Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի մանեւրումն ու թուրք-ադրբեջանական տանդեմին տրված «էստի համեցեքը»

Դեկտեմբեր 21,2020 15:00

Եթե Պուտինը հոգու խորքում ցանկանում էր, որ պաշտոնական Երեւանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ էր ՌԴ-ն Լավրովի պլան պարտադրում հայկական կողմին ընդունել

Այնպես է ստացվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցները հիմա Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից ավելի կարեւոր են դարձել ու ավելի մանրազնին քննարկվում են, քան ՀՀ իշխանությունների խոսքն ու գործողությունները:

Անցյալ շաբաթ Պուտինը մեծ ավանդական ասուլիս անցկացրեց, որի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմյան իրավիճակին:

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի կարգավիճակին՝ դարձյալ նկատելով, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ միջազգային նորմերի համաձայն, Արցախը Ադրբեջանի տարածքն է։ «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, եւ այս առումով, հաշվի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածքն է», – ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը կրկին շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում։

Սկսենք նրանից, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Պուտինն անդրադառնար հարցին, թե ինչպես է որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, երբ պաշտոնական Բաքուն՝ Ալիեւի մակարդակով հայտարարում է, որ «լուծել է ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով», «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին», իսկ պաշտոնական Անկարան շարունակում է աջակցել «եղբայրական Ադրբեջանին»:

Պուտինը, մեղմ ասած՝ անկեղծ չէ, երբ նշելով, թե՝ «նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», իբր փորձում է մեղադրել պաշտոնական Երեւանին, կամ՝ արդարացնել, օրինակ Ռուսաստանին, որը ստանձնել է խաղաղասիրական առաքելություն Լեռնային Ղարաբաղում:

Ո՞րն է եղել Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարիներին… Այն տարբերվե՞լ է այլ երկրների դիրքորոշումից: Ո՛չ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահներն օրինակ` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին, պարբերաբար կրկնում էին, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այլ հարց, որ մինչեւ 2018թ. Հայաստանում իշխանափոխությունը պաշտոնական Երեւանին հաջողվել էր ինքնորոշման իրավունքը դարձնել նույնքան կարեւոր, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն իրապես օրակարգային հարց էր դարձել, իսկական գլխացավանք Ալիեւի համար, ու դա բացարձակապես դուր չէր գալիս Թուրքիային ու Ադրբեջանին: Հենց այդ պատճառով էր նրանց դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ավելի ու ավելի սաստիկ ու ցցուն դառնում:

Ինչպիսին կլիներ Ռուսաստանի դիրքորոշումը, եթե բանակցային գործընթացի շարունակման պայմաններում Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը: Դա անմիջապես ռազմական գործողությունների նոր առիթ կդառնար, դա պարզ է բոլորի համար:

Եթե Պուտինն այդքան մտահոգվել է, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՌԴ-ն կարող է լրացնել այդ բացը՝ այն, ինչ հիմա մնացել է Արցախից՝ ճանաչելով, որից հետո Հայաստանի կողմից ճանաչումը միանգամայն արդարացված կլինի:

Կամ, եթե ընդունենք՝ այսօր պաշտոնական Երեւանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր կդառնա՞ երկրորդ պետությունը Հայաստանից հետո, որը նույնպես կճանաչի Արցախը…

Բացի այդ՝ եթե Պուտինը հոգու խորքում ցանկանում էր, որ պաշտոնական Երեւանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ էր մի քանի տարի Լավրովի պլան պարտադրում հայկական կողմին ընդունել: Իսկ արդեն պատերազմից հետո նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ինչու՞ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որեւէ ակնարկ չկա, չէ՞ որ հրադադարի մասին հայտարարության մեջ ոչ ավել, ոչ պակաս ներառվեցին տարածքների վերադարձի, բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման կետեր, ուրեմն ի՞նչն էր խանգարում, որ որեւէ նշում լիներ նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պահանջի վերաբերյալ:

Այնպես որ, Պուտինի կողմից շարունակ պաշտոնական Երեւանի վրա ԼՂ-ն չճանաչելու մեղքը բարդելը սկսում է նմանվել ինքնաարդարացման փորձերի: Հայաստանի որեւէ իշխանություն, եթե վստահ լիներ, որ Ռուսաստանը Հայաստանից հետո կճանաչի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ վստահաբար, կճանաչեր:

Ի դեպ, Պուտինը նույն ասուլիսում ներկայացրեց Մոսկվայի դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը տարիներ շարունակ անփոփոխ էր․ յոթ շրջանները պետք վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագայի համար՝ ֆիքսելով ստատուս քվոն։ Իհարկե՝ ապահովելով Ղարաբաղի կապը Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով»։

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։ Ադրբեջանը, Պուտինի խոսքով, պետք է համաձայն լինի, որ Ռուսաստանն ավելացնի խաղաղապահների թիվը։

Պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանն, ըստ էության, գործընկերներ չունի, իսկ ՀՀ իշխանություններն ընկալվում են որպես պարտված կողմ՝ իսկապես, ՌԴ ռազմավարական դաշնակցի հետ պետք է քննարկել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի անվտանգության պահպանման նոր հրամայականները:

Ռուսական կողմի ուշադրությունը տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմում է, ու Պուտինն էլ իր հերթին շեշտեց, որ հրադադարից հետո հաջորդ փուլը, ըստ համաձայնագրի, պետք է լինեն տրանսպորտային եւ ենթակառուցվածքային հարցերը․ «Սա վերաբերում է Նախիջեւանին եւ Հայաստանի հյուսիսին եւ հարավին»։ Ուշագրավ էր Պուտինի խոսքում «Հայաստանի հյուսիս եւ հարավ», ձեւակերպումը: Ըստ ամենայնի՝ մեզ նոր «անակնկալներ» են սպասվում նաեւ Հայաստանի հյուսիսի առնչությամբ:

Դե իսկ այն, որ Թուրքիայի նախագահի մասին խոսելիս Պուտինն ասաց, թե Էրդողանը «իսկական տղամարդ է, իր խոսքի տեր է եւ շատ համառ է Թուրքիայի շահերը առաջ տանելու հարցում», այստեղ ՌԴ նախագահը լիովին անկեղծ է: Չնայած տարբեր հարցերում պահպանվող տարաձայնություններին՝ Պուտինի ու Էրդողանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Որքան էլ ռուսական փորձագիտական շրջանակները այսօրվա Թուրքիայից վտանգ են տեսնում եւ քննադատում են ՌԴ իշխանությունների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, այնուամենայնիվ, Պուտինի դրական վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ՝ ակնհայտ է:

Այստեղ առավել կարեւոր է թե Հայաստան պետությունն իրեն ինչպես է դրսեւորելու: Ամեն ինչ թողնում ենք Ռուսաստանի որոշելու մակարդակո՞ւմ, Հայաստանը խաղի մե՞ջ է, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմի արդյունքներից ոգեւորված նոր խաղի պայմաններ է թելադրելու Հայաստանին: Թե ինչու է GPS-ի քարտեզագրման գործընթացը հասել մինչեւ Կապանի օդանավակայանի մատույցներ, մեր խնդիրն է, եւ մեր պահանջները իշխանությանը պետք է ներկայացնենք: Այսօրվա իշխանություններն այնքան թույլ են թվում, որ տպավորություն է ստեղծվում, որ այդ պահվածքը թուրք-ադրբեջանական տանդեմին «էստի համեցեք» է ազդարարում:

Որքան էլ հետպատերազմական վիճակում մենք դժգոհենք այս կամ այն երեւույթից՝ «ինչո՞ւ Ռուսաստանն այսպես վարվեց», «ինչո՞ւ Պուտինը այսպես չասաց», ՌԴ-ն իր շահն ունի, որը պարտադիր չէ, որ Հայաստանի շահի հետ համահունչ լինի: Ռուսաստանը չի կարող լուծել ցանկացած խնդիր, որը պարտավոր ենք լուծել մենք, դա Պուտինի խնդիրը չէ: Ռուսաստանի խնդիրը տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելն էր՝ այդ նպատակն իրագործված է, որն էլ բացարձակ արեւմուտքի սրտով չէ: Օրերս ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը հստակ նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա պատասխանել էր ադրբեջանցի լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում դիմակայի ռուսական ազդեցությանը: «Ակնհայտորեն դա մարտահրավեր է բոլոր ներգրավված կողմերի եւ պետությունների համար: Այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում մարդասիրական իրավիճակի վրա, ինչի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն», ասել էր Քուփերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում խաղաղության բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Պետք է նկատի ունենալ, որ ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելու ծրագիրը կարող է ժամանակի ընթացքում ավելի արտահայտիչ դառնալ, եւ չպետք է մոռանալ, որ այդպիսի ընթացքի առաջին շահառուն Էրդողանն է լինելու՝ չնայած այն հանգամանքին, որ Պուտինը նրան «իսկական տղամարդ» է համարում: Նշանակում է, ինչ-որ պահից Էրդողանը կարող է դառնալ արեւմտյան ուժերի գործընկերն այդ հարցում՝ չնայած Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության արեւմուտքից հնչող կոչերին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031