Կոկոսի յուղը ոչ միայն արժեքավոր սնունդ է համարվում օրգանիզմի համար, այլև ունի կոսմետիկ բազմաթիվ առավելություններ․ պատահական չէ, որ այն իր հաստատուն տեղն ունի իրենց արտաքինին հետևող կանանց ու տղամարդկանց հարդարանքի սեղաններին։
Թե ինչպես կարող է կոկոսի յուղն օգտակար լինել մարմնի, մազերի խնամքի համար, անդրադարձել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի այս հրապարակման շրջանակներում։
Կոկոսի յուղը հայտնի է իր հակավիրուսային, հակասնկային, հակամանրէային ազդեցություններով․ լաուրինաթթուն, որը կոկոսի յուղի մոտ 50 տոկոսն է կազմում, բնության մեջ բավականին հազվադեպ է հանդիպում․ օրգանիզմում լաուրինաթթուն վերածվում է մոնոլաուրինի․ մոնոգլիցերիդ, որը պայքարում է անգամ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ցուցաբերող որոշ բակտերիաների դեմ։ Կոկոսի յուղը նաև հակաօքսիդիչ ազդեցությամբ է օժտված քանի, որ կայուն է օքսիդացման գործընթացների նկատմամբ։
Կարդացեք նաև
Կոկոսի յուղը, չնայած որ հագեցած ճարպաթթու է, սննդում հաճախակի օգտագործման դեպքում վնասակար չի համարվում, քանի որ կազմված է միջին շղթայական ճարպաթթուներից, որոնք հեշտությամբ ճեղքվում ու թափանցում են բջջաթաղանթի միջով, արագ վերափոխվում են էներգիայի՝ չկուտակվելով օրգանիզմում ճարպի տեսքով։
Օրգանիզմի առողջության պահպանման տեսանկյունից կոկոսի յուղն օգտակար է՝
- Սրտի առողջության համար,
- գլխուղեղի գործառույթի պահպանման համար,
- իմունային համակարգի ամրապնդման համար,
- վահանաձև գեղձի կանոնավոր գործառույթի համար,
- էներգիայի արտադրման համար,
- մազերի, մաշկի առողջության, գեղեցկության և երիտասարդության համար։
Մենք կանգ կառնենք կոկոսի յուղի՝ այս վերջին գործառույթի վրա՝ առանձնացնելով կոկոսի յուղի կոսմետիկ հատկությունները։
Հատկապես ձմռան ամիսներին շատերն են բախվում մաշկի չորության խնդրին․ պատճառներն ավելի քան պարզ են՝ ցուրտը, քամին, տաքացվող շինություններում օդի չորությունը, խոնավության պակասը․ այսպիսով մաշկը չորանում է, առաջանում է քորի, անհարմարության զգացում, թեփոտվածություն և այլն։
Ահա թե ինչու ձմռան ամիսներին խորհուրդ է տրվում մաշկի խնամքի միջոցների ցանկում ներառել կոկոսի յուղը։ Այն արագ ներծծվում է մաշկի կողմից՝ դարձնելով մաշկն ավելի հարթ ու թավշյա։ Կոկոսի յուղը հայտնի է մաշկը խոնավեցնող ազդեցությամբ, հարթում է մանր կնճիռները, կանխում մաշկի վաղաժամ ծերացումը։ Քանի որ օժտված է հակաբակտերիալ ու ռեգեներացիոն ազդեցությամբ, շատ հարմար է ցրտից գրգռված մաշկը վերականգնելու համար։
Կոկոսի յուղը, սակայն, ինչպես և ցանկացած այլ կոսմետիկ յուղ, խորհուրդ չի տրվում օգտագործել մաշկի ամենօրյա խնամքի համար՝ հակառակ էֆեկտից՝ մաշկն ավելի շատ չորացնելուց խուսափելու համար։ Մաշկը խոնավեցնելու, փափկեցնելու և վերջինիս առողջ երանգ հաղորդելու համար կարող եք շաբաթը երկու անգամ քնելուց առաջ դեմքի մաշկին կոկոսի յուղ քսել՝ բարակ շերտով։
Կոկոսի յուղը հարմար միջոց է դիմահարդարումը մաքրելու համար, հատկապես եթե օգտագործել եք ջրակայուն կոսմետիկա․ այն մաքրում է անգամ ամենակայուն շրթներկերը՝ միաժամանակ փափկեցնելով ու սնուցելով շրթունքների նուրբ մաշկը։
Ձմռանը շրթունքների խնամքը նույնպես շատ արդիական է դառնում, շրթունքների նուրբ մաշկն արագ ցրտահարվում է, ճաքճքվում, իսկ հաճախ շուրթերի համար նախատեսված բալզամները հակառակ արդյունքն են տալիս՝ ավելի չորացնելով շրթունքների առանց այն էլ նուրբ մաշկը։ Կոկոսի յուղը շատ լավ խոնավեցնում ու վերականգնում է շուրթերը՝ գործելով հակամանրէային ու հակավիրուսային ազդեցություն։ Ահա թե ինչու կոկոսի յուղը կարող եք օգտագործել անգամ այն դեպքում,երբ շրթունքները բորբոքվում են։
Կոկոսի յուղը կարող է օգտագործվել նաև որպես աչքերի շրջանի նուրբ մաշկի խնամքի միջոց․ այն անհրաժեշտ է քսել շատ բարակ շերտով և ոչ ամեն օր՝ մաշկի առողջ գույնը վերադարձնելու և աչքերի շրջանի մանր կնճիռներն ավելի աննկատ դարձնելու համար։
Կոկոսի յուղով կարելի է պատրաստել մարմնի մաշկը շերտազատող միջոց․ անհրաժեշտ է խառնել կոկոսի յուղն ու եղեգնաշաքարը հավասար քանակությամբ։ Օգտագործել լոգանք ընդունելուց առաջ՝ չոր մաշկի վրա։
Դեմքի մաշկի համար նույնպես կարելի է սքրաբ պատրաստել՝ եղեգնաշաքարը փոխարինելով կերակրի սոդայով կամ դարչինով՝ դեմքի նուրբ մաշկը չվնասելու համար։
Կոկոսի յուղը կարող է ծառայել որպես մաշկը սափրելու համար նախատեսված լոսյոն․ դրա մեջ պարունակվող լաուրինաթթուն հակասեպտիկ ազդեցություն ունի և կապահովի մաշկի անվնաս սափրումը, միևնույն ժամանակ մաշկը կդառնա ավելի հարթ ու փափուկ։
Կոկոսի յուղը բարենպաստ ազդեցություն ունի մազերի վրա․ այն օգտագործվում է որպես մազերի դիմակ, որն անհրաժեշտ է քսել չոր մազերին մերսող շարժումներով՝ մազերը լվանալուց 1-2 ժամ առաջ։
Այս յուղը եղունգների շրջանի չոր մաշկի, նաև կուտիկուլայի խնամքի միջոց է, որի շնորհիվ մատնագարդարումն ավելի երկար է պահպանում իր էսթետիկ տեսքը։
Կոկոսի յուղն օգտակար է նաև ատամների, բերանի խոռոչի խնամքի համար։ Կերակրի սոդայի ու կոկոսի յուղի խառնուրդը կարող է ծառայել որպես անվնաս ատամի մածուկ, իսկ բերանի խոռոչի հիգիենայի պահպանման, ատամնափառի ու կարիեսի կանխարգելման համար խորհուրդ են տրվում բերանի խոռոչի ողողումները կոկոսի յուղով։ Բերանի խոռոչի՝ յուղերով ողողումը հնդկական ավանդական բժշկության կողմից առաջարկվող մեթոդ է, որը հնուց ի վեր կիրառվել է մարդկության կողմից։
Բերանի խոռոչը յուղով ողողելու համար օրական մոտ 15 րոպե անհրաժեշտ է յուղը պահել բերանում՝ փորձելով այն անցկացնել ատամների միջով․ այդպիսով յուղը կարծես թե քաշում է ատամների դժվար հասանելի հատվածներում կուտակված մանրէներն ու սննդի մնացուկները՝ գործելով հակասեպտիկ ազդեցություն։
Բերանի խոռոչի ողողման այս պրակտիկան ոչ միայն հոգում է բերանի խոռոչի հիգիենայի, այլև ողջ իմունային համակարգի մասին՝ կանխելով բերանի խոռոչի միջոցով վնասակար մանրէների, վիրուսների ու սնկերի ներթափանցումն օրգանիզմ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ