Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնար է հաղթել պարով կռիվ գնացողին»

Դեկտեմբեր 21,2020 12:30

Արցախում էլ պարեց Սասունը

«Պապիկ, ինչո՞ւ են տղաները կռիվ գնալիս քոչարի կամ յարխուշտա պարում»։

«Կանոն է, լաո»։ Կանոն է, չգրված օրենք, դրան հետեւում էր Գեւորգ Չաուշը, որին հետեւում էր «Արաբո» ջոկատի հրամանատարը, որին հետեւեցին Արցախյան երրորդ պատերազմից անմասն չմնացած սասունցիները։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցելու մեկնող սասունցիները զինկոմիսարիատի բակում սկսեցին, ապա նույնիսկ ավտոբուսներում՝ ընթացքի ժամանակ շարունակեցին պարել իրենց նախնիների հաղթական պարերը, որովհետեւ, ինչպես իրենք են ասում, ազգագրական երգն ու պարն աշխարհում ամենաոգեւորող երեւույթներն են։

Տղաներից մեկն ասում է, որ շատերն այնքան մեծ ոգեւորությամբ էին Արցախում յարխուշտա պարում, որ երբ մոտենում էին իրար ու ձեռքերի ափերով իրար խփում, հաճախ այդ ձայնը խլացնում էր փամփուշտների ձայնը։

«Մեր պապերից մենք ժառանգել ենք շատ բաներ, այդ թվում՝ երգն ու պարը։ Իսկ ազգային երգն ու պարը պատերազմում էլ օգնում են, ոգեւորում են…Արցախի ճանապարհին ավտոբուսների մեջ մենք երգում էինք, շատերն անգամ քոչարի էին պարում…»,- պատմում է Մկրտիչը, ում երգերը ռազմաճակատում, մարտի թեժ պահերին զինակից ընկերներին ոգեւորում էին ու պայքարի մղում։


Մկրտիչը նշում է, որ Արցախ մեկնելու երրորդ օրվանից արդեն թշնամին բացահայտել էր իրենց տեղը ու արդեն ժամանակ կամ ցանկություն չկար մտածելու վախի մասին, փոխարենը երգում էին։

«Բացահայտ փոխհրաձգության ժամանակ ես ու իմ ավագ ընկերներից մեկը երգում էինք «Մենք անկեղծ զինվոր ենք» երգը։ Կրակոցները դադարել էին, մենք դեռ երգի երրորդ տունն էինք երգում»,-ասում է Մկրտիչը։ Իր խոսքով՝ նախաձեռնող չկար, ակամայից, պահի թելադրանքով ինքն, օրինակ, կարող էր սկսել երգել։ Ու այդպես որոշում էին, որ պետք է պարեն: «Երգում էինք հին երգերից, ոգեւորող երգեր, հաճախ նաեւ կարոտի երգեր»,- ասում է Մկրտիչը։

Իր խոսքով՝ պատերազմում ողջ մնալու գրավականը միմյանց նկատմամբ չափից ավելի ուշադիր, հոգատար ու զիջող լինելն էր, որը մտերմացնում էր զինակիցներին, դե իսկ սասունցուն բնորոշ հումորը նույնիսկ պատերազմի դաշտում չէր դադարում զվարճացնել տղաներին։ «Դիմացի գյուղում ազերիներն էին… Դրանցից մեկը անընդհատ գոռում էր՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Մի անգամ էլ էդպես գոռալուց Մեր Անդրանիկը (Թալինի շրջանի վերին Սասնաշեն գյուղի գյուղապետը) մի քար վերցրեց՝ նետեց դրանց ուղղությամբ ու գոռաց՝ «Օր էգեր իմ, հըսեր իմ ըդեխ, չէ՜…»,- հիշում է Մկրտիչը։

Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերը, երգն ու պարն անպակաս են եղել պատերազմից, ոգեւորությունը, որն զգում էին տղաները, շատ ժամանակ թույլ չի տալիս հաշտվել, հավատալ պատերազմի այսպիսի ավարտին։ Պարելով պատերազմ գնաց նաեւ իրինդցի Արսենը, որը դժբախտաբար անմահացավ պատերազմի վերջին օրը։ Նրա զինակից ընկերները պատմում են, որ երբ հարաբերական հանգիստ էր տիրում, գիշերը՝ մթության մեջ, հաճախ առանց երաժշտության Արսենը վեր էր կենում ու սկսում քոչարի պարել։

Պարում էին, որովհետեւ անհնար է հաղթել պարով կռիվ գնացողին, որովհետեւ մեր պապերն էին այդպես պարում ու մեր պապերի օրինակով էլ նրանք հաղթեցին։

Դիանա ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031