«Կան բացահայտ սխալներ Շուշիի դեպքում, բայց կան նաեւ դավաճանական դրվագներ, ընդհուպ մինչեւ խոշոր գումարի մասով հակառակորդի հետ պայմանավորվելու խնդիր: Առնվազն երկու մարդու նկատմամբ ես տեսնում եմ դավաճանական լուրջ հիմքեր: Առաջինը եւ հիմնականը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա մեղադրում է Փաշինյանին, որ ձեռքի տակ զենք է ունեցել ու չի օգտագործել. «Խոսքը մասնավորապես մեր միջուկային թափոնների մասին է, որը մի ժամում կարող էր կանգնեցնել ադրբեջանա-թուրքական բանակի առաջընթացը: Չի արել: Ասվել է իրեն այդ մասին: Չգիտեմ ինչի չի արվել…Երբ որ ես սեպտեմբերի 28-ին Ղարաբաղում էի, Ղարաբաղի ղեկավարությունը նստած՝ գիշերը ես ասել եմ՝ ունեք մի խնդիր, հեռացրեք Նիկոլ Փաշինյանին, մենք այստեղ չունենք ադրբեջանական բանակի խնդիր: Նրանք արդեն զգացել էին, թե ինչ են անում ԱԹՍ-ները: Կարող են վկայել, որ ես դա ասել եմ Ղարաբաղի ամբողջ ղեկավարության ներսում: Նրանք ասել են՝ այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, հակառակորդը շարունակի գրոհը, այս կրակը, որ թափում է երկնքից, շատ հստակ ունենք պաշտպանության ծրագիր: Վերջապես մենք ունենք մի բան, որ հակառակորդը չունի: Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանի դավաճանության հոդվածը կապված է նաեւ նրա հետ, որ ինքը հյուսիսը պահում է, հարավում կարծես պայմանավորվածություն ուներ՝ հարավով կգան, սիրուն կմտնեն Շուշի, այնտեղ կկանգնեն: Հարավում անընդհատ ասել է նահանջեք, ընդ որում, շատ հախուռն է կազմակերպել այդ նահանջը. Մի զորամաս մտել է մի զորամասի թիկունքը՝ ստեղծելով խուճապ: Մեր ունեցած նախնական տեղեկություններով, Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց իր որդու հետ, շտապում էր Երեւան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ: Այդպիսի արտահայտություններ եղել են նաեւ գործող կենդանի հրամանատարների կողմից»:
Հրանտ Բագրատյանը, որպես «Փաշինյանի դավաճանական ծրագրի» ապացույց, տեսնում է հետեւյալը. «Երբ որ Ռուսաստանը Նիկոլին վերջին անգամ հոկտեմբերի 19-ին ասում է՝ Շուշին, բան ձերն է, կիսում ենք ինչ գրավել՝ գրավել են, Փաշինյանը չի համաձայնում այսինքն, իրենք՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին, քննարկում էին հարցը, բայց ես ենթադրում եմ, որ Փաշինյանը ունեցել է Ալիեւի հետ կապ եւ պայմանավորվածություն՝ Շուշին հանձնելու վերաբերյալ: Եղե՞լ է դրա համար փոխհատուցում, կաշառք՝ դա արդեն նախաքննական մարմինների խնդիր է: Տարօրինակ է, որ ասեն՝ պահիր քեզ քաղաքը, ինքն ասի՝ չէ, վերցրու: Պուտինն ասել է Շուշին պահր քեզ, բա չասա՞ց՝ Շուշին դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր»:
Երկրորդ մարդը, որին Բագրատյանը մեղադրում է դավաճանության մեջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է. «Այդ մարդուց ամեն բան սպասելի է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ