Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք Եռաբլուրը, այսօր, ցավոք, կիսեցինք թուրքերի հետ». Հռիփսիմե Առաքելյան

Դեկտեմբեր 21,2020 17:38

«Ինչպե՞ս գրավել Եռաբլուրը»,- Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսպես է անվանում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների այցը Եռաբլուր:

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում, Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ իր գիտակցական միտքն այլեւս չի ընկալում եւ հրաժարվում է ինչ որ բան վերլուծել ու փորձել հասկանալ`«այդ մարդն ի՞նչ էր ուզում ասել դրանով»:

«Դա միակ վայրն էր, որը դեռ չէին պղծել, որոշեցին դա էլ պղծել: Այդ միակ մարդը, այդ տղան (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.), որոշել է անցնել ամեն ինչի վրայով, տրորել բոլոր սրբությունները, գաղափարները, ազգային բոլոր համակարգերը ոտնատակ տալ»,- ասաց բանախոսը` հավելելով. «Պսեւդո պատերազմի արդյունքում զավակ կորցրած ծնողն ասում է`թույլ չեմ տալիս գաս իմ երեխայի շիրիմին. ի՞նչ բարոյականության հետ գործ ունենք այս դեպքում, երբ ծնողը ասում է`մի արի, ինքն ասում է`չէ, պիտի գամ: Ճակատամարտը ժողովրդի հետ, որդեկորույս մոր հետ… չգիտեմ, աշխարհի որեւէ երկրում այսպիսի դրսեւորման ինչ-որ մեկը հանդիպե՞լ է»: Իր 20 տարվա լրագրողական կյանքում Հռիփսիմե Առաքելյանը ոչ Հայաստանում, ոչ աշխարհում չի հանդիպել:

Ի դեպ, մամուլում հրապարակումներ եղան, որ դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների մեջ նաեւ ադրբեջանցի է եղել: Հռիփսիմե Առաքելյանն ասում է. «ԱԱԾ-ն եթե դեռ գործում է՝ այդ կառույցը ինչ-որ կեպ հետաքրքրվե՞ց, փորձե՞ց հասկանալ, թե ո՞վ էր ադրբեջանական սլենգով ռուսերեն խոսող տղան եւ ինչպե՞ս էր հայտնվել այդտեղ: Այսինքն, մենք Եռաբլուրը, այսօր ցավոք, կիսեցինք թուրքերի հետ. այսպես ստացվեց»: Բանախոսի կարծիքով, մեր տղաների կյանքը «ղուրբան տվեցինք» եւ պայմանավորվածությունների արդյունքում «երիտհայերի եւ երիտթուրքերի միջամտությամբ»`ականատեսը դարձանք, թե Եռաբլուր սրբավայրը ինչպես «կիսեցինք թուրքերի հետ»: Սա նա սոսկալի է համարում:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նկատեց`արվեստագետ Վահրամ Սահակյանը հայտարարել էր, որ Նոր տարուց առաջ իր վերջին ֆիլմն է ցուցադրելու, որտեղ կհիշատակվեն`հայ, հայերեն, Հայաստան բառերը, դրանից հետո չի հիշատակելու այդ ժողովրդին, քանի որ ոչ մի հարազատության զգացում, սպասելիքներ, հետաքրքրություն կամ որեւէ այլ զգացմունք չունի այս ժողովրդի նկատմամբ, քանի որ չի դիմացել Եռաբլուրի պղծությանը: Հռիփսիմե Առաքելյանը համամիտ է. «2,5 տարի չենք կարողանում կեղծ օրակարգից դուրս գալ: Այն, որ իրենք այդ բարոյականության մեջ են, միանշանակ է, բայց այս ամենն իրականացնող կառույցները կարողացան գտնել բարոյազուրկ այս «աբիժնիկներին», որոնց միջոցով իրականացրեցին սա»:

Նա ժամանակին լսել էր, որ ԱԺ եւ ավագանու ցուցակները կազմելիս իշխող ուժի ներկայացուցիչները հարցազրույցների ժամանակ հարցազրույցի գնացածի հետ խոսել են`արդյոք մանկությունից եկած բարդույթներ ունեցե՞լ են, իրենց բակում ծեծե՞լ են, թե՞ ոչ, ինչպիսի՞ վիրավորանքներ են կրում հոգու խորքում եւ ընտրել են այս մարդկանց: Ժամանակին ինքը չի հավատացել այդ լուրերին, հիմա հավատում է. «Փաստ է, որ երկրի վարչապետի պաշտոնը գրկած մարդու մոտ մանկությունից եկած բազում բարդույթներ կան, այդ բարդույթների վրեժը նա որոշեց լուծել հայ ժողովրդից, հայոց պետականությունից առաջին հերթին`Արցախից: Ինձ հետաքրքիր է`ի՞նչ պիտի անի հետո: Այդ մարդիկ որոշել են այս ամենը անել` հետո վայելե՞լ կյանքը: Բայց այդ կյանքը պիտի ապրել, չէ՞, որ հետո վայելել»: Ինքը չի կիսում կարծիքը, թե շատերը շատ բան արել ու մարսել են, սա էլ են մարսելու: Հավատացած է «սատանիստական բարոյականությունը, հակաքրիստոսությունը, որի կրողն են իրենք» ունենում է իր վերջը:

Ի դեպ Հռիփսիմե Առաքելյանը վստահ է, որ հինգ միլիարդի պատմությունը համապատասխանում է իրականությանը:

Ասուլիսի ընթացքում, օգտատերերից մեկը ակումբավարին ֆեյսբուքյան նամակով տեղեկացրեց, որ այսօր Սյունիքում, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր զոհվածների գերեզմաններին, զինվորի գերեզմանի վրա լացող կնոջը տարել են Երեւանից: Օգտատերը նրան ճանաչել է, իր հարեւանն է` ոչ ամուսնացած է, ոչ էլ երեխա ունի:

«Ֆեյք պետություն, ֆեյք տեղեկատվական դաշտ, մշակված տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում մենք կորցրեցինք մեր սուվերենությունը, Արցախը, կորցնում ենք պետությունը»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը` հավելելով, որ աղանդների սկզբունքով գործող «քաղաքական» ուղեղների լվացման գործընթաց է եւ միջինից ցածր վիճակագրական քաղաքացու ուղեղի վրա նստվածք են տալիս «թալան», «լափել» եւ համանման բառերով PR-ը: «Այս մարդուն օր առաջ պետք իզոլացնել: Նա սելջուկական արշավանք է կազմակերպել մեր երկրի, հայրենիքի, բարոյականության նկատմամբ եւ որոշել է ասպատակել ամեն ինչ`ինչ կընկնի ոտքի տակ, իր լվացած ուղեղների թիմով»,- ասաց բանախոսը` հավելելով, որ առհասարակ չի հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել գնալ Սյունիք, եթե սյունեցիները փակել են ճանապարհը, որ չգնա. «Ինքը գնացել է ո՞ւմ հետ հանդիպի, ո՞ւմ աչքերի մեջ պիտի նայի, եթե քաղաքապետին բերման է ենթարկել, հավանաբար քրեական գործ էլ կհարուցվի: Տեսանյութերն է նայեցի` Երեւանից տարված իր համախոհն ասում է`վարչապետ ջան, արագաչափի տակով անցա, ակտ են գրել, կարո՞ղ ես ջնջել, նա էլ պատասխանում է`բա դրա համար եմ եկել»:

Հռիփսիմե Առաքելյանը անդրադարձավ նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի գրառմանը, որ մենք 26 տարի տիրել էինք ադրբեջանցիների տարածքներին: Անդրադառնալով հետագայում ջնջված այդ գրառմանը`Հռիփսիմե Առաքելյաննը հիշեցնում է. «Նա մեկն է, որը բոլոր ժամանակների իշխանություններից կարողանում էր իր փայ փողը պոկել»: Հիշեցնում է, թե Սերժ Սարգսյանը` նախագահ եղած ժամանակ, երբ հրատարակիչների հետ էր հանդիպել, Արմեն Մարտիրոսյանը ինչպես էր փառաբանել նրա, «մի երկու կոպեկի համար» եւ հանուն «պետական լավագույն պարգեւներ ստանալու համար» ու հավելում, որ եթե Արմեն Մարտիրոսյանը գրագետ մարդ է պիտի որ իմանար թե ի՞նչ խնդիր լուծելու համար Սովետական միությունը ստեղծեց Ադրբեջանը: Հռիփսիմե Առաքելյանը կոչ է անում`բոյկոտել եւ «Անտարես» հրատարակչությունից գրքեր չգնել:

Նա նաեւ կոչ արեց բոլորին`միանալ բոլոր այն բողոքի ցույցերին, որոնք կլինեն Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին իշխանությունից հեռացնելու համար եւ «կանխել ցեղասպանությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031