Ներկա իշխանությունները, ինչպես եւ նախորդները, ցանկություն չունեն զիջելու հեռարձակման կառավարման սանձերը։
Շատ երկրներում կա թյուր ըմբռնում, որ հանրային լրատվամիջոցը պետության հաղորդակցության մաս է կազմում, բայց դա այդպես չէ: Միջազգային անկախ փորձագետ Ջոան Բարատան շատ կարեւոր է համարում հանրային հեռարձակողի անկախությունը կառավարությունից, շուկայից, խոշոր ընկերություններից եւ այլ խմբային շահերից:
Ասում է՝ հանրային լրատվամիջոցը գործողություն է, որը տեղի է ունենում պետական իշխանության պատասխանատվության, իշխանությունների պարտականությունների ներքո՝ նպատակ ունենալով քաղաքացիներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն:
Ըստ պարոն Բարատայի, պատասխանատվություն չի նշանակում վերահսկողություն, այլ որ պետական իշխանությունները երաշխավորում են, որ գոյություն ունենա համակարգ, որ քաղաքացիներին տրվի բարձրորակ տեղեկատվություն, բարձրորակ կոնտենտ, որը պատշաճ ձեւով կարգավորված է, ֆինանսավորված է եւ ունի անկախության պաշտպանության երաշխիքներ:
Կարդացեք նաև
Երկու տարի է` Հայաստանում հանրային հեռարձակողների դերի բարձրացմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Ջոան Բարատայի հետ առցանց հանդիպումն այդ ծրագրի շրջանակում էր, որը նախաձեռնել էր չեխական «Մարդը՝ կարիքի մեջ» կազմակերպությունը:
Կառավարությունը պետք է պահպանի հանրային լրատվամիջոցը, որպեսզի երբ ինքը դառնա ընդդիմություն, հնարավորություն ունենա քաղաքացիների կողմից լսելի լինելու
Միջազգային անկախ փորձագետը գտնում է, որ հանրային լրատվամիջոցն այլեւս անիմաստ է, եթե դառնում է պետության, կառավարության խոսափողը:
Ասում է՝ հանրային լրատվամիջոցը չպետք է լինի գործիք պետության ձեռքում, որն օգտագործվում է պետության ինֆորմացիան տարածելու համար: Ըստ նրա, պետության ծրագրերը եւ այլն տարածելու համար գոյություն ունի հաղորդակցության նախարարություն, խոսնակ եւ այլ կառույցներ, որոնք պատասխանտու են մամլո հաղորդագրություններ պատրաստելու, ասուլիսներ կազմակերպելու համար: Իսկ հանրային լրատվամիջոցի նպատակն է ծառայել քաղաքացիների կարիքներին:
«Հանրային ծառայությունը չի նշանակում պետական մարմինների շահերին ծառայել, հանրային ծառայությունը նշանակում է ծառայել հանրությանը: Հանրություն ասելով նկատի ունենք քաղաքացիներին, ոչ թե իշխանություներին: Հենց դա պետք է լինի հանրային լրատվամիջոցի առաքելության անկյունաքարը: Կառավարությունը պետք է պահպանի հանրային լրատվամիջոցը, որպեսզի, երբ ինքը դառնա ընդդիմություն, հնարավորություն ունենա լսելի լինելու քաղաքացիների կողմից»,-ասում է Ջոան Բարատան:
Նրա խոսքով, հանրային լրատվամիջոցի գաղափարը եվրոպական է, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ նպատակը ոչ թե քարոզչություն տարածելն էր, այլ՝ քաղաքացիներին պատշաճ ձեւով տեղեկացնել եւ կապ հաստատել քաղաքացիների եւ իշխանություների միջեւ՝ շատ դժվար ժամանակահատվածում:
Ի՞նչ խոչընդոտներ եւ ի՞նչ բացեր կան հայաստանյան իրողության պայմաններում:
Հանրային հեռարձակողը մեծ դերակատարում չի կարող ունենալ, քանի որ այդ ամենը կարգավորվում են օրենքներով, իսկ օրենքներն ընդունում է քաղաքական մեծամասնությունը:
Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը: Հենց մեծամասնությունն է որոշում՝ փոփոխությունները լինեն հօգուտ անկախությանը, թե հակառակը՝ ավելի զսպող:
«Տարիների ընթացքում փորձում ենք քայլեր անել եւ հանարային հեռարձակողին ավելի անկախություն տալ, ինչ-որ մի ձեւ ապահովել կառավարող խորհրդի անկախությունը: Իմ կարծիքով, ամենալավ չափորոշիչներին դեռ չենք հասել, բայց այդ ճանապարհին ենք: Եթե մի քանի տարի հետո կարողանանք ամբողջությամբ նաեւ լուծել ֆինանսական անկախության հարցը՝ օրենքում կետ մտցնելով, որ այն կազմի բյուջեի ինչ-որ մի տոկոս կամ ոչ պակաս, քան նախորդ երեք-հինգ տարվա բյուջեն էր, ապա անկախության հարցը մեծ մասամբ կլուծվի»:
ՀՌՀ անդամը կարծում է, որ մեր երկրի հանրային հեռարձակողի համար ֆինանսական կայունություն ու անկախություն կարելի է ապահովել նաեւ, օրինակ, ակցիզային հարկի վճարմամբ. «Եթե հեռուստադիտողը հստակ համոզված լինի, որ տարեկան իր վճարած հազար դրամը կօգնի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու գործին, դեմ չի լինի գումար վճարել: Դրանք մեխանիզմներ են, որոնք մասնագետները կվերլուծեն ու կգան եզրակացության»:
«Մարդը՝ կարիքի մեջ» ծրագրի իրավախորհրդատու Մովսես Հակոբյանի կարծիքով՝ չնայած միջազգային փորձին, երբ աշխարհի որոշ երկրներում քաղաքացիները վճարում են հեռարձակող ընկերություններին՝ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար, այս պահին հայաստանյան հասարակությունը պատրաստ չէ դրան:
Պարոն Հակոբյանը ներկա պայմաններում ավելի հավանական է համարում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում իրենց այն առաջարկի ամրագրումը, որի համաձայն, Հանրային հեռարձակողի տարեկան բյուջեն կապվում է նախորդ տարվա բյուջեի հետ, որով այն չի կարող պակաս լինել նախորդ տարվա բյուջետային ֆինանսավորման չափից: Սա, ըստ Մովսես Հակոբյանի, հանրային հեռարձակողին թույլ կտա երկարաժամկետ՝ մի քանի տարվա կտրվածքով պլանավորել ֆինանսական, ծրագրային քաղաքականությունը:
Ամենաարդյունավետ միջոցը հանրային հեռարձակողի օմբուդսմենն է
Տեղեկատվական դաշտը հավասարակշռելու համար գրեթե բոլոր առաջատար երկրներում կա հանրային հեռարձակող: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ մեր երկրում առավել եւս անհրաժեշտություն է հանրային լրատվամիջոց ունենալը, քանի որ մասնավոր լրատվամիջոցների դաշտը մեզ մոտ շատ բեւեռացված եւ քաղաքականացված է, եւ հանրայինից պահանջվում է ներկայացնել այն տեղեկատվությունը, որն օբյեկտիվ է, կողմնակալ չէ:
Հանրայինի այդ առաքելությունը հաշվի առնելով էլ, ըստ պարոն Նավասարդյանի, անհրաժեշտ է, որպեսզի հանրային հեռարձակողը լինի անկախ եւ չծառայի քաղաքական կամ այլ նեղ խմբային շահերին:
Մեր զրուցակիցը թվարկում է աշխարհում ընդունված մի քանի մոդել, որոնց շնորհիվ այդ անկախությունն ապահովում է:
«Առաջինը՝ կառավարման կամ դիտորդական այն մարմինն է, որը որոշում է հիմնական խմբագրական կամ ծրագրային քաղաքականությունը եւ վերահսկում է, որպեսզի հանրային լրատվամիջոցում պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվող լրագրողները կատարեն իրենց հիմնական գործառույթը: Պետք է լինեն մեխանիզմներ, որպեսզի այդ մարմինը չլինի որեւէ քաղաքական կամ իշխանական ազդեցությունների ներքո»,-ասում է Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ մեզ մոտ այդ ավանդույթը չի ձեւավորվել:
Նրա խոսքով՝ այդ կառավարման մարմինը, որը Հայաստանում կոչվում է Հանրային հեռարձակողի խորհուրդ, կա՛մ հենց ինքն է կատարում կոնկրետ քաղաքական պատվերներ, կա՛մ եղել են ժամանակահատվածներ, որ այդ խորհուրդը հանրայինի քաղաքականությունը որոշելու ընդհանրապես որեւէ դերակատարություն չի ունեցել: Այսօր, սակայն, ըստ Բորիս Նավասարդյանի, գտնվում ենք անցումային փուլում, երբ կարծես թե օբյեկտիվորեն որոշակի հնարավորություններ ձեւավորվել են, որպեսզի այդ մարմինն իսկապես անկախ լինի եւ զուտ սպասարկի հանրային շահը:
Մեր զրուցակցի դիտարկմամբ, երկրորդ կարեւոր սկզբունքը՝ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի մշտական հետադարձ կապն է հանրության հետ. «Այն բոլոր դժգոհությունները, առաջարկությունները, որոնք կարող են լինել հանրության, քաղաքացիների կողմից՝ հանրայինի աշխատանքի նկատմամբ, դրանք միշտ պետք է վերլուծվեն: Հանրայինը պետք է մատը զարկերակի վրա պահի»:
Բացի այդ, Բորիս Նավասարդյանը կարծում է, որ հանարային հեռարձակողը պետք է ունենա իր էթիկայի վարքականոնը, որը ներկայումս մշակման փուլում է:
Ամենաարդյունավետ միջոցը սակայն, Բորիս Նավասարդյանի համոզմամբ, հանրային լրատվամիջոցի օմբուդսմենն է, որը հանրային հեռարձակողի կառույցում հանրության ներկայացուցիչն է:
«Օմբուդսմենը կարող է անկաշկանդ արձագանքել բոլոր առաջարկություններին ու բողոքներին՝ դրանք ներկայացնելով նաեւ կառավարման հանրային հեռուստառադիոընկերության մարմիններին եւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին: Այդպիսի օրինակներ աշխարհում եւ մասնավորապես` եվրոպական երկրներում կան: Կարծում եմ՝ պետք է այդ ինստիտուտը ներառել հանրային հեռարձակողի կազմում»:
Ի դեպ, հանրային հեռուստաընկերությունում օմբուդսմենի ինստիտուտ ներդնելու օրենսդրական առաջարկ շրջանառվել է, բայց այդպես էլ օրենքում տեղ չի գտել: Այսօր, սակայն օրենսդրական որեւէ խոչընդոտ չկա: Ինչպես վստահեցնում է ՀՌՀ անդամ Արմեն Մկրտչյանը, Հանրային հեռուստաընկերության խորհրդի որոշելիքն է՝ ունենալ օմբուդսմեն, թե՝ ոչ:
Արդեն տասը տարի է՝ Էստոնիայի Հանրային հեռուստաընկերությունն ունի օմբուդսմեն: Տարմու Տամմերկը, որը Էստոնիայի հանրային հեռարձակման ընկերության (ERR) օմբուդսմենն է եւ իրեն մեդիա դատավոր է համարում, ներկայացնելով Էստոնիայի փորձը, ասում է՝ նախկինում արձանագրած բազմաթիվ խնդիրներ այսօր գրեթե լուծված են. «Օմբուդսմենը կարող է դառնալ գերագույն գլխավոր խմբագիրը, բայց նա չեզոք միջնորդ է, լսարանի ականջն ու աչքն է»:
Նրա խոսքով, ի պաշտոնե չի կարող լրատվական անկախության վրա ազդել, հաղորդում փակել կամ լրագրողին գործից ազատել, քանի որ այդ գործառույթը գլխավոր խմբագրինն է, բայց երբ լրագրողը պարբերաբար խախտում է լրագրողական էթիկան, օմբուդսմենի տված խորհրդատվական կարծիքի հիման վրա գլխավոր խմբագիրը կարող է որոշումներ կայացնել:
Պարոն Տամմերկի խոսքով, օմբուդսմենի ինստիտուտի ներդրումից հետո բազմաթիվ գործեր դատարան չեն հասել. «Դժգոհություններ, վեճեր եղել են հեռուստաընկերության եւ հեռուստադիտողի միջեւ, սակայն իմ միջնորդությամբ խնդիրները շատ արագ լուծվել են»:
Կարեւոր պաշտոններ զբաղեցնող ազդեցիկ մարդիկ նախկին տարիների օրինակով կարծում են, թե Հանրայինը իրենց ալիքն է՝ երբ ուզեն` կարող են գալ ելույթ ունենալ
«Պետական բյուջեից ֆինասավորվելու փաստը մեզ ստիպում է՝ ավելի խնայող լինել, ավելի հաշվետու եւ ավելի պարտաճանաչ: Պետք է ոչ միայն հաշվետու լինել, այլեւ թափանցիկ, որպեսզի ամրապնդվի այդ վստահությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առաջանում պետական բյուջեից ֆինանսավորման պարագայում:
Արա Շիրինյանի խոսքով՝ դրանք ավելի շատ հոգեբանական խնդիրներ են. «Կառավարության, Ազգային ժողովի կամ իշխանությանը մոտ գտնվող, կարեւոր պաշտոններ զբաղեցնող ազդեցիկ մարդիկ նախկին տարիների օրինակով կարծում են, թե Հանրայինը իրենց ալիքն է՝ երբ ուզեն` կարող են գալ ելույթ ունենալ։ Կամ խորհուրդներ են տալիս, թե լավ կլինի այսինչի կամ անինչի մասին հաղորդում արվի: Բայց մենք ունենք մեր չափորոշիչները: Այո, մենք ցանկացած առաջարկ ընդունում ենք, լսում ենք՝ ինչ են առաջրկում, բայց վերջնական որոշումը ինքնուրույն ենք կայացնում: Այդ իմաստով որոշակի ճնշում եւ անհարմարություն կա»:
Ըստ Արա Շիրինյանի, նախ՝ պետք է հասկանալ, որ հանրային հեռարձակողը ո՛չ պետական հեռարձակող է եւ ո՛չ էլ՝ մասնավոր: Նա փորձում է բավարարել հանրության ամենալայն շերտերի կարիքները. «Կարիք ասելով, հեռարձակման դեպքում նկատի ունենք հանրային շահը՝ հոգեւոր, ինտելեկտուալ, կրթական տեսանկյունից: Այսինքն՝ հանրային հեռարձակումը, որպես ազդեցիկ միջոց, պետք է ուղղված լինի հանրօգուտ բովանդակություն ստեղծելուն եւ դա է հասարակության շահը եւ այն ձեւակերպված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում: Որեւէ մեկը չի կարող ասել՝ իսկ ո՞վ է չափել, կամ՝ ո՞ր հարցումն է պարզել, թե որն է հանրային շահը»:
Հարցին՝ կառավարությունից, բյուջեից ֆինասավորվելու պարագայում ինչպե՞ս է հաջողվում պահել այդ անկախությունը, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն ասում է․ «Ամենակարեւոր բովանդակային հատկանիշներով հանրային հեռուստաընկերությունն այսօր անկախ է կառավարությունից։ Նույնիսկ բյուջեն չի կարող պակաս լինել նախորդ տարվա ֆինանսավորման չափից։ Հանրայինը նաեւ կախված չէ բիզնեսից (թեեւ ցուցադրում է գովազդ), շնորհիվ պետական բյուջեով երաշխավորված ֆինանսավորման։ Փոխարենն ունի օրենքով սահմանված մի շարք պարտավորություններ, ինչը, սակայն, չի խանգարում վարել սեփական ծրագրային քաղաքականությունը՝ որքանով դա հնարավոր է անել լրագրողների եւ ռեժիսորների պրոֆեսիոնալիզմի այսօրվա պայմաններում: Ի վերջո, այդ մասնագետները մեր ցանկությամբ չեն ծնվում, նրանք պատրաստվում են նախ՝ բուհում, հետո անցնում են մասնագիտական ճանապարհ եւ նոր են դառնում պրոֆեսիոնալ: Այդ պրոֆեսոնալ եւ ստեղծագործական կադրերի պահանջը միշտ կա: Այդուհանդերձ մենք ունենք բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի հնարավորինս լավագույն, գուցե ոչ ամենալավ մասնագետներին հրավիրենք աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում: Մեր դաշտում ավելի շատ է առաջարկը եւ պետք է ընդունել, որ հանային հեռուստաընկերությունում քչերը կարող են աշխատել: Եվ դա ոչ միայն պրոֆեսիոնալիզմի կամ կառավարման ճաշակի հարց է, այլ նաեւ՝ աշխատանքային պայմանների եւ պահանջների: Հանրային հեռուստատեսության այսօրվա համակարգում այդքան կարիք չունենք ազատ ստեղծագործողների, որքան նեղ մասնագիտական առաջադրանքներ կատարող մասնագետների»։
Արա Շիրինյանը, սակայն, կարծում է՝ Հանրային հեռարձակողն ավելի անկախ կլիներ, եթե աբոնենտային վճար լիներ, այսինքն՝ գումար ստանային հենց հեռուստադիտողից. «Բայց մեր նման երկրներում այդ սխեման չի աշխատում, որովհետեւ մենք չունենք ավանդույթ վճարելու տեղեկատվության համար: Երկրորդ՝ եթե դու մի բան վճարով ես անում, նշանակում է, որ դու քեզ դնում ես ոչ մրցունակ վիճակում, որովհետեւ անվճար ինֆորմացիա սպառողներն ավելի շատ են: Կա երրորդ հանգամանք, օրինակ՝ եվրոպական փորձագետները տարիներ առաջ ասում էին՝ ճիշտ է աբոնենտային վճարը: Այսօր նրանք փոխել են իրենց կարծիքը եւ հանրային հեռուստատեսության դեպքում ճիշտ են համարում պետության կողմից ֆինանսավորվելը։ Ինչո՞ւ, որովհետեւ կան մարդիկ որոնք չեն կարող վճարել եւ արդար չի լինի աբոնենտային վարձ վճարողների հաշվին անվճար հեռարձակում տրամադրել սոցիալապես անապահով խմբերին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ