչները կողմ են եղել խաղաղության, նույնիսկ փոխզիջումների․․․բայց միայն Արցախը Ադրբեջանի կազմում և ընդամենը մշակութային ինքնավարություն։
Կարդացեք նաև
Մերն, իսկապես ուրիշ է։ Դեռևս 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին տարածված սոցիալիստական-կոմունիստական հոսանքը տարածվեց նաև Հայաստանում։Ի տարբերություն ադրբեջանցի բոլշևիկների, ովքեր պայքարում էին Արցախն Ադրբեջանի կազմում լինելու համար, շատ հայ բոլշևիկների համար բնավ կարևոր չէր Հայաստանի լինել , չլինելը, Արցախը Հայաստանի կազմում լինելը նույնպես․ « Շուտով կհաղթի համաշխարհային սոցիալիստական հեղափոխությունը, սահմաններ չեն լինի և բոլորովին կարևոր չի, թե Արցախը Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում է»։Նույնը, վերը նկարագրած հայ, թուրք, ադրբեջանցի խաղաղասերների քննարկումներում, հայ գործիչներից շատ-շատերը կողմ էին միակողմանի զիջումներին, ընդհուպ Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն, հանուն խաղաղության։ Երբեմն բոլշևիկների նմանությամբ, բայց գաղափարական այլ ուղղությամբ առաջարկում․ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դառնան ԵՄ անդամ պետություններ, սահմանները թափանցիկ կլինեն և արդեն կարևոր չի լինի, թե Արցախը որ երկրի կազմում կլինի»։Ադրբեջանցի գործընկերները համաձայնվում էին, բայց պայմանով, որ այն լինի Ադրբեջանի կազմում։ Հայ առաջադեմ գործիչները, չընդունելով, ավելի ճիշտ ատելով իշխանություններին, տխրում էին, օրինակ շախմատի հավաքականի հաջողություններով և հրճվում հայ մարզիկների ձախողումներով․չէ՞ որ Հայաստանում չկար ժողովրդավարություն։ Նրանց համար, այսպես կոչված միջազգայնորեն սահմանված օրենքները, սահմանները սուրբ գրքեր են, բայց և ընդունում են, օրինակ․․․ Կոսովոյի անկախությունը։ Այսօր էլ, նվաստացուցիչ պարտությունից հետո, ուղղակի, կամ անուղղակի պաշտպանում են պարտության հեղինակին, հղում անելով ժողովրդավարական, ազատ, արդար , էլ չգիտեմ ինչ ընտրություններ։ Նրանց համար ավելի նախընտրելի է, որ կործանվի Հայաստանը, բայց հանկարծ չխաթարվի իրենց պատկերացրած ժողովրդավարությունը։
Այսպիսով, եթե ֆրանսիացի, ռուս, թուրք և այլ ազգերի որևէ ներկայացուցիչ, գաղափարապես սոցիալիստ է, կոմունիստ, լիբերալ, իրավապաշտպան,թե խաղաղասեր․բայց և առաջին հերթին ֆրանսիացի է, ռուս, թուրք։ Հայերս, սոցիալիստ ենք, կոմունիստ, իրավապաշտպան, լիբերալ, խաղաղասեր, նոր գուցե և հայ։
Երիցս ճիշտ էր մեծն Թումանյանը․
Միտքս պարզեմ։
Գաղափարները մեծ բաներ են։ Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մարսվի։
Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ՝ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
Զինվորագրվել են…
1918թ․
Ավետիք Իշխանյան