«Ծննդյան օրերին միշտ ուշ էր տուն գալիս, մինչեւ աշխատանքը զորամասում չավարտեր՝ տուն չէր գալիս։ Նստած սպասում էինք։ Անցած տարի՝ 30-ամյակին հազիվ հասցրեց, գնացել էր զենք ստանալու, համարյա ժամը 11-ն անց էր, երբ մտավ տուն»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած կապիտան Արթուր Խաչատրյանի կինը՝ Ռուզաննան։
Այս տարի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 19-ին Արթուրը չեկավ, հարազատները ուղիղ կեսգիշերին այցելեցին նրան՝ Եռաբլուր։ Կինը, մարտական ընկերները, ծնողները, քույրն ու եղբայրը, բարեկամները առաջին անգամ չսպասեցին Արթուրին, այլ իրենք՝ ծաղիկներով, լուսարձակներով Արթուրի մոտ էին՝ հերոսների սրբավայրում։
Հոգիներում՝ բարձրաձայն չասված շնորհավորանքի խոսքեր, սեղմված արցունքներ ու ցավ։ Արթուրը չէր սիրում լաց ու բողոք, ինչքան էլ որ անելանելի ու դժվար իրավիճակում լիներ։ Այդ իսկ պատճառով նրա ծննդյան տարեդարձին հավաքվածները փորձում էին իրենց հերոսի կամքով ամեն ինչ անել։
Կարդացեք նաև
«Այդքան անտարբեր էր իր ծննդյան օրվա նկատմամբ, բայց իմ ու երեխաների տարեդարձների նախօրյակին արձակուրդ էր վերցնում, որպեսզի տոնը անմոռանալի ու յուրահատուկ դարձներ, ու ոչ մի տարի նույնը չէր կրկնում»,–հիշում է Ռուզաննան։
Դեռ չի կարող պատկերացնել, որ Արցախի նկատմամբ սերը ուժեղ գտնվեց իր հանդեպ սիրուց։ «Արցախը միշտ բաժանել է մեզ։ Արցախում էր ծառայում, 2016թ․-ի ապրիլյան քառօրյայից հետո տեղափոխվեց Հայաստան, բայց փաստորեն այս անգամ Արցախը հաղթեց ինձ»,–ասում է Ռուզաննան։
Վերջին անգամ, երբ զանգել էր Արթուրը, կինը փորձեց խորհուրդ տալ։ «Ասացի՝ Արթ ջան, ուրիշների նման գլուխ պահի, տեսնում ես՝ կրակում են, թաքնվի։ Ասաց՝ Ռուզ ջան, ինձանից հավատո՞ւմ ես նման բան»,-մեզ հետ զրույցում հիշում է Ռուզաննա Խաչատրյանը։
Շատ բան ունի պատմելու Արթուրի մասին, բանակից, արցախյան պատերազմից, բայց այսօր այդ օրը չէ։ «Տարեդարձին հոգսերից, դարդ ու ցավից, խնդիրներից ընդունված չէ խոսել։ Եկեք այդ մասին մի ուրիշ օր խոսենք, եթե հնարավոր է»,–առաջարկեց Ռուզաննան։
Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին՝ կապիտան Արթուր Խաչատրյանի ծննդյան տարեդարձին Եռաբլուրում խոնարհումի եւ խնկարկումի, հպարտության, կորսվածը հետ բերելու խոստումների օր էր։ Թերեւս այս ցանկությունները կունենար ոչ միայն օրվա հոբելյարը, այլ նաեւ նրա հարեւանությամբ ննջող նրա բոլոր հերոս-ընկերները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Ընտանեկան լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Խաչատրյանը