Ուշին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Ըստ հնագիտական ուսումնասիրությունների՝ այն բնակեցված է եղել դեռեւս 4 հազար տարի առաջ եւ հիշատակվում է Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակ: Հին քաղաքատեղի եւ նշանավոր Սբ. Սարգիս վանքի ավերակները գտնվում են ներկայիս գյուղի այն մասում, փոքրիկ բարձրավանդակի հարավահայաց լանջին:
Սբ. Սարգիս վանքը միջնադարյան Հայաստանի հոգեւոր ու մշակութային հանրահայտ կենտրոններից է: Համաձայն հնագույն ավանդության, լուսահոգի Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Պարսկաստանի Դաղման քաղաքից այստեղ է տեղափոխել Սարգիս զորավարի նշխարները, որոնց վրա եւ կառուցվել է եկեղեցի: Հետագայում՝ Զաքարյանների տիրապետության ժամանակ (13-րդ դար), Վաչուտյանները հիմնովին վերակառուցել են եկեղեցին, ավելացրել նոր շինություններ ու հիմնադրել վանական համալիրը: Վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից եւ միաբանության բնակելի տներից, որոնք շրջապատված են կիսաբոլոր աշտարակներ ունեցող պարիսպներով:
Ուշիի մեծ եկեղեցին կառուցվել է 1203-1210 թթ. ընթացքում, Արագածոտնի իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանի հովանավորությամբ, իսկ գավիթը կառուցվել է 1264 թ. երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում: Այս առումով, չափազանց կարեւոր է գավթի մուտքի բարավորի արձանագրությունը, որտեղ հիշատակվում է այդ երկրաշարժը. «Շինեցաւ հաստատած մեծ տաճարս ի կանգնումն խախտել էկեղեցւոյս, զոր շարժել ի հիմանց»: Այսպիսով տաճարը (գավիթը, կամ ժամատունը) կառուցվել է հիմքից շարժված եւ խախտված եկեղեցու տեղում: Ուսումնասիրողները (Ֆ. Բաբայան, Ա. Քալանթարյան) հիմք ընդունելով այս տեղեկությունը՝ ենթադրել են, որ Ուշիում եղել է եկեղեցի, որը հիմքից քանդվել է երկրաշարժի ժամանակ: Դրա ապացույցներից է նաեւ այն իրողությունը, որ գավթի պատերի շաղախի մեջ նկատվել են ավելի վաղ շինությունների եւ խաչքարերի բեկորներ: Ուշին այդ ժամանակ Զաքարե Ամիրսպասալարի թոռ Ավագ Սարգսի ժառանգական կալվածքն էր, իսկ տեղի հոգեւոր առաջնորդներից էր Համազասպ եպիսկոպոս Մամիկոնյանը: 1264 թ. երկրաշարժը հավանաբար վնասել էր նաեւ Հովհաննավանքին, Սաղմոսավանքին, Աշտարակի, Փարպիի եկեղեցիներին եւ այլն:
Ուշիի Սբ Սարգիս վանքը ծաղկել է 17-րդ դարի կեսերին, երբ այստեղ է եկել հանրահայտ Ոսկան Երեւանցին: Նա մասնակի վերանորոգել է եկեղեցիները եւ ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է գրել. «մեծ չարչարանքով եւ երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց եւ շուրջանակի խիստ ամուր պարիսպ քաշեց»: Հետագայում, վանքը չի դիմացել 1827 թ. երկրաշարժի հարվածներին եւ հիմնովին կործանվել է: Հ. Շահխաթունյանցը երկրաշարժից հետո տեղս է այցելել եւ գրել է. «Միջին տաճարն միջակ մեծութեամբ, առանց սեան ունէր կաթողիկէ վայելչաձեւ, այլ յամին 1827, անկաւ կործանվեցաւ յերկրաշարժութենէ, նոյնպէս եւ տանիքն հանդերձ արեւմտեան որմովն բոլորովիմբ եւ աւանդեն ականատեսքն, թէ գերեզման սուրբ Սարգսի էր յայսմիկ՝ տաճարի եւ այժմ ծածկեալ ընդ փլածովքն»: Այդ երկրաշարժից, Ուշիի շրջակայքում, վնասվել են Հովհաննավանքը, Սերկեւիլի եկեղեցին, Մուղնիի վանքը եւ այլն:
Կարդացեք նաև
Ուշիի Սբ Սարգիս վանքը վնասվել է նաեւ 1918 թ.՝ Հովհաննավանքի եւ 1949 թ.՝ Բյուրականի երկրաշարժերից եւ այժմ կարոտ է վերանորոգման:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
19.12.2020