Ռուս խաղաղապահները մինչ այժմ Լեռնային Ղարաբաղում որևէ լուրջ միջադեպ թույլ չեն տվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նոյեմբերի 10-ից, համաձայն եռակողմ պայմանավորվածությունների, ռուս զինվորական զորախումբը հաջողությամբ իրականացնում է… գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ամենակարճ ժամկետներում ռուսական զորքերի խմբավորումները տեղակայվել են նախանշված վայրերում և անցել առաջադրանքների կատարմանը 23 հսկիչ կետերում: Այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ չի թույլատրվել»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ բաց է քաղաքացիական տրանսպորտների տեղաշարժը Լաչինի միջանցքով, անվտանգությունը պահպանվում է: Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ իրականացվել է ռազմագերիների փոխանակություն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի աճյունների փոխանակություն:
«Խաղաղ բնակչությունը լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում է բնակության վայրեր, վերականգնում են իրենց տները… Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 42 հազար փախստականների վերադարձ: Իրականացվում է Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծում: Ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 6000 պայթյունավտանգ առարկա»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Նա նաև տեղեկացրել է, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման համար կառուցվել է ժամանակակից 2 մոդուլային հավաքովի ավան՝ նախատեսված 330 մարդու համար:
«Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը կկառուցվի 32 ավան: Արդյունքում խաղաղապահ զորախմբի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ»,- ասել է Շոյգուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ