Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային զգացմունքն ունի ոչ միայն փայլեցնելու առանձնահատուկ շնորհ, այլ նաև ժանգոտելով՝ ոչնչացնելու հատկություն. Սենոր Հասրաթյան

Դեկտեմբեր 20,2020 20:06

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես ամենից շատը մտահոգ էի այն պահով, երբ Երևանում, Գյումրիում կամ Մայր հայրենիքի մեկ այլ անկյունում ապրող հայ ծնողը դուրս կգա փողոց և իշխանությունից կպահանջի Արցախում ծառայող իր զինվոր որդուն հետ կանչել տուն: Այսօր, կարծես թե, հենց այդ պահն է…

«Թավշյա հեղափոխությամբ» հայի գիտակցության մեջ մտցված Հայրենիքի մի մասն օտարելու գաղափարն արդեն իսկ վեր է ածվում իրականության: Մարդիկ դուրս են եկել փողոց՝ երկիրն անպաշտպան թողնելու գնով «փրկելու» իրենց զավակներին… Նրանց, ովքեր զինվորական երդում են տվել անվերապահորեն կատարել իրենց հրամանատարների հրամաններն ու սրբորեն պաշտպանել Հայրենիքը…

Նրանց, որոնց ծնողներն ընդամենը երեկ երկիր էին պաշտպանում, իսկ հետո իրենց զավակներին դաստիարակում Հայկի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկի, Նժդեհի և Մոնթեների ոգով ու օրինակով… Այսօր այդ հայրենապաշտներն ընտրել են իրենց հերոսական անցյալն ավերելու ճանապարհով «փրկել» նրանց, ովքեր օրենքով իրենց վերապահված պարտականությունների շրջանակում պարտադրված են գործել հանուն իրենց ու մեր բոլորիս արժանապատվության, ասել է թե՝ Հայրենիքի փրկության…

Բայց, ավաղ, այժմ տեր ենք մի իրականության, որտեղ որոշողը ոչ թե քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները կարգավորող օրենքն է, այլ զգացմունքը… Զգացմունք, որը ցավալիորեն գործում է ոչ թե հանուն պետության և օջախի անվտանգության, այլ այդ ամենի գոյությունը հարցականի տակ դնելու հավանականության…

Այսքանից հետո մնում է հիշեցնել, որ մարդկային զգացմունքն ունի ոչ միայն փայլեցնելու առանձնահատուկ շնորհ, այլ նաև ժանգոտելով՝ ոչնչացնելու հատկություն…

Հ.գ․ Այսօր լրացավ Արցախի հերոս, երջանկահիշատակ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանի Իվանյանի ծննդյան 100-ամյակը: Մարդ, ով 72 տարեկան հասակում թողնելով տարիների անխոնջ ծառայությամբ վաստակած գեներալական հանգիստը՝ 1992-ին Ս. Պետերբուրգից եկավ Արցախ և անմնացորդ նվիրումով ծառայեց իր ազգի պաշտպանության ու ազատության սուրբ գործին: Փա՜ռք նվիրյալներին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031