Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվերսանտները հանցագործներ են. նրանց հանձնելը քաղաքական որոշում էր»

Դեկտեմբեր 21,2020 14:00

Գերիների փոխանակման գործընթացն օրերս տեղի ունեցավ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որը նոր չէ, որ պնդում էր Բաքուն՝ նպատակ ունենալով ստանալ Քարվաճառի երկու հայտնի դիվերսանտներին: Օրերս փոխանակվեցին եւ վերադարձվեցին ոչ միայն այս պատերազմում գերեվարվածների մի մասը, այլեւ մինչեւ պատերազմն Ադրբեջանում հայտնված եւ ազատազրկված ՀՀ քաղաքացիները:

Ադրբեջանին վերադարձվեցին նաեւ 2014թ.-ին Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովն ու 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիեւը: Այս երկուսը, որոնց վերադարձին մշտապես ձգտել է Բաքուն, եւ որոնք չունեին ռազմագերու կարգավիճակ, ըստ դատավճռի՝ իրականացրել են լրտեսություն, կրել ապօրինի զենք-զինամթերք, կատարել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որի չեզոքացման ժամանակ հայկական կողմից մեկ սպա էր զոհվել, մեկ կին էլ՝ վիրավորվել: Բացի այդ, համաձայն դատավճռի՝ նրանք առեւանգել եւ սպանել էին անչափահաս Սմբատ Ցականյանին:

Միջազգային եւ սահմանադրական իրավունքի փորձագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն «Առավոտ»-ի հետ զրույցում շեշտում է՝ այդ դիվերսանտները հանցագործներ են. «Դա քաղաքական որոշում է եղել՝ նրանց փոխարինել մեր գերիների հետ: Եթե ուզում եք իմանալ՝ այդ քայլն իրավաչա՞փ էր թե ոչ, ապա այդ հարցը քաղաքական մակարդակով պետք է վերլուծել: Բնականաբար, հանցագործներին ներելը տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց քանի որ հնարավորություն կա մեր տղաներին բերելու, եւ դրա գինը դիվերսանտներին հանձնելն էր, դա արդեն քաղաքական որոշման արդյունք էր»: Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այս իրավիճակում հանրային ընկալումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել հետեւյալ հարցը՝ ի՞նչ գին ենք վճարում մեր գերիներին վերադարձնելու համար. «Միջազգային իրավունքով, բնականաբար, նրանք գերի չէին, որ փոխանակվեին գերիների հետ, նրանք հանցագործներ են, որոնց փոխանակեցին գերիների հետ: Սրանք տարբեր երեւույթներ են»:

Հիշեցնենք, որ երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինս Ադրբեջանում հերոսացվեց: Տարոն Սիմոնյանի բնորոշմամբ՝ այս երկու հանցագործներին էլ նույն՝ գովեստի ճանապարհով կտանեն: «Մենք դիմել ենք համապատասխան գործընթացների, համաձայն որոնց՝ հակահայկական քաղաքականության վարումը ներկայացնում ենք որպես հայատյացություն, միջազգային իրավական գործիքների ակնհայտ ոտնահարում: Ադրբեջանը վավերացրել է խտրականության բոլոր ձեւերի վերացման վերաբերյալ կոնվենցիան: Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ինքնին խախտում է այդ կոնվենցիայի: Գործընթացը սկսված է, վերջնական ատյանն արդարադատության միջազգային դատարանն է: Մինչեւ այդ որոշակի գործողություններ են արվում, այդ թվում՝ Ադրբեջանին ծանուցել, պատասխան տալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031