«Այսօր Ադրբեջանին են հանձնվում ՀՀ ինքնիշխան տարածքի կոնկրետ էական և ռազմավարական նշանակության դիրքեր: Այս պահին դա ընթանում է Սյունիքի մարզում, անխուսափելիորեն հաջորդ փուլում այն հասնելու է Գեղարքունիքի մարզ, հաջորդը կլինի Տավուշի մարզում, ապա նաև Նախիջևանի հատվածում կոնկրետ հատվածներ»,- «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» ընդլայնված կազմով արտակարգ նիստում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
Նրա փաստմամբ՝ Ադրբեջանին են հանձնվում Երևանը Սյունիքին կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի առանձին կարևոր հատվածներ ու ահազանգեց. «Ադրբեջանի կողմից ցանկության առկայության պարագայում արագ կկտրվի կապը Երևանի և Սյունիքի միջև: Ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ զինված ուժերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ գտնվում էին ստորագրման պահին, մինչդեռ Սյունիքի սահմանային շրջանների մասին խոսք չկար: Առկա էր դրույթ, որտեղ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանները պետք է հստակեցվեին բանակցությունների միջոցով: Այս պահին բանակցություններ չեն ընթանում գոնե հրապարակային: Չկա ձևավորված որևէ միջգերատեսչական հանձնաժողով, որով հնարավոր կլինի հստակեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջպետական սահմանը: ՀՀ-ի ռազմաքաղաքական իշխանությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր գործողություններն Ադրբեջանի համար շահեկան վիճակում Ադրբեջանի և Հայաստանի սահմանը գծելու համար: Որևէ դիմադրություն չկա ՀՀ իշխանությունների կողմից»:
Արթուր Ղազինյանը հիշեցրեց՝ իրենց կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով պետական դավաճանության հիմքով: Պատասխան է ստացվել քրեական գործի հարուցման մասին, բայց ոչ պետական դավաճանության, այլ մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով: Այս առիթով Արթուր Ղազինյանը մանրամասնեց. «Ես հրավիրվեցի որպես վկա ՀՔԾ ցուցմունք տալու արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում: Որպես վկա ներգրավումը պատճառ դարձավ քրեական գործով հանրային մեծ ուշադրության և մասնագիտական պատասխանատվության դատախազի մասնակցությամբ, տեղի ունեցավ առաջընթաց: Առիթ ունեցա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր խմբի կողմից կատարված առանցքային տվյալների վերաբերյալ ցուցմունք: Ես նշեցի ու պնդեցի, որպեսզի մեր կողմից ներկայացված պետական դավաճանության մասին հանցագործության հաղորդման հիմք ընդունվի և հարուցվի քրեական գործ պետական դավաճանության հիմքով և հարուցված քրեական գործը միացվի հարուցվելիք քրեական գործին, որը պահանջում ենք»:
Այնուհետև Արթուր Ղազինյանը ներկայացրեց պետական դավաճանության մի շարք հիմքեր, որոնք նրա կարծիքով՝ պետք է անպայման պարզի վարույթն իրականացնող մարմինը: Արթուր Ղազինյանը մասնավորապես նշեց. «Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնել հայանպաստ առաջարկը մերժելուց առաջ ո՞ր իրավապահ մարմինների հետ է քննարկել, տեղյա՞կ է եղել Օնիկ Գասպարյանն այս առաջարկի մասին, ի՞նչ պայմաններում և ի՞նչ պատճառով է մերժվել ՌԴ նախագահի առաջարկը վարչապետի կողմից: Հարկ է պարզել՝ որքան տարածքային և մարդկային կորուստ է եղել հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժամանակահատվածում և ի՞նչ շարժառիթներով է մերժվել Վլադիմիր Պուտինի առաջարկը»:
Կարդացեք նաև
Հիշեցրեց Մովսես Հակոբյանի հայտարարությունները, թե 2018-ին փոխվել է ՀՀ ՊՆ կողմից նախօրոք հաստատված ռազմական գնումների պլանը և Սու-եր, ժամկետանց զինատեսակներ են գնվել, որոնք չենք էլ օգտագործվել ռազմական ագրեսիան հետ մղելու ընթացքում: Ըստ Արթուր Ղազինյանի՝ տեղի է ունեցել պլանավորված տապալում ՀՀ և Արցախի ՀՕՊ համակարգն արդիականացնելու ռազմավարական պլանի շրջանակներում: Լուծարվել են մարտական ստորաբաժանումներ: Ըստ նրա՝ «Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի՝ ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը, ձեռնարկվե՞լ են արդյոք ՀՀ և ԱՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից բոլոր քայլերը Շուշիի պաշտպանության կազմակերպման համար: Պաշտպանության կազմակերպմանը մասնակցե՞լ են արդյոք ՀՀ-ի և ԱՀ-ի զինված ուժերի ստորաբաժանումները Շուշիի պաշտպանությանը, արդյոք հնարավո՞ր էր խուսափել Ադրբեջանի դրոշի օրը՝ հայկական խայտառակության օրը Շուշին առանց մարտերի հանձնելուց: Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի նաև ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական իշխանություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկել մարտեր մղող կամավորականներին անվտանգ դուրս բերելու համար»:
Արթուր Ղազինյանը նշեց՝ երեք ժամվա հեռավորությամբ Շուշիից գտնվել են ԱՀ և ՀՀ զինված ստորաբաժանումները, որոնք չեն ներգրավվել Շուշիի պաշտպանությանը, մեծ հարց է նաև այն, թե ինչպե՞ս ադրբեջանական զինյալները կարողացան հասնել Շուշիի մերձակայք :
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ