Ավելի քան 20 երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են տրանսպորտային հաղորդակցությունը Բրիտանիայի հետ այնտեղ կորոնավիրուսի նոր՝ առավել վարակիչ տեսակի հայտնաբերումից հետո:
Մուտացիան հայտնաբերվել էր դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունից հայտնում էին, որ նոր SARS-CoV-2-ը տարածվում է սովորականից արագ և տարածված է Լոնդոնում: Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել էր, որ այդ տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան դրա նախնական տեսակը:
Մեծ Բրիտանիայի հետ օդային հաղորդակցությունը մինչև հունվարի 1-ը դադարեցնելու մասին առաջինը հայտարարել էին Նիդերլանդների իշխանությունները, հետո Բրիտանիայի հետ սահմանը փակեց Բելգիան: Փակվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը Լոնդոնի և Բրյուսելի, ինչպես նաև Լոնդոնի և Ամստերդամի միջև:
Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել են Իտալիան, Գերմանիան, Բուլղարիան, Իռլանդիան, Լիտվան, Լատվիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Դանիան:
Կարդացեք նաև
Ֆրանսիան 48 ժամով դադարեցրել է ամեն տեսակի տրանսպորտային հաղորդակցությունը Բրիտանիայի հետ: Շվեդիան արգելել է մարդկանց մուտքն այդ երկրից, Հունաստանը նրանց համար 7-օրյա մեկուսացում է սահմանել, Կիպրոսը՝ երկօրյա, Իսպանիան ուժեղացրել է հսկողությունը Բրիտանիայից ժամանողների նկատմամբ:
Բացի Եվրամիության երկրներից՝ Բրիտանիայի հետ օդային հաղորդակցության սահմանափակումների են գնացել նաև Թուրքիա, Շվեյցարիան, Կանադան, Իսրայելը և Արգենտինան: Սաուդյան Արաբիան մեկ շաբաթով ամբողջությամբ փակել է իր սահմանները և չեղարկել բոլոր միջազգային չվերթները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ