«Առաջին պատերազմի զոհվածների ու մասնակիցներից շատերի հետ ես մոտիկ էի, ծանոթ էի, մենք իրար հետ մտքերով կիսվում էինք խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում: Եվ իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան Արցախի հետ միասին, որտեղ կյանքը կլինի արդար, որտեղ կլինի բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի: Նույն մտքերով էին տոգորված նաեւ այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ եւ զոհվեցին: Այն զինվորները, սպաները, կամավորները, որոնք առաջին կոչով գնացին պատերազմ ու զոհվեցին այս տարօրինակ պատերազմում: Ես անվանում եմ տարօրինակ, բայց շատերը արդարացի անվանում են ծախված պատերազմ»,- այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքում իր ելույթում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա համոզմամբ, այս պատերազմը կարող էր չլինել. «Կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, բոլոր դաշնակիցներին կորցնելու, դիմացինին գրգռելու համար: Պատերազմը որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած մինչեւ պատերազմը պետք էր անել այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին եւ չարվեցին: Երբեմն ասում են՝ 2,5 տարին քիչ էր: 1990-ին մենք 2,5 տարում մենք զրոյից սարքեցինք բանակ եւ խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Ծայրահեղ դեպքում կարող էինք շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ ավարտել պատերազմը եւ կունենայինք քիչ կորուստներ: Մենք ինչ վիճակում հայտնվեցինք՝ անտերություն, անիշխանություն, պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ եւ տալ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կամ աշխարհի քարտեզից կվերանա, կամ կդառնա այնպիսի մի խղճուկ բան, որին ոչ մեկն ուշադրություն չի դարձնի: Այդպիսի պետությունը չի կարողանա նաեւ իր ժողովրդի բարեկեցությունն ապահովել: Մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ուինսթոն Չերչիլի նկարագրությունները հիշելով, որ դեպքերի եւ իրադարձությունների ընթացքը հանգեցրեց հինավուրց եւ հետաքրքիր հայ ժողովրդի` պատմական ասպարեզից դուրս մնալուն, Վազգեն Մանուկյանը նաեւ արձանագրեց, որ մենք ուժ հավաքեցինք եւ 1988-ին Արցախի հարցով նորից մտանք պատմական ասպարեզ, դարձանք պետություն, որի հետ պետք էր հաշվի նստել: Մի կողմ թողնելով պետության ներսում եղած անարդարությունները, նա արձանագրում է, որ ինքը` պետությունը, կարեւորագույն դեր էր կատարում տարածաշրջանում, հարգված էր աշխարհում, ցեղասպանության փաստն ընդունում էին`նաեւ հաշվի առնելով, որ կա հզոր Հայաստան, որը կարողանում է իր իրավունքները պաշտպանել:
Նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն է հիմա Հայաստանն ընդմիշտ հանում աշխարհի քաղաքական քարտեզից: «Մենք պետք է իրականացնենք մեր զոհվածների պատգամը` իսկապես պետք է ունենանք հզոր, ազատ երկիր, որտեղ մարդը հպարտությամբ է ապրում»,- ասաց Վազգեն Մանուկյանը` հավելելով` երդվում ենք, որ այդ պատգամը կկատարենք:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ