Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հնագետն ու կինն ամուսնացան Աղթամարի սուրբ Խաչում` ազգային տարազով

Դեկտեմբեր 21,2020 15:53

Այսօր հայկական հարսանիքները մոդեռն ձեւաչափեր են ընդունել, օտար մշակույթներից դետալներ ներմուծել, բայց քիչ չեն զույգերը, որոնք նախընտրում են ամուսնանալ հայկական տարազով եւ ազգային ծեսով:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը մեկն է այն հայորդիներից, որ իրականացրեց երազանքն ու ամուսնացավ Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում: «Դեռեւս մանուկ հասակից իմ երազանքն է եղել, որ ամուսնանամ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում եւ հայկական տարազով: Աղթամար կղզին, վանքը եւ հայկական տարազն ինձ համար ազգային ինքնության կարեւորագույն խորհրդանիշներ են:

Երբ առաջին անգամ տեսա Աղթամար կղզու նկարը, սիրահարվեցի կղզուն եւ վանքին, փափագեցի, որ իմ հարսանիքն Աստծո օրհնությամբ տեղի ունենա Աղթամարում: Այդ ժամանակ հանդիպում էի ապագա կնոջս հետ: Երբ նրան հայտնեցի այդ մասին, նա եւս շատ հավանեց այդ գաղափարը: Նոյեմբեր ամիսն էր, ասացի, որ պետք է գնանք Աղթամար, ինչին նա մեծ ուրախությամբ արձագանքեց»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Միքայել Բադալյանը:

Նա նշեց, որ շատ դժվարին ժամանակներ էին՝ 2016 թվականն էր, տարածաշրջանում Վանից հարավ եւ Արարատի շրջանում բախումներ էին տեղի ունենում քրդերի եւ թուրքերի միջեւ, եւ շատերը խորհուրդ էին տալիս չգնալ, սակայն իրենք որոշել էին` անկախ ամեն ինչից գնալ:

«Աստծո օրհնությամբ մեր պսակադրությունը նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ հայկական տարազով; Դա մի աննկարագրելի զգացողություն էր, երբ հայ քահանան քեզ պսակադրում է Սուրբ Խաչ վանքում: Այդ օրը կարծես Աստված հենց մեզ համար ստեղծած լիներ` կղզում խաղաղություն էր տիրում, եղանակն էլ պարզ ու արեւոտ էր, կարծես Աստծո օրհնությունը լիներ:

Մենք պսակվեցինք, հետո մեր հարսանիքը նշեցինք Վանում: Այժմ էլ փափագում ենք, որ մեր դստեր մկրտությունը եւս Վանի ավազանի եկեղեցիներից մեկում անենք, քանի որ նրա անունը մենք դրել ենք ի պատիվ Մենուա թագավորի կնոջ` Թարիրիա թագուհու, որին Մենուա թագավորը Վանի ավազանում, Վանա լճի ափին խաղողի այգիներ է նվիրել եւ այդ մասին սեպագիր է թողել: Մենք փափագում ենք նաեւ Թարիրիայի մկրտությունը մեր հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում, Վանի ավազանում կատարել»,-նշեց պարոն Բադալյանը:

Խնդրեցինք հայկական ամուսնությունների վերաբերյալ հիշատակություններին էլ անդրադառնալ: «Ինքս հնագույն շրջանի մասնագետ եմ, կարող եմ խոսել միայն հնագույն շրջանից: Գիտենք, որ մեր Հայասա պետության եւ Խեթական տերության միջեւ կան ամուսնության տեքստեր: Դա իմ ժամանակաշրջանը չէ, բայց ինչ վերաբերվում է Ուրարտուի՝ Արարատյան թագավորության ժամանակաշրջանին, նույնիսկ հարսանիքի պատկերում ունեն ուրարտական գոտիներից մեկի վրա: Սկսվում է հարսանիքը, տնից դուրս են գալիս՝ երաժիշտներով եւ ինչպես հիմա՝ հարսանիքով մի տնից մյուս տունն են գնում: Կա նաեւ պատկեր, թե ինչպես են պատրաստում հարսնացուի մահիճը, ինչպես են քողը պահում հարսնացուի գլխին: Ունենք մի գոտի, որտեղ, ըստ երևույթին, պատկերված է, թե ինչպես են կառքով տանում հարսնացուի օժիտը: Սա ուրարտական պատկերագրության մեջ հստակորեն ֆիքսված է:

Հարսանիքներից պետք է անպայման նշել Արտաշեսի եւ Սաթենիկի հարսանիքը, որի մասին մեր պատմահայր Մովսես Խորենացին մանրամասն վկայում է»,-ասաց հնագետը:

Միքայել Բադալյանին խնդրեցինք՝ որպես մասնագետ մեկնաբանել, թե հնից ի՞նչ է պահպանվել այսօրվա հարսանիքներում, կա՞ն պահպանված ինչ-ինչ դետալներ: «Այսօրվա հարսանիքները շատ են արդիականացվում, ինչն, իհարկե, ժամանակի մարտահրավերն է, բայց միեւնույն ժամանակ մեր ենթագիտակցության մեջ, շատերը նաեւ գիտակցաբար պահպանում են հին ավանդույթները: Այսօրվա մեր վարքագիծը շատ հաճախ հնի վերարտադրումն է այդ ձեւով»,-նշեց մեր զրուցակիցը:

Մի քանի օրինակ բերեց. «Օրինակ` շատերը երդվելիս ասում են՝ հորս արեւ, մորս արեւ, ինչ-որ մեկի արեւ…Ենթագիտակցաբար մենք, այսպիսով` վերարտադրում ենք արեւի պաշտամունքը: Արեւը ընկալվում է որպես արդարության ամենատես սիմվոլ, նաեւ արդարությունը խախտողին պատժող սիմվոլ, մենք այսօր ենթագիտակցաբար դա կրկնում ենք: Ուրարտական մի գոտու վրա կա հարսանիքի պատկերում` նույն տնից որ դուրս են գալիս եւ գնում են մյուս տուն, փեսայի տնից` հարսի տուն եւ այլն, նույն քեֆը, երաժշտությունը, ամեն ինչ այնտեղ կա: Ի դեպ, եզմորթեքի արարողությունը, եթե չեմ սխալվում ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը  համեմատում էր տորթ կտրելու արարողության հետ»,- նշեց մասնագետը:

Վերարտադրողության մասին խոսելիս նաեւ հավելեց. «Երբ մի բան է լինում, ասում ենք գրողը տանի, կամ գնա գրողի ծոցը: Մեր բանահյուսության մեջ, հավատալիքներում կար մի կերպար, որի անունն էր գրող: Երբ մարդը մահանում էր, նրան գրանցում էր իր դավթարում, նոր մեկ աշխարհից մյուս աշխարհ էր ճանապարհվում: Այդ Գրողը հաճախ նույնանում է Գաբրիել հրեշտակապետի հետ: Նույն էլ ռուսերենում է, երբ ասում են иди к черту կամ черт побери, դա գալիս է ռուսերեն գրել-գծագրել բառից: Այնպես որ, շատ հաճախ մեր այսօրվա վարքը մեր նախնիների վարքի վերարտադրությունն է այլ կերպով: Իսկ մենք կկարողանա՞նք դա արժանի ձեւով անել, արդեն կախված է մեզանից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Միքայել Բադալյանի լուսանկարները` իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031