Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը որեւէ համագործակցության մեջ չի մտնում Իրանի հետ՝ հաշվի առնելով, որ Սյունիքը նույնքան կարեւոր է անվտանգային տեսանկյունից Իրանի համար, որքան Հայաստանի համար այսօր:
Քուրքագետ Վարուժան Գեղամյանը «Առավոտի» հետ զրույցում ահազանգեց, որ Թուրքիան Արցախի շուրջ տեսանելի ռազմական ներկայություն է ստեղծելու։ Ըստ նրա՝ այդ վտանգներն անհնար է չտեսնել՝ անկախ նրանից՝ փորձագետ ես, թե իրավիճակը դիտարկող հասարակ մեկը: Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը Աղդամում կտեղակայվի:
Ըստ Վարուժան Գեղամյանի՝ այս պարագայում որեւէ նորություն այդ հայտարարության մեջ չկա, առավել եւս ընթացող գործընթացների մասին հայտարարվել է վաղուց, հետեւողականորեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան իրականացնում են նախանշված գործողությունները, որոնց թիրախում լինելու է երեք հիմնական նպատակ՝ լիարժեք հայաթափել Արցախը, այն, ինչն ըստ էության տեղի ունեցավ պատերազմի ժամանակ, բայց չիրականացվեց լիարժեք կերպով. «Հիմա նպատակ է դրվել դա իրականացնել տարբեր ճանապարհով, այդ թվում նաեւ պնդելով, որ պետք է ադրբեջանցիներ վերադառնան Արցախ, որ պետք է թուրքական զորախմբերը տեղակայվեն հնարավորին մոտակայքում, հայաբնակ հատվածներում Արցախի, էլ չեմ խոսում այն մասին, որ հետեւողական քայլեր են իրականացվում արդեն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում թյուրքալեզու կամ թյուրքական ցեղեր այդ տարածքներ Սիրիայից բերելու համար»:
Ըստ թուրքագետի՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պատրաստություն տեսնում թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հաջորդ՝ կապված ծավալից պատերազմին, որն ունենալու է երկու նպատակ: Այս առիթով նա մանրամասնեց. «Առաջինը հասնել նրան, որ Արցախում հայություն չմնա, եւ Արցախը լիարժեք ընկնի Ադրբեջանի տիրապետության տակ եւ հասնել նրան, որ Սյունիքն աստիճանաբար հայաթափվի, եւ խոշոր հաշվով երրորդ նպատակը, որ այս պահին տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ, հասնել նրան, որպեսզի Սյունիքը, որ բաժանում է թյուրքական աշխարհը, այլեւս չլինի գործոն եւ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ քայլերը հետեւողական իրականանում են: Այս վտանգները միանգամայն իրական են»:
Կարդացեք նաև
Հիշեցրինք՝ ադրբեջանական պաշտոնական մարմինները պաշտոնապես հայտարարեցին 12.200 ադրբեջանցիների՝ Ստեփանակերտում վերաբնակեցման մասին: Այս մասին Վարուժան Գեղամյանն ասաց. «Իհարկե, դա իրատեսական է: Այդ ուղղությամբ քայլեր հստակորեն իրականացվում են, այդ թվում նաեւ բանակցությունների մակարդակում: Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունները որեւէ կերպ դրա դեմը չեն փորձում առնել, քանի որ չեն խոչընդոտում: Ավելին, ՀՀ ներկայիս վարչապետի մամուլի խոսնակը փաստացի չի հերքել այդ իրողությունը, հերքման փորձ է արել Վահրամ Պողոսյանը, որը կիսատ է. չի արտահայտում լիարժեք իրականությունը: Այնպես որ, այդ վտանգը միանգամայն իրական է»: Ըստ մեր զրուցակցի՝ բոլոր փորձերը ներկայացնել, որ դա այնքան էլ լուրջ չէ, սպառնալիք չէ, նմանվելու են 44 օրերի ընթացքում պետական քարոզչության ընդհանուր տրամաբանությանը, որ մենք հաղթում ենք, ու վերջին պահին պարզվեց, որ չենք հաղթում:
Ըստ Վարուժան Գեղամյանի՝ ՀՀ իշխանությունները որեւէ բան չեն անում, որ այդ գործընթացում տարածաշրջանում հետաքրքրված այլ տերություններին, առաջին հերթին Իրանին ներգրավելու համար: Մեր հիշեցմանը՝ մի առիթով Սյունիքի պաշտպանությունը կապել էր նաեւ Իրանի հետ համագործակցության հետ եւ հարցին՝ ինչու՞ դա չի արվում, նա պատասխանեց. «Դա մեկնաբանելու ամենակոռեկտ ձեւն ասելն է, հույս ունենալ, որ այդպես են վարվում, քանի որ տգետ են ու ապաշնորհ, իսկ ավելի բացահայտ եթե նայենք, կտեսնենք, որ դա նույնիսկ հանցավոր տգիտություն է, որը նմանվում է բոլորովին այլ երեւույթի, որի անունը նույնիսկ չեմ ուզում տալ: Այնուամենայնիվ, սա հանցավոր տգիտություն է: Եթե մեկ ամսվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը որեւէ կերպ հարաբերություն չի կառուցել, գոնե պաշտոնապես մենք որեւէ նման բան չենք տեսել, հանդիպում չի եղել իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապա կարող ենք անել հետեւություն, որ այդպիսի հարաբերություններ չկան: Մինչդեռ տեսնում ենք, որ երեք-չորս անգամ խոսել է բալթյան երկրների դեսպանների կամ ԱԳ նախարարների հետ: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը որեւէ համագործակցության մեջ չի մտնում Իրանի հետ՝ հաշվի առնելով, որ Սյունիքը նույնքան կարեւոր է անվտանգային տեսանկյունից Իրանի համար, որքան Հայաստանի համար այսօր»:
Հարցին՝ Սյունիքի հարցում ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, Վարուժան Գեղամյանը պատասխանեց. «Կամ Սյունիքը մենք կորցնում ենք, կամ պահում ենք Հայաստանի պետականությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12.2020