Սյունիք աշխատանքային այցի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում հերոսացած զինվորների հիշատակին:
Փաշինյանին մոտեցավ որդեկորույս ծնող, հուզվելով ասաց, որ որդին զոհվել է հրադադարից հետո: Փաշինյանը ցավակցեց, ապա հայրը նրա ականջին ինչ-որ բան ասաց ցածրաձայն:
«Մեր հայ ազգի վարչապետ, մենք ձեզ սիրում ենք»,-ասացին երկու կին՝ տեսնելով մոտեցող Նիկոլ Փաշինյանին:
«Շնորհակալ եմ, գոնե դուք այցելեցիք շիրիմներին: Որեւէ մեկը չեկավ դուռս ծեծի, ասի՝ ցավակցում եմ, տիկին Լուսինե: Հանրակացարանի ամենածայրահեղ պայմաններում եմ ապրում: Գային, տեսնեիք, թե ինչ զինվորներ տվեցինք հանուն բոլորի, հանուն Հայաստանի: Մի՞թե մենք այդքան անտեսված, լքված ենք, պարոն Փաշինյան»,-ասաց որդու գերեզմանի մոտ գտնվող մայրը՝ գրկելով Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք նաև
Մեկ այլ գերեզմանի մոտ ծնողների հետ մի աղջնակ էր կանգնած: Փաշինյանը մոտեցավ նրան, ապա դիմեց իր հետ գտնվող անձանցից մեկին. «Վահե, կարո՞ղ է՝ կոնֆետ ունենաս»: «Հեսա կկազմակերպենք»,-հնչեց պատասխանը:
«Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Ես՝ որդեկորույս մայրս, հպարտանում եմ ձեզանով»,-ասաց աղջնակի մայրը, որի որդիներից մեկն էր զոհվել, ապա ծնկի իջավ Նիկոլ Փաշինյանի առաջ, նա էլ վեր բարձրացրեց կնոջը՝ «վա՜յ, չէ»…: «Մենք հպարտ ենք, որ նման մարդ ունենք»,-ասաց կինը: Մայրը հավելեց, որ վեց երեխա ունի, Նիկոլ Փաշինյանն էլ համբուրեց նրա ձեռքը:
Արդեն քաղաքում երկու տատիկ օրհնեցին Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով «ժողովրդի փրկիչ»: «Մենք գիտենք, թե որը որից հետո է, մենք քո կողքին ենք»,-ասացին նրանք:
«Փաշինյան՝ վարչապետ»,-պատուհանից բղավեց մի տղամարդ:
«Մեր աստված, մեռնեմ ջանիդ»,-փարվելով Փաշինյանին՝ ասաց մի կին: «Մի ասեք նման բաներ»,-պատասխանեց վարչապետը:
Մեկ այլ վայրում հավաքված բնակիչները նրան ծափերով դիմավորեցին: Փաշինյանը ձեռքով արեց՝ հասկացնելով, որ պետք չէ ծափահարել, սգո օր է: Մարդիկ, սակայն, սուլեցին ու վանկարկեցին՝ «Նիկոլ, վարչապետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ