Լրահոս
Օրվա լրահոսը

Սառնակունքում վարչապետին տեսախցիկների ակտերը խնդրեցին ներել, մեկն էլ բղավում էր՝ «այդքան երեխա մեռավ, զինվորից խոսի»

Դեկտեմբեր 21,2020 12:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի առաջին կանգառն այսօր Սառնակունք գյուղում էր, որտեղ բնակիչներից մեկը անվտանգության հարցեր էր բարձրաձայնում: Նա խոսում էր անվտանգության աշխատակիցներով շրջապատված վարչապետի հետ, երբ մի տղամարդ քիչ այնկողմ գոռաց. «Այդքան երեխա մեռավ, շա՞տ լավ եք, արա…ամոթ է: Եկել՝ եսիմ ինչ հարց եք քննարկում: Զինվորից խոսի»: Նիկոլ Փաշինյանը մի պահ հայացքը թեքեց բղավողի կողմը, ապա շարունակեց լսել Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ քաղաքացու մտահոգությունը: Վարչապետը նշեց. «Այնպես է ստացվել, որ ճանապարհը սահմանի պռնկով է անցնում: Հիմա մեր սահմանապահներն են տեղակայվում: Ճանապարհը պարեկելու են նաեւ ռուս սահմանապահները եւ ապահովելու են, որ անցանելի լինի եւ անվտանգ: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի անվտանգությունն ապահովվի, որպեսզի այս ամենի շուրջ նոր կոնֆլիկտ չբորբոքվի: Մինչեւ իրավիճակի կայունանալը կլինեն առանձին դեպքեր, միջադեպեր, որոնք հետագա աշխատանքի ընթացքում կկարգավորվեն: Մենք ամեն դեպքից խուճապի չպետք է մատնվենք»:

Քաղաքացին մտահոգվեց, որ GPS-ով հնարավոր չէ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրիտ զատում իրականացնել: Փաշինյանը նշեց. «Դա մի քանի անգամ է արվում եւ տարբեր ձեւերով: Հավաստիացնում եմ, որ այս առումով որեւէ խնդիր չկա, իսկապես»:

Ապա նա սգո բաժակ բարձրացրեց զոհվածների հիշատակի համար. «Հետցնցումային իրավիճակը կայունացնելու համար ամեն ինչ պետք է անենք, նաեւ՝ գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու համար»:

Այնուհետեւ մի տղամարդ ասաց. «Եթե հրաժարական տաք, ուրեմն դուք մեզ կդավաճանեք»: Փաշինյանին շրջապատած բնակիչներն ասացին, որ իրենք էլ են այդպես մտածում:

Մի տղամարդ էլ ասաց, որ պատերազմից վերադառնալուց հետո այցելել են Եռաբլուր՝ զոհված ընկերոջ շիրիմին, ապա վերադարձել Սյունիք. «Վերադարձին շոկի մեջ, չգիտակցելով, թե ինչ է կատարվում մեր հետ, բոլոր տեսախցիկներով անխտիր նկարվել ենք՝ Երեւանից մինչեւ Սիսիան: Նամակներն արդեն եկել են, մեծ գումարներ են կազմում, մի քանի մեքենա է եղել: Դիտավորյալ չենք արել: Դիմել ենք ոստիկանություն, ասել, որ գոնե ժամանակ տան: Որեւէ արձագանք չեղավ: Ակտերի վերջին օրն է վաղը»: Փաշինյանն արձագանքեց. «Իմ այցը նաեւ նպատակ ունի, որ ձեզանից լսեմ առկա հարցերը: Կլուծենք»:

Մեկ այլ տղամարդ էլ բարձրաձայնեց. «Մենք անասնակերը սահմանային հատվածից էինք հայթայթում, որը հիմա թշնամու կրակի տակ է. «Հնարավո՞ր է սուբսիդավորել, որ մարդիկ մշակովի բազմամյա բույսեր ցանեն: Առաջին տարում գոնե պետք է օգնել գյուղացուն»: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց, որ նման ծրագրեր գործում են, եւ հիմա փորձում են դրանք ավելի արդյունավետ դարձնել. «Գյուղացիներին խնդրելու ենք, որպեսզի անասուններին ոչ թե արոտ տանեն, այլ պահեն գոմում, որպեսզի նման վտանգ չլինի: Իսկ բազմամյա մշակաբույսերի առումով մոտս կնշեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031