Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վատ էի զգում, որ մենք, հերթական անգամ, ամբողջ աշխարհի առջեւ ծաղրուծանակի առարկա դարձանք». Միքայել Համբարձումյան

Դեկտեմբեր 20,2020 13:30

«Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը, ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել: Երեկ ամբողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Եռաբլուրում եւ, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում: Շատ վատ էի զգում, որ մենք, հերթական անգամ, ամբողջ աշխարհի առջեւ ծաղրուծանակի առարկա դարձանք, որովհետեւ մարդիկ մոռանում են՝ որտեղ են գտնվում, իսկ մենք Եռաբլուրում ենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

Նա մասնակցում էր ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած երթին: ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի առիթով Վանեցյանն ու նրա այլ գործընկերներ այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Միքայել Համբարձումյանն ասաց, որ առաջիկայում ասուլիսով հանդես կգա. «Ձեռնպահ եմ մնալու նեղ անձնական հանգամանքներ ներկայացնելուց, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը չպիտի ներկայացնի այն տեղեկատվությունը, որը նրան հասու է դարձել իր ծառայողական պարտականությունները կատարելիս: Իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը, որի մեջ ես սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին ես կխոսեմ»:

Հարցին՝ ապօրինի հանձնարարություն ստացե՞լ է երբեւէ: Միքայել Համբարձումյանն ասաց, որ ձեռնպահ կմնա «ապօրինի հանձնարարական» ձեւակերպումից. «Այո, եղել է հանձնարարական, որը ես գտել եմ, որ չպիտի կատարեմ»:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ եղել են պայմանավորվածություններ, ինչը քննության առնելու հորդորով ուժային կառույցներին դիմեցին նախկին պաշտոնյաներ, Միքայել Համբարձումյանն ասաց, որ կիսում է իր գործընկերների մտահոգությունները եւ գտնում է, որ օր առաջ պետք է խորությամբ քննության առարկա դառնան: Ասաց, որ ինքն էլ, որպես փորձառու քննիչ, պատրաստ է իրականացնել նախաքննություն. «Այս պահի դրությամբ դա այսօր ամենամտահոգիչ հարցն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031