Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուգ անելը նույնպես մշակույթ է

Դեկտեմբեր 20,2020 18:13

Հասարարական պառակտման պայմաններում սգո երթ կազմակերպելը սադրանք էր:

Ազգային զգացմունքները (տվալ դեպքում՝ սուգը) պետք է վերքաղաքական լինեն, միավորեն մարդկանց, բարձրացնեն ազգի դիմադրողականությունը: Փաշինյանը, գալով իշխանության, հենց սկզբից գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ՝ իր ձեռնարկած քայլերը, իր կազմակերպած միջոցառումներն ուղղված էին պառակտմանը, հակադրությանը, բախմանը, սկանդալին:

Որոշակի տեսակի լրագրության դեպքում սկանդալային լինելն, իհարկե, խիստ նպաստավոր է, բայց պետական գործչի համար դա, կարծում եմ, հակացուցված է. նման մտածելակերպով հնարավոր չէ հասնել պետության առաջ դրված որեւէ նպատակի, այդ թվում՝ հաղթել պատերազմում:

Անձնական նպատակների, այո՛, հնարավոր է հասնել:

Այս անգամ եւս վարչապետը հավատարիմ մնաց իր մշտական գործելակերպին. նրան, բնականաբար, պետք չէր հարգանքի տուրք մատուցել նահատակներին՝ Փաշինյանի նպատակն էր ինչ-որ ձեւով հավաքել որոշակի քանակի մարդկանց, որոնք իրեն կծափահարեն եւ կվանկարկեն «Նիկոլ, վարչապետ», «Նիկոլ, դուխով»:

Դրանով նա կբավարարեր իր փառասիրությունը եւ ցույց կտար ընդդիմախոսներին, թե որքան է ժողովուրդն իրեն սիրում: Փաշինյանը շատ լավ գիտեր, որ մեր հասարակության մի մասը հենց իրե՛ն է մեղավոր համարում հազարավոր զոհերի համար եւ այդ մարդկանցից մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հոգի իր կազմակերպած երթի պահին Եռաբլուրում էր:

Այնուամենայնիվ, նա իր աջակիցների հետ՝ մի քանի հարյուր իրավապահների օգնությամբ, ճեղքեց այդ մարդկանց (նաեւ հարազատներին կորցրած եւ իսկապես սգացողների) «պատնեշը», ներխուժեց Եռաբլուր, մինչեւ վերջ իրականացնելով իր «շոուն»: Ուժի ցուցադրումը եւ ինքնահաստատումը կայացավ, PR ակցիան՝ որոշ չափով:

Բայց առավել կարեւոր է, որ Փաշինյանի աջակիցները, որոնք ստիպողաբար կամ ինքնակամ եկել էին Հանրապետության հրապարակ, նույնպես մտադրություն չունեին սգալու կամ հարգանքի տուրք մատուցելու. նրանց նպատակն էր իրենց կուռքին կամ գործատուին հավատարմություն հայտնելը, նրան ծափահարելը եւ «Նիկոլ, վարչապետ» գոռալը:

Այդ առումով ուզում եմ հիշեցնել, որ սգո միջոցառումների ընթացքում (օրինակ, այս կամ այն մարդու հիշատակին նվիրված հուշ երեկոների, համերգների ժամանակ) ընդունված չէ ծափահարել: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ վարչապետի աջակիցների մեծ մասը համերգներ չի հաճախում ու սգո մշակույթից տեղյակ չի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031