Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գնում ենք ԽՍՀՄ քարտեզներով, տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում». Արթուր Վանեցյան

Դեկտեմբեր 19,2020 17:49

«Եթե սահմանազատումը և նոր սահմանների ընդգծումը լինի ըստ ԽՍՀՄ քարտեզի, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերին»,- այսօր Ազատություն հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատումը եւ նոր սահմանների ընդգծումը լինելու է ԽՍՀՄ քարտեզներով։ Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետեւ Սովետական միություն ժամանակ սահմանները չեն եղել հստակ։

Ի վերջո, եղել է մեկ ընդհանուր պետություն։ Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով, մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։ Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը, Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջեւանի տարածքի մեջ։ Եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում թուրքին Արարատի կամ Տավուշի մարզում անել նույն կերպ։ Մեր իշխանությունները չեն կարողանում որեւէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։

Գալիս են, մտնում են, ասում են՝ մերն է, եւ մենք սկսում ենք հարմարվել։ Հասկացեք, խոսքը երկրի կորստի մասին է։ Եթե ադրբեջանական զինուժը կանգնում է Սյունիքի մարզի սահմանին, մենք առնվազն 3 կմ սահմանային շերտ պետք է ունենանք։ Այդ շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին։ Այդ տարածքները չեն անցնում Ադրբեջանին, սակայն դառնում են չեզոք գոտիներ, դրանցից որոշները գյուղատնտեսական նշանակության տարածքներ են, մարդկանց հողատարածքներն են, տները։ Այդ կետից ինքնաձիգով կարելի է կրակ բացել Կապանի բնակիչների վրա։ Ժողովուրդ ջան, սթափվեք և հասկացեք, որ մենք կանգնած ենք լրջագույն անվտանգային խնդրի առջև։ Ես համոզված եմ, որ այս պատերազմի սկզբի, ընթացքի և արդյունքների վերաբերյալ պետք է անցկացնվի նախաքննություն, որը կտա մեզ բոլոր հարցերի պատասխանները։ Այս իշխանության օրոք ես չեմ ակնկալում արդարացի քննություն»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031