«Այս ուղղությամբ աշխատանքն արվում է բավականին երկար ժամանակ, բայց առաջին անգամ է, որ արդյունք ունենք, որովհետեւ բազմաթիվ բարդություններ կան այս գործում»,- Սյունիք աշխատանքային այցի ժամանակ այսօր Սիսիանում իրեն դիմավորած քաղաքացիներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում փրկված վեց զինվորների գտնվելու եւ վերադարձի փաստին:
«Տասնյակ անգամ ես այս հարցը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, խաղաղապահների հրամանատարների հետ, որոնք էլ իրենց հերթին քննարկել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ծնողներն անգամ մտածում էին, որ մենք ասում ենք, թե աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց բան չենք անում: Իրականում նրանք իրավունք ունեին այդպես մտածելու, որովհետեւ արդյունք չկար: Իրենք իրավունք ունեն մեզ մեղադրելու, երեկվա դեպքը հրաշքի էր նման»,-նշեց Փաշինյանը:
Նա հավելեց. «Շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին, որ այդ ջանքն ի վերջո գործադրվեց, որովհետեւ ամենամեծ բարդությունն այն է, որ տարածքը մեծ է: Չգիտենք, թե մեր տղերքը որտեղ են, որ մտնեն՝ այդտեղից դուրս բերեն: Տարածքները շատ մեծ են: Եղել է, որ բարձրախոսով ռուսերեն, հայերեն հայտարարել են, որ հրադադար է, դուրս եկեք, բայց արձագանք չի եղել, որովհետեւ գուցե չեն վստահել, որովհետեւ հայերեն խոսելը դեռ չի նշանակում…ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն խոսել, ռուսերեն՝ առավել եւս: Հետո մտածեցինք, որ իրենց ծանոթ մարդ հայտարարություն անի: Երեկ վերջապես արդյունք տվեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին, որ այդ հրաշքը լինի: Տղաները հյուծված են, բայց նրանց հաշմանդամություն չի սպառնում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ