Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի անդունդ

Դեկտեմբեր 20,2020 23:41

Ներկա իշխանության քաղաքական, բարոյական կերպարը, 2018 թ․ ոմանց համար արդեն տեսանելի էր, այն է՝ ոչ մի գաղափարական սկզբունք, բարոյական արժեք, այլ միայն իշխանություն, դրա ամրապնդում՝ ցանկացած մեթոդներով։

Իհարկե, հատկապես նախորդ տարիներին դժվար էր այս ամենը վերլուծել և ներկայացնել հանրությանը, քանի որ մեծամասնության համար նախորդ իշխանությունների նկատմամբ գեներացված ատելությունը մի կողմից, սին հույսերն ու պատրանքները, մյուս կողմից, նման խոսքը կընկալվեր որպես չարություն, «նախկինների» պաշտպանություն և այլն։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, այսպես կոչված, «սգո երթ»-ով, այլևս լռել չեմ կարող։

Մեր ժողովրդի մասին իսկապես մտածողներն ու ցավողները, կարելի է ասել, որ դաժանաբար են քննադատել, ձաղկել նրա բացասական հատկությունները։ Հատկանշական է հայ ժողովրդի մեծագույն հանճար Հովհաննես Թումանյանի ցավը, որն արտահայտված է նրա հոդվածներում։ Թումանյանը ժողովրդին անվանում է «փչացած», «խուժան», ներկայացնում նրան բնորոշ հատկությունները՝ չարություն, նախանձ, չկամություն, թայֆաբազություն և այլն։ Կարելի է հիշել նաև Ղևոնդ Ալիշանին, Վահան Տերյանին, Վրթանես Փափազյանին, Րաֆֆուն, այլոց, էլ չեմ ասում Գարեգին Նժդեհին։ Նրանք բոլորը, խորը ցավ են ապրել և փորձել լուսավորություն բերել, կրթել ժողովրդին։

Եվ համոզված եմ, որ չնայած նրանց բոլորի ջանքերը մեծ արդյունքներ չեն տվել, բայց ի վերջո, հենց նրանց պատգամներն ու նրանց պատվիրաններով կրթված, հայ ժողովրդի թերևս փոքրաթիվ սերուցքի շնորհիվ է, որ այսքան տարիներ գոյատևել ենք, նաև հրաշքով պետություն ունեցել և Արցախն ազատագրել։

Երբեք հիացած չեմ եղել Հայաստանի նախորդ ոչ մի իշխանավորից և միշտ անխնա քննադատել եմ նրանց։ Այո, Հայաստանում եղել է կոռուպցիա, անպատժելիություն և այլ բազմաթիվ բացասական երևույթներ։ Բայց այս ամենին զուգահեռ, Հայաստանի և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունն ունեցել են որոշակի արգելակներ։ Այդ արգելակները իշխանության կողմից գործել են, երբ հարցը վերաբերել է հատկապես Արցախին։

Այո, Արցախն է եղել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար այն կարմիր գիծը, որն արգելակ է հանդիսացել նրանց համար «ոչ ամեն գնով իշխանություն» կարգախոսին։ Ընդդիմության արգելակները՝ երբ հարցը վերաբերել է պետության հնարավոր կործանմանը,  ո՛չ Պարույր Հայրիկյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Կարեն Դեմիրճյանը, ո՛չ Ստեփան Դեմիրճյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէին հանուն իրենց իշխանության կործանել պետությունը։

Վերոնշյալ բոլոր գործիչները նաև ունեցել են կրթական ցենզ, իրենց մասնագիտական բնագավառներում հաջողություններ, արժեքային որոշակի համակարգ։

Ամեն ինչ փոխվեց, սկսած 2008 թվականից, նախագահական ընտրությունների ժամանակ։ Հիշում եմ, 2007 թ․աշնանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի հոգեհանգստի օրը։ Ռաֆայել Ղազարյանի հարազատներին ցավակցություն հայտնելուց հետո, շենքի բակում զրուցում էի ծանոթների հետ, երբ շքախմբով եկավ, արդեն նախագահի հիմնական թեկնածուի հայտ ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրան չէի հանդիպել, հավանաբար 1992 թվականից ի վեր։ Զարմանալիորեն, նա առանձնացավ իրեն ուղեկցող շքախմբից և ինձ մոտեցավ։ Կարճատև զրույցից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ։ Տեսնելով և հավանաբար զարմանալով, որ իրենց կուռքը պատիվ արեց անձամբ ինձ հետ շփվելու, մոտեցան նրա երկրպագուներ Լևոն Զուրաբյանը, Միքայել Հայրապետյանը և Նիկոլ Փաշինյանը։ Քառակողմ զրույցն անգիր եմ հիշում, բայց ամենատպավորիչը Նիկոլ Փաշինյանի անկեղծությունն էր․ «Մենք հույսը չենք դնում ընտրությունների արդարության, այլ մինչև ընտրությունները պետության կազմաքանդման վրա»։

Եվ սկսվեց։ Հիշո՞ւմ եք, պատգամավոր-երկրապահներ, երդվյալ հանրապետականներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի,ՊՆ փոխնախարար, գեներալներ Գագիկ Մելքոնյանի, Մանվել Գրիգորյանի, դիվանագետ կոչեցյալների դեմարշները։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ ոսկե սարեր էին խոստացել սույն գործիչներին, միայն չասեք թե նրանք սկզբունքներ ունեին կամ ունեն։

Եթե սույն «գործիչները» ընդվզում էին ընտրակեղծիքների դեմ, ապա ինչո՞ւ էին ոչ միայն լռում, այլ ամենաակտիվ ձևով մասնակցում նույն կեղծիքներին, նախորդ 1998, 2003թթ․ (1996թ․ իրենց «նվեր»)։ Այո, ցինիկ, հակապետական անբարոյականությունը սկիզբ առավ հենց 2007-2008թթ․, և ցավոք, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, առնվազն լուռ համաձայնությամբ։ Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի թիվ մեկ քարոզիչը հենց Նիկոլ Փաշինյանն էր, որն էլ ստանձնեց պետությունը կազմաքանդելու հիմնական պատասխանատվությունը՝ նույն մարտի 1-ին։

Եվս մեկ անգամ, ցավոք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չօգտագործեց իր հեղինակությունը, «ձեռքերը լվաց» և կոչ չարեց հավաքված գազազած ամբոխին ցրվել։ Իսկ ապստամբությունը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, զինաթափ անելուց, այն նույն ոստիկաններին, ովքեր այսօր հլու-հնազանդ ծառայում և ապահովում են նրա անվտանգությունը ։ Փաշինյանի հոգին փառավորվեց նաև, իր իսկ հրահրմամբ 10 զոհեր տալով։ Չէ՞ որ միշտ զոհերի պատասխանատու համարվում են գործող իշխանությունները, իսկ կարևորը պետության կազմաքանդումն էր, իշխանության վարկաբեկումը և հիմքեր ստեղծելը, որ թեկուզ 10 տարի անց զավթես իշխանությունը։

Այժմ չեմ ուզում անդրադառնալ 2008-2018թթ․Սերժ Սարգսյանի քաղաքականությանը՝ մարտի 1-ի անհասկանալի դատավարություններին, լրատվական քարոզչությանը, հայ-թուրքական արձանագրություններին, սահմանադրական փոփոխություններին, կասկածելի ներումներ շնորհելուն և այլ հարցերի, սրանք առանձին հոդվածի նյութեր են։

Ինչևէ, 2018թ․ օգտվելովժ համատարած դժգոհությունից, նաև իր և իր համախոհների կողմից գեներացված, հաճախ ոչ իրական բամբասանքներից և ատելությունից, իշխանության անհասկանալի «մեղմ» պահվածքից (հիշենք Ռադիոյի տան գրոհումը) Նիկոլ Փաշինյանը ճիշտ ժամանակ հայտնվեց ճիշտ տեղում (հայտնվե՞ց, թե՞ նշանակվե՞ց) և զավթեց իշխանությունը։

Այդ հետո պետք է պարզվեին, որ ողջ ապրիլյան շարժումը հենված էր ստի և կեղծիքի վրա, սկսած հերոս Աբաջյանի կեղծ պապիկով, կեղծ Աշոտի կեղծ տատիկով, Մոնթեի նմանությամբ արյան կեղծ սրտիկով վիրակապով։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միամիտիս թվում էր, որ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ մասին ասել եմ «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում։

Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանին պետք էր օր առաջ զավթել գործադիր իշխանությունը, որ օգտագործելով իրեն ժառանգություն մնացած, վարչապետին կից ուժային և քննչական մարմինները, ամրապնդվեր, ահաբեկեր ընդդիմությանը, հետո նոր, օգտագործելով ողջ իշխանական ռեսուրսը, անցկացներ ընտրություններ և հասներ միահեծան իշխանության։ Իսկ ի՞նչ էին մտածում խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ։ Միևնույնն է, պարտված էիք, ինչո՞ւ ինքներդ չգնացիք արտահերթ ընտրությունների, թե՞ դեռ իշխանության վերադարձի սին հույսեր էիք փայփայում։ Չէ՞ որ այն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն այն հաղթանակը չէր գրանցի, ինչ դեկտեմբերին։

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը բոլորիս հերթական անգամ խաբեց։ Քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանը հանրության մեջ իրավացիորեն վատ համբավ ուներ, Նիկոլ Փաշինյանը «վարպետորեն» այն օգտագործեց և իրեն կից ԱԱԾ-ով «սարքեց» «տուշոնկաների և հուզիչ նամակների» գործը (Ի՞նչ կասես, պարոն Վանեցյան)։ Բոլորս, այդ թվում ես ցնցված էինք և ողջունեցինք գեներալի կալանավորումը։ Սրանով հանրությանը մոլորեցնելով, Փաշինյանը շարունակեց ստի և կեղծիքի հաղթարշավը․ «Մարտի մեկը բացահայտված է, կոռուպցիան վերացած է» կարգախոսներով, ընդդիմադիրների դեմ քր․ գործեր հարուցելով, ասֆալտին փռելով, փորձարկեց Երևանու ավագանու ընտրությունները։ Ջախջախիչ հաղթանակ տանելով Երևանի ավագանու ընտրություններում, արդեն ժամանակ չկորցնելով, Նիկոլ Փաշինյանը դիմեց հերթական շանտաժին, իբր հսկայական ներդրումների խոստումով գրոհեց ԱԺ-ն։ Եվ նորից, Աժ խմբակցություններն ընկրկեցին։

ԱԺ ընտրություններն անցան թվացյալ ազատ և արդար։ Բայց, փորձենք վերլուծել ընտրությունների արդյունքները։ Նախապես ստորագրվեց այսպես կոչված հուշագիր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ ԲՀԿ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հեղափոխական Հայաստանում, ամենաձեռնտու «ընդդիմությունն» էր, այն միշտ բուֆեր է հանդիսացել իշխանության և արմատական ընդդիմության միջև։ Այդ հետո պետք է Նիկոլ Փաշինյանը հաշվեհարդար տեսներ ԲՀԿ-ի և նրա առաջնորդի հետ, օգտագործելուց հետո։ Իսկ մինչ այդ, ԲՀԿ-ն պետք էր  իր վարչական և ֆինանսական միջոցներով կատարեր իր դերը, իսկ հետո, նույն այդ ամենը 2017 թվականին օգտագործելու համար պատասխանատվության ենթարկվեր։

Հաջորդը․ հայ հասարակությունը բաժանված էր երկու հակադիր բևեռների՝ հեղափոխական և հակահեղափոխական։ Իհարկե, հեղափոխականներն ավելի շատ էին։ Բնականաբար հեղափոխական զանգվածը պետք է ձայն տար «Իմ քայլին», իսկ հակահեղափոխականը՝ ՀՀԿ-ին կամ ՀՅԴ-ին։ Սակայն, զարմանալիորեն ԱԺ է անցնում «Լուսավոր Հայաստանն» իր Արման Բաբաջանյանով։ «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը նույն «Իմ քայլ» հեղափոխական ուժի մի փոքր ավելի մեղմ տարբերակով էր ընթանում։ Արդ, բացի լուսավորականների անդամների մոտիկ-հարազատներից, ուրիշ ո՞վ պետք է նրանց օգտին քվեարկեր․․․

Եվ, զարմանալիորեն, ընտրությունների վերջին ժամերին, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն այլևս աճ չգրանցեցին և «Լուսավոր Հայաստանը» թռիչք կատարեց։ Այո, համոզված եմ, որ ինչ-որ պահի Նիկկոլ Փաշինյանի ցուցումով վարչական ռեսուրսն աշխատել է հօգուտ «Լուսավոր Հայաստանի»։ Ի դեպ, ԱԺ-ում այդ մասին ակնարկեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը․ «Բա, որ հեղափոխություն չի եղել, այդ ո՞նց 18 պատգամավորներ ունեցաք»։ Այո, 2018թ․ դեկտեմբերյան ԱԺ ընտրություններով, Նիկոլ Փաշինյանն ապահովեց իր միանձնյա իշխանությունը 70%-անոց հլու-հնազանդ խմբակցությամբ և կառավարելի, գրպանային ընդդիմությամբ։

Հարգելի լուսավորականներ, մի նեղվեք, այո՛, ձեզ իշխանությունը սպառնում է, նույնիսկ ծեծում, բայց դուք ամենակարևոր պահերին իշխանության կողմն եք, հիշենք ՍԴ դիմելուց ձեր «սկզբունքային» հրաժարումը։
Ընտրություններից հետո, իշխանության կողմից որդեգրած սուտն ու կեղծիքը շարունակեցին իրենց հաղթարշավը․ էլ ցեղասպանության օրվա կեղծ պապիկը, ոտքեր համբուրող կեղծ տատիկը, վերջերս Գյումրիում «մեզ մենակ չթողնես» կեղծ կինը, շարքն անվերջ է։ Շարունակվեց նաև, այսպես կոչված, պայքարը կոռուպցիայի դեմ, ՍԴ-ն կազմաքանդելու գործընթացը, ցուցումներով հարուցված քրեական գործեր, շանտաժ և ահաբեկում․․․ և ոչ մի դատավճիռ։ Միևնույն ժամանակ նորաբաց հիմնադրամներ, որոնք հարկադրաբար «լցվում» են « նախկին թալանչիների» կողմից, գաղտնի, հետո բացահայտ պարգևավճարներ, մաքսանենգ ծխախոտի բացահայտված փաստաթղթեր, ՍՈՒ-երի և այլ զինատեսակների կասկածելի միջնորդների միջոցով գնումներ, բանակի սնունդ։

Եվ այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն արթնացրեց և գեներացրեց նաև մեր հասարակությանը նույնպես բնորոշ, բայց «սառեցված» այլ հատկանիշ ևս՝ բանսարկությունը։ Մանկուց լսել եմ ԽՍՀՄ ստալինյան տարիների մասին պատմությունները՝ ատելություն, նախանձ, չարախոսություն, մատնություն, բանսարկություն։ Եվ, այո ատել եմ Ստալինին և ստալինիզմը, որպես մարդկային չարիք։

Բայց․․․բայց հետևելով, հատկապես, վերջին 2,5 տարիների ընթացքում, հայ հասարակության պահվածքին, սկսեցի կասկածել «Ստալին» երևույթին։ Գալիս եմ այն համոզման, որ ստալինյան շրջանում, ի տարբերություն ԽՍՀՄ-ում բնակվող այլ ազգերի, հենց Հայաստանում է մոլեգնել իսկական ստալինիզմը, հնարավորություն տալով հայ հասարակությանը բացահայտել իր իրական տարերքը ՝ նույն չարությունն ու նախանձը, ատելությունն ու բամբասանքը, մատնությունն ու բանսարկությունը։ Այս տարիներին բացահայտվեցին բազմաթիվ անձանց իրական դեմքերը, ովքեր ներկայանում էին որպես առաջադեմներ, հայրենասերներ, սկզբունքայիններ։

Պարզվեց, որ նրանք անհամբերությամբ սպասում էին իրենց հարազատ «ստալինյան» շրջանին, բացահայտելու իրենց իրական դեմքերը և պետք է շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին։
Բայց այն, ինչ կատարվեց արցախյան պատերազմի ընթացքում, վեր է մարդկային երևակայությունից։ Ողջ պատերազմն ուղեկցվեց «Հաղթելու ենք» կեղծ կարգախոսով, սուտ և կեղծիք տարածելով, ապիկար, դավաճանական կառավարմամբ, հազարավոր զոհերով և որպես արդյունք՝ խայտառակ, նվաստացուցիչ կապիտուլյացիայով։

Լավ, որպես ընդդիմադիր գործիչ, պատրաստ էիր հանուն իշխանության գալու կազմաքանդել պետությունը։ Բա արդեն իշխանության հասնելով ինչո՞ւ կազմաքանդեցիր և՛ հայոց երկու պետությունները, և՛ մեր հոգիները։
Բայց այն, ինչ կատարվում է պարտությունից հետո, ավելի աներևակայական է, քան նույնիսկ, ներեցեք, Արցախի կորուստը։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակում է կառչած մնալ աթոռին, այլ շարունակում է ստերով և կեղծիքներով փչացնել, այո՝ փչացնել հասարակությանը։

Ինքը, լինելով վերը նշված հայոց մեծերի նկարագրած տեսակը, գալով իշխանության՝ փորձում է և առայժմ հաջողությամբ իրականացնում, բոլորին այդպիսին՝ բացի փողից, պաշտոնից այլ արժեք, բարոյականությունից զուրկ խառնամբոխի վերածելու իր առաքելությունը։ Նախապես, նա այդ նույն սկզբունքով «ընտրեց» և պատգամավոր, նախարար դարձրեց նման որևէ սկզբունք չունեցող, իրեն հպատակ, նաև խոցելի անձանց։ Ինչո՞ւ խոցելի։ Պատահակա՞ն է արդյոք, որ վերոնշյալ պաշտոնյա-պատգամավորների մեծամասնությունը կասկածելի օրինաչափությամբ չեն ծառայել բանակում։

Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն սատարողներից շատերն ունեն անձնական, ընտանեկան լուրջ պրոբլեմներ, ընկերներից գողացված և կեղծված փաստաթղթեր, ծնողների դեմ ցուցմունքներ, ընտանիքից վտարվածներ և այլն (կարծում եմ՝ սրանց անունները բոլորին հայտնի են)։

Հայտնի է, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները, որպես թիրախ երկրի գործակալներ, ընտրում են հենց նման խոցելի, որևէ սրբություն, այդ թվում՝ ընտանեկան, չունեցող անձանց, ովքեր հանուն փողի պատրաստ են վաճառելու ամեն ինչ, նաև հայրենիքը։ Ահա թե ում վրա է կառուցված Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Երեկվա, այսպես կոչված «սգո երթն» ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն զգալի «հաջողությունների» է հասել։ Այդ է վկայում, որքան էլ զարմանանք բազմահազարանոց երթը։ Անհնար է պատկերացնել, որ որևէ այլ երկրում պարտության, նվաստացման, դավաճանության մեջ կասկածվողի ետևից այդքան զանգված կքայլի և կվանկարկի նրա անունը։ Նրան սատարողների և կողքին քայլողների մեջ են, արդեն նախկին մարդասպանները, նույնիսկ արցախյան պատերազմի որդեկորույս մայրեր։

Համոզված եմ, Նիկոլ Փաշինյանն, իմանալով մեր ժողովրդի որոշակի հատվածի նյութապաշտությունը, փողով գայթակղելով, փչացնում և փորձում է բոլորին դարձնել այդպիսին։
Այո, նա փողով է առել և՛ Աբաջյանի կեղծ պապիկին, և՛ մարտի 1-ի զոհերի հարազատներին, և՛ ոտքեր համբուրող կեղծ տատիկին, և՛ ցեղասպանության հուշահամալիր այցելող կեղծ պապիկին, ՛ մարդասպանին, և՛ որդեկուրույս մորը, և՛ երեկվա երթի բոլոր մասնակիցներին, և՛ իրեն ուղեկցող ոստիկաններին։ 5 մլրդ դոլարը քիչ փող չէ, կարելի է նաև մի մասը շռայլել։

Տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ունենալով ընդամենը թերի բարձրագույն բանասիրական կրթություն (որը չի տարբերում Թումանյանին Նար-Դոսից), ատում է գրագետ, կիրթ, իրենց բնագավառում հաջողությունների հասած մարդկանց։ Նրա հենարանը տգետ, միայն ստամոքսով մտածող խառնամբոխն է, ինչպիսին ուզում է դարձնել բոլորիս։ Այդ է վկայում նրա վերջերս արած արտահայտությունը․ «Էլիտան ապստամբում է»։

Սրանով նա իր զանգվածին ուղղորդում, թշնամացնում է մտածող, կրթված, արժեքային համակարգ ունեցող մարդկանց դեմ։ Նրա և նրա կողմից դաստիարակված զանգվածի համար հայրենիք, ընտանիք, արժանապատվություն արժեքներ գոյություն չունեն։ Պատահական չի, որ տարբեր մարդկանց համար Նիկոլ Փաշինյանը մեծ գործ արեց, պատերազմը կանգնեցնելով, քանի որ այլևս զոհեր չտվեցինք։ Բա Արցա՞խը, Սյունի՞քը, Վարդենի՞սը։ Պատասխանում են, դե ի՞նչ անենք, կարևորը ապրուստն է։ Եվ հենց այս զանգվածի համար էլ նախատեսված է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, որ դառնանք թուրքի հպատակ, բայց «լավ ապրենք»։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե հանկարծ Հայաստանի նախկին երեք ղեկավարներից որևէ մեկն իրեն նման արտահայտություն թույլ տար․ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր»։ Ահա թե ուր հասանք։

Հայաստանի երեք նախկին ղեկավարներն էլ երկիրը կառավարել են ավտորիտար մեթոդներով, սակայն նրանցից ոչ մեկը բռնապետական հակումներ չի ունեցել, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Աշխարհը շատ է տեսել բռնապետերի։ Ինքս, չեմ արդարացնում ոչ մի բռնապետություն։ Բայց (խնդրում եմ բայցի մեջ դրական երանգ չփնտրել), բոլոր բռնապետները բացի սեփական իշխանությունն ամրապնդելուց, ունեցել են ազգային, համամարդկային հավակնություններ, փառասիրություն, որպեսզի իրենց անունը մնա պատմության մեջ։ Նրանք ստեղծել են կայսրություններ, գաղափարախոսություններ, հաղթել պատերազմներ, ստեղծել տնտեսություն և այլն։

Արդ, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի երազած բռնապետությունը․ համատարած տգիտություն, միայն ստամոքսի մասին մտածող, իրեն հպատակ զանգված և փող, շատ փող, ավելի շատ փող, թեկուզ հայրենիքի հաշվին։ Այսպիսով, եթե նույնիսկ մեկ ամիս ավելի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մենք կկորցնենք Սյունիքը, Վարդենիսի, Տավուշի․ Եղեգնաձորի հատվածները, մնացած «Հայաստանը» կդառնա թուրք-ադրբեջանական պոլիգոն։ Հաջորդ Աժ ընտրություններին, արդեն «Իմ քայլի» «ընդդիմադիրներ» կլինեն «Հանուն Հանրապետության» և «Քաղ․Պայմանագրի որոշումը» «կուսակցությունները»։

Այո, այսպես շարունակվելու դեպքում, եթե փոխենք Չարենցի խոսքերը, ապա․

-ԴԵպի անդունդն էին գնում, ամբոխները խելագարված։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031