Ստեփանակերտի հետ քույր քաղաք հանդիսացող Ֆրանսիական Վալանս 🇫🇷 քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման մասին բանաձև»։
Բանաձևում նշված է՝
🔸Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ համայնքների բնակիչներին, և որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զորհերի պատճառ են հանդիսացել՝ տեղահանման դատապարտելով հազարավոր արցախցիների,
🔸Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կասետային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը և այլն),
Կարդացեք նաև
🔸Հաշվի առնելով 1994 թ. հրադադարի համաձայնագրից ի վեր և, մասնավորապես, ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրել են նրա խիստ չեզոք դերին,
🔸Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հայերը 1988 թ.-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի Կանոնադրության մեջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որն հաստատվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով,
🔸Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավել սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում,
🔸Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային իրավունքով ընդունված Պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին և պետք է հանգեցնեն նրան, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ,
❗Վալանսի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ
▪ Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։
▪ Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Հայաստանի և Արցախի իշխանություններին և ներգրավվի Եվրոպային և միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում:
Արցախի Արտաքին գործերի նախարարություն