Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստորեն, սիրտն ինքնուրույն չի աշխատում

Դեկտեմբեր 21,2020 13:00

Մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդ կալանավո՞րը

Առաջին անգամ չէ, որ «Առավոտ» օրաթերթով անդրադառնում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, իմ պաշտպանյալ Կամո Մուրադյանի նկատմամբ ընտրված Խափանման միջոց կալանքը վերացնելու, այլ խափանման միջոց ընտրելու հարցին: Ցավոք, Լոռու մարզի քննչական վարչության, դատախազության համար որեւէ նշանակություն չունի 65 տարեկան, հիվանդության 3-րդ խմբի հաշմանդամ, շաքարային դիաբետ՝ ինսուլինային կախվածությամբ, սրտի բաց վիրահատություն տարած, սիրտ-թոքային անբավարարությամբ (նախկինում նաեւ թոքախտ տարած), անոթային խնդիրներով մարդ արարածը:

Արդեն չորրորդ անգամ վերջերս վարույթն իրականացնող մարմինը ներկայացրեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան միջնորդություն խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, եւ չորրորդ անգամ եւս բավարարվեց քննիչի միջնորդությունը, ինչն արդարացիորեն արժանացրել է պաշտպանական կողմի վրդովմունքը: Դատարանի յուրաքանչյուր որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն ամեն անգամ Կամո Մուրադյանի առողջականի հետ կապված մի նոր փաստաթուղթը, որով փաստվում է նրա վիճակի վատացումը, որեւէ դրական արձագանքի գոնե դատարանի կողմից չի արժանանում:

Հաշվի չի առնվում, որ միջին ծանրության վիճակով շաքարային դիաբետը կալանքի մեջ գտնվելու ընթացքում մասնագետ բժիշկների կողմից որակվել է արդեն ծանր աստիճան: Նշեմ նաեւ, որ մինչ կալանավորվելը սրտի բաց վիրահատություն տարած Կամո Մուրադյանը տարիներ շարունակ, եթե ազատության մեջ գտնվելով դեղորայքային բուժմամբ պահպանում էր սրտի ստաբիլ նորմալ կայուն վիճակը, մեկուսացումից հետո վիճակի վատացումը պատճառ է հանդիսացել, որ սրտի հետ կապված ս/թ-ի հունիսին եւ դեկտեմբերի սկզբներին վիրահատական միջամտություն է իրականացվել Երեւան քաղաքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում: Վերջին վիրահատությունն իրականացվել է միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունից մեկ ամիս անց, երբ դատական բժիշկները գտել են, որ քրեակատարողական հիմնարկության բժիշկները գտել են, որ քրեակատարողական հիմնարկությունում կարող է Կամո Մուրադյանը գտնվել իր բազմաթիվ հիվանդությունների պայմաններում:

Եթե այդպես է, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ եզրակացությունից մեկ ամիս անց «Նորք-Մարաշ»-ի սրտաբանական հիվանդանոցում կատարվել է ԿՎԴ-ի ինպլանտացիա… փաստորեն, սիրտն ինքնուրույն չի աշխատում: Բազմիցս պաշտպանական կողմը հայտնել է իր մտահոգությունը նաեւ հանրապետությունում տիրող համավարակի հետ կապված նշված բազմաթիվ հիվանդություններով տառապող անձի կալանքի տակ մնալու վտանգի մասին, սակայն սա եւս չի կարեւորվել: Արդյունքում, օրեցօր Կամո Մուրադյանի վիճակի վատացումը ենթադրում է, որ նրա իմունային համակարգի թուլացման է հասցրել, ինչի արդյունքում շուրջ 3-4 օր ջերմության մեջ դատապարտյալների հիվանդանոցում գտնված Կամո Մուրադյանի վիճակի կտրուկ վատացումը տեղիք է տվել, որ նրան ծանր վիճակով տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն, որտեղ ախտորոշվել է կորոնավիրուս: Ահա թե ինչ «արժեք ունի մարդ-կալանավորը»:

Ո՞վ է պատասխան տալու Կամո Մուրադյանի կյանքին վտանգ սպառնալու դեպքում…

Կարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
19.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031