Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ կամ ի՞նչը մեզ հասցրեց բարոյազրկման այն վտանգավոր սանդղակին, որից այն կողմ քաղաքացիական պատերազմն է. Գեւորգ Բրուտենց

Դեկտեմբեր 21,2020 12:08

Հասարակության բարոյազրկումը

Acnis.am. Հայ հասարակությունը դեռ մինչեւ վերջ չի հաղթահարել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի սանձազերծած պատերազմի պարտության ցնցակաթվածը: Ժողովրդի մի ստվար հատված համոզված է, որ Արցախի պաշտպանության բանակն իր ամենաուժգին հարվածը ստացել է ոչ թե արտաքին թշնամուց, այլ սեփական բանակի ներքին խոցերի` ի դեմս անկազմակերպվածության, մարտավարական վրիպումների եւ, որ ամենացավալին է, հակապետական վարքագծի դրսեւորումների: Ըստ էության՝ տեղի են ունեցել դավաճանական գործողություններ, ինչի մասին արդեն կան մի շարք պատերազմական բացահայտումներ, փաստեր, անգամ ձայնագրություններ: Սրանցով է հիմնականում պայմանավորված բարոյահոգեբանական այն ճգնաժամը, որը հետպատերազմական Հայաստանում գնալով խորանում է` սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, քաղաքական եւ այլ ոլորտների ճգնաժամերին համընթաց:

Ինչո՞ւ փոքրիշատե ամուր եւ կայացած մեր հասարակությունը վերջին երկու-երեք տարում սկսեց թուլանալ ու տրոհվել: Որո՞նք են այն գործոնները, որ հանգեցրին անբարենպաստ հանրային մթնոլորտի, անառողջ հարաբերությունների հաստատմանը եւ իրականության խեղաթյուրված ընկալումների առաջացմանը: Ինչպե՞ս վերագտնել հանրությունն առողջացնելու, բարոյահոգեբանական դեգրադացումը հաղթահարելու ճանապարհը: Չէ՞ որ մեր հասարակությունը երբեք այսպիսին չի եղել: Ուրեմն ո՞վ կամ ի՞նչը մեզ հասցրեց բարոյազրկման այն վտանգավոր սանդղակին, որից այն կողմ քաղաքացիական պատերազմն է, եւ որը մեր ոխերիմ հարեւանների ուզածն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել օրակարգային այս հարցերի շուրջ մեր դիտարկումները:

Բարոյահոգեբանական առկա ճգնաժամին նախորդել էր հասարակության հետընթացի բավական երկար մի շրջան, որի ընթացքում հայկական միջավայր էին ներմուծվում ազգային ավանդույթներին խորթ բարքեր, հայեցի դաստիարակությանն ու մշակույթին, մտածողությանն ու կրոնին, պատմությանն ու լեզվին հակոտնյա արժեքներ: Այսօրինակ երեւույթների ակունքներում կանգնած էին «Բաց հասարակության հիմնադրամների» դրամաշնորհներից տարիներ ի վեր «սնված» եւ օտարի պատվեր կատարող անձինք, որոնց թիվը թե´ ԱԺ-ում, թե´ «թավշյա» կառավարությունում այսօր էլ մեծ է: Թուրք մասնագետների հետ համատեղ «Հայոց լեզվի», «Հայ ժողովրդի պատմության», «Հայ գրականության» եւ հայագիտական այլ դասընթացների առարկայական չափորոշիչների սահմանման խայտառակությանը, ԱԺ-ում Լանզարոտեի ու Ստամբուլյան ապազգային կոնվենցիաների ընդունմանը քանիցս անդրադարձել ենք` քննադատելով մեր հոգեւոր եւ ազգային սրբությունները, մեր զարգացման ուղենիշները դարավոր թշնամու բարեհաճությանն ու դատին հանձնելու պարզամտությունը:

Այդպիսով` հասարակության բարոյալքման նախադրյալները դրվեցին` սկսած 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում: Այդ շրջանում էր, որ հանրության մեջ ձեւավորվեցին քաղաքական առասպելներ` «հերոսի» ու «հակահերոսի» կերպարների հակադրման սկզբունքով: Այնուհետեւ առասպելների բովանդակությունն ընդլայնվեց` ներառելով հակադրությունների նոր տարրապատկեր` «ներկաներ-նախկիններ», «սպիտակներ-սեւեր», «մենք-նրանք», «հեղափոխականներ-հակահեղափոխականներ», «արցախցի-հայաստանցի» եւ այլն: Այդ հակադրություններն էին, որ ներսից հետզհետե պառակտեցին հասարակությունը, սերմանեցին փոխադարձ ատելություն ու թշնամանք` այդ թվում հայկական երկու պետությունների հանրությունների հարաբերություններում: Իհարկե, հասարակության մեջ նախկինում եւս կային տարբեր կարգի հակասություններ ու հակադրություններ, բայց մարդատյացության այնպիսի գաղջ մթնոլորտ, ինչպիսին վերջին երկուսուկես տարում կա, երբեք չի եղել:

«Հերոսի» ու «հակահերոսի» առասպելից, բնականաբար, ածանցվում էին մի շարք այլ հոռի երեւույթներ` փարիսեցիություն, հատվածական մտածողություն, քծնանք, ստորաքարշություն եւ այլն, որոնք ներթափանցում էին ոչ միայն հասարակության շերտերը, այլեւ բուն իշխանական շրջանակները: Այդ առումով ուշագրավ է ԱԺ 2019թ. փետրվարի 12-ի նիստում Կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետի հանդեպ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հիացմունքի պոռթկումը, երբ նա ասել է. «Պարոն վարչապետ, ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի ու այնքան հեռու է գնում` կախված ձեր գործունեությունից, որ եթե անգամ դուք բերեիք Կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն, թե «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»: Իշխող քաղաքական ուժի ներսում առկա գործնական կապերի ու փոխառնչությունների ձեւախեղվածության մասին ավելի անկեղծ խոստովանություն չէր կարող լինել:

Իմքայլական մեկ այլ պատգամավորուհի էլ վերջերս հայտարարեց, որ իրենց թիմը լավ օրերին միասնական է եղել, հիմա` երբ դժվար օրեր են, նույնպես միմյանց չեն կարող լքել: «Սա նշանակում է, որ իրենց մոտ ներխմբակային բարոյականության խնդիր է դրված, ինչը կրիմինալ ենթամշակույթի մտածողություն է»,- այսպիսին է իրավիճակին քաղաքագետ Ստեփան Դանիելյանի տված գնահատականը: Ըստ քաղաքագետի, նրանց համար փաստորեն ներթիմային պատասխանատվությունն ավելի բարձր է, քան այն խոստումներն ու երդումը, որ տվել էին ժողովրդին: Ի դեպ` այն ժողովրդին, որի անունը շարունակ շահարկում են: Այդպես է նույնիսկ հիմա, երբ ժողովուրդը վարչապետի հրաժարականի պահանջ է դնում ամոթալի կապիտուլյացիայի համար: Փաշինյանը պնդում է, որ չի կարող «ժողովրդի իշխանությունը» փոխանցել «փողոցով անցնող» ինչ-որ խմբերի: Կարծես` անձամբ իրեն ու իր թիմին «փողոցը» չբերեց իշխանության: Թե ինքը իր ստեղծած առասպելի «հերոսի» մարմնավորո՞ւմն է:

«Հերոսի» անձին մինչեւ ուղնուծուծը նվիրված մարդկանց եւ մոլի հեղափոխականների վարքագծի հոգեբանական վերլուծությունը հետաքրքիր արդյունք է արձանագրել` վերջիններիս հատուկ է հոգեբանական մի վիճակ, որը կոչվում է կոնֆլյուենսիա: Սա հոգեբանական երեւույթ է, որին բնորոշ է իրականության աղճատված ընկալումը: Կոնֆլյուենսիայի մեջ գտնվող անձը այլակարծություն չի հանդուրժում, նախահարձակ է այլ տեսակետ ունեցողի նկատմամբ: Այլակարծությունը նրա կողմից ընկալվում է իբրեւ դավաճանությանը համազոր հասկացություն: Իշխանության եկած նոր ընտրախավը հազարավոր մարդկանց վարքագծում արմատավորած հոգեբանական այդ երեւույթը լայնորեն օգտագործեց` համացանցային հարթակում ստեղծելով «ֆեյքային» խոշոր ֆաբրիկաներ` բնականաբար վճարովի հիմունքներով, որոնք միաժամանակ դարձան նրա աջակիցների պատրանքային մեծամասնության շտեմարանը: Իրականում դա հասարակության մեջ ատելություն գեներացնող մի բուրգ էր եւ է´, որը կարող է հեշտությամբ փլուզվել մեկ մարդու հեռացմամբ: Նրա, ով ստեղծեց այդ բուրգը եւ այժմ ապրում է իր հյուսած առասպելների վիրտուալ աշխարհում:

Այդպիսի առասպելներից ամենաարդիականն ու գործածականը «ժողովուրդ» բառի շահարկումն է` «ժողովրդի իշխանություն», «ժողովրդի կամք», «ինչպես ժողովուրդը կորոշի», «ժողովրդի պահանջով» եւ այլն: Օրինակ` երբ Նիկոլ Փաշինյանն ասում է` «Ես հրաժարական կտամ, եթե լինի ժողովրդի կամարտահայտությունը», նա նկատի ունի ոչ թե իրական ժողովրդին, ով հրապարակները հեղեղած` պահանջում է «դավաճան վարչապետի» հրաժարականը, այլ իր աճեցրած «ֆեյքային» զանգվածին, որը փողի դիմաց ատելություն, թույն ու հայհոյանք է սփռում աջ ու ահյակ` բոլոր նրանց հասցեին, ովքեր կփորձեն մի «թթու» խոսք ասել կամ բացասական տեսակետ հայտնել վարչապետի մասին: Եվ որքան մեծ է տարածած թույնի չափաբաժինը, այնքան բարձր է «աշխատանքի» վարձատրությունը: Ֆեյքերի ու նրանց «աշխատանքը» համակարգող տականքների համար սրբություն, խիղճ, ամոթ չկան: Օրեր առաջ նրանցից մեկն առաջարկում էր ձերբակալել զոհվածների մայրերին, «որպեսզի փողոցներում չղժժան»:

Նիկոլը նրանց Աստվածն է, նրանց Արեգակը, հանուն որի պատրաստ են ցանկացած զոհողության: Ամենավերջին փողոցային բառապաշարով կարող են անվանարկել ոչ միայն շարքային քաղաքացուն, այլեւ Ամենայն Հայոց կաթողիկոսին, Ազգային հերոսին, պետությանը վիթխարի ծառայություններ մատուցած գործչին, աշխարհահռչակ գիտնականին կամ արվեստագետին: Ամենացավալին այն է, որ շատ հաճախ գտնվում են «ֆեյքերի» գրառումներին հավանություն տվող ֆեյսբուքյան օգտատերեր, երբեմն անգամ հանրությանը շատ թե քիչ հայտնի դեմքեր` իրենց քաղաքագետ-վերլուծաբան կամ ոլորտի խորագիտակ հորջորջող անհայրենիքներ: Համոզված կարելի է պնդել, որ իրավիճակը կայունանալուն պես իրավապահ մարմինները կզբաղվեն բոլոր նրանցով, ովքեր հանուն փողի, պաշտոնի կամ պաշտոնի ակնկալիքի սատարել են Հայրենիքի մի մասը թշնամուն հանձնած, երկուսուկես տարի հասարակությանը «լո-լո»-ներով կերակրած, երկրի զարգացումը տասնյակ տարիներով ետ գցած, հայրենադավության եւ խոշոր կաշառառության մեջ կասկածվող պաշտոնատար անձին:

Այն ամենը, ինչ «թավշյա» հայտարարված, բայց իրականում «սորոսական» համարվող իշխանություններն իրագործեցին 2018-ից այս կողմ, չէր կարող անհետեւանք անցնել: Իսկ հետեւանքը ոչ միայն պատերազմում կրած խայտառակ պարտությունն է` մինչ օրս շարունակվող բացասական հետեւանքներով, այլեւ հասարակության բարոյազրկումը, նրա բարոյահոգեբանական ճգնաժամը, որից դուրս գալու համար մեծ ջանքեր ու երկար տարիներ կպահանջվեն: Բայց սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա Կառավարությունը հրաժանական տան: Հետպատերազմական Հայաստանում անիշխանությունը գնալով խորանում է՝ ամեն օր ու ժամ աղետալի լուրեր բերելով սահմանից: Փաշինյանը, սակայն, չի հեռանում` նրան խանգարում են սնափառությունը գոռոզամտությունը եւ, միգուցե, հանրորեն անհայտ էլի ինչ-որ հանգամանքներ:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031