Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գնամ Եռաբլուր`պիտի ասեմ`դուք զոհվեցիք հանուն ոչնչի». Սերոբ Գասպարյան

Դեկտեմբեր 19,2020 18:51

«Ես ասելիք չունեմ Եռաբլուրում: Չունեմ ասելիք այն ազատամարտիկներին, ովքեր հաղթանական բանակի զինվորներ էին: Եթե գնամ` պիտի ասեմ` դուք զոհվեցիք հանուն ոչնչի»,-այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը: Այս պատերազմում զոհվել էր նաեւ Ռուստամ Գասպարյանի որդին:

«Այսօր մնացածներս պարտված, դավաճանված բանակից ենք: Դավաճանեցին մեզ թիկունքից: Դավաճաններին երկրորդ հնարավորություն պետք չի տալ: Դավաճանը կդավաճանի միշտ»,- ասաց Սերոբ Գասպարյանը` հավելելով, որ նահատակ եղբոր ղեկավարած «Սեւ հովազ» ջոկատը այսօր էլ սահմաններում է եւ պայքարելու է այնքան ժամանակ, մինչեւ կրկին հաղթենք:

«Ես կմտնեմ այն օրը Եռաբլուր, որ ասեմ`եղբայրներ, մենք այսօր էլ ենք ազատամարտիկ»,- ասաց Սերոբ Գասպարյանը` հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:

«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը նույնպես օգտագործեց իր քաղաքական շահերի համար։ Նա պղծեց Եռաբլուրը։ Նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իր իշխանության աթոռի։ Բոլորին արդեն ակնհայտ է, որ այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, քան մեր երկրի ներքին կայունությունը։ Երկու օր ամբողջ պետական ապարատը լծված է Նիկոլ Փաշինյանի այսօրվա շոուի համար մարդ ապահովելով։ Այդ նույն մարզպետները, նույն կառավարության անդամներն այդքան ժրաջան չեն զբաղվել ո՛չ փախստականների հարցերով, ո՛չ գերիների հարցերով, ո՛չ մեր երկրի առջև ծառացած խնդիրներով։ Իսկ երբ հարց է լինում իշխանության պահպանման, իրենք կազմակերպվում են և ակտիվ են»,- իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը սգո օրը նույնպես վերածեց շոուի, որում մարդկանց քանակ ապահովելու համար պետական ապարատի տարբեր մարմիններ երկու օր աշխատում էին։

«Այս մարդուն պետք է հեռացնենք, որ փրկենք մեր հայրենիքը։ Մեր երկրում վերջապես պետք է հաստատել կայունություն, վերջ դնել պառակտումների, վերջ տալ ստին, կեղծիքին, համախմբվել եւ կառուցել մեր երկիրը։ Այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, արդեն կարող եմ ասել չարորակ ուռուցք՝ այսօրվա գերագույն գլխավոր գերագույն դավաճանը, որին մենք այսօր միասնաբար պետք է հեռացնենք եւ կառուցենք մեր երազած հայրենիքը։ Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում։ Այս կառավարության որոշումները հակապետական են, հակազգային եւ չեն բխում մեր ժողովրդի շահերից։ Ավելի լավ է՝ այդ աթոռները դատարկ մնան, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ, այդպես ավելի անվտանգ կլինի: Եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում պետական համակարգից, ապա պետք է համակարգը հեռացնենք նրանից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը` հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից սկսվում են դասադուլեր, գործադուլներ, կառավարության, նախարարությունների շենքերի շրջափակումներ:

Ազատության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո շարժման մասնակիցները երթով գնացին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հոգեհանգստի կարգ մատուցվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031