Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վաղ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Առուշ Առուշանյանը իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն էր կատարել.
«Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ երկուշաբթի, մտադիր է այցելել Սյունիք:
Ըստ ֆեյսբուքում հայտնված տարբեր տեսանյութերի՝ Սյունիքի մարզ է ուղեւորվում մոտ 2000 ոստիկանից բաղկացած խումբ՝ կառավարության մուտքը մարզ ապահովելու համար: