Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր մենք ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Դեկտեմբեր 19,2020 16:46

«32 տարի առաջ, երբ 1988-ի փետրվարին սկսվեց ղարաբաղյան շարժումը, ես կանգնած էի վերջին շարքերում, պարզ երիտասարդ սարկավագ, ինձ հետ էր բանակի այսօրվա հոգեւոր առաջնորդը՝ Վրթանես սրբազանը, նա էլ էր սարկավագ: Երկուսով հետեւում էինք ու աղոթում, որ իրադարձությունները զարգանան այն հունով, ինչ հունով երազում էինք»,- այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հանրահավաքը սկսվեց պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Հնչեց Տերունական աղոթք:

«Երբեք չէի կարող երեւակայել, որ 32 տարի հետո կարող եմ կանգնել այստեղ տխուր սրտով, կոտրված մեջքով, կորցրած շատ բան այն ամենից, ինչը ձեռք բերեցինք այն տարիների ընթացքում»,- շարունակեց սրբազանը:

Նա հիշեցրեց, որ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը, որը հետո դարձավ Կիլիկիո կաթողիկոս, Կարսի անկումը համարում էր իր կյանքի մեծագույն դժբախտ օրը: Սրբազանի կարծիքով, ինքը ու հավանաբար շատերը, իրենց կյանքի ամենադժբախտ օրը կհամարեն 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը. «Անհասկացողները չեն համարի, նրանք, որոնց աստվածը իրենց որովայնն է, եւ իրենք ապրում են միայն կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա: Կհասկանան նրանք, որոնք գիտեն՝ հայրենիք կորցնելն ինչ է նշանակում: Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա եւ մեզ հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելուն: Մենք միայն այսօր չէ, որ սուգի մեջ պետք է լինենք, մենք 84 օր սգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով: Այսօր թշնամին հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է: Մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու: Զիջելու տե՞ղ է մնացել»:

Սրբազանն ասաց` քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, բայց հայրենիքի կորստի հետ համակերպվելու հնարավորություն էլ չունի. «Ես իմ ապրելու իմաստն եմ կորցրել, իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, իմ հպարտությունը, իմ երջանկությունն եմ կորցրել, իմ անցած ճանապարհն եմ կորցրել: Եթե Աստված ինձ հույս չտա ապրելու հանուն հայրենիքի, ես ապրելու իմաստ չեմ տեսնում: Ես զարմանում եմ ու զայրանում եմ, որ հայ ժողովրդի մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ասեն՝ վաղուց պետք է տայինք, պրծնեինք, ինչ լավ եղավ, տվեցինք, պրծանք: Այդ մարդկանց հայկական գոյության վրա խիստ կասկած ունեմ»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով`ով պատասխանատուն եւ գլխավոր մեղավորն է այս ամենի, պետք է հեռանա, ասպարեզը զիջի նոր մարդկանց, նոր դեմքերի, որոնք հայրենասեր են եւ թաթախված չեն ապօրինություններով, անարդարություններով, ամեն թիզ հողի համար պատրաստ են զոհաբերվելու:

«Ամեն մի օր, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը մնում է իր աթոռին, մեզ ավելի է քաշում դեպի խորխորատ եւ հաջորդի համար ավելի դժվարանալու է մեզ փոսից հանելը: Ամեն օր մենք ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ: Դրա համար անհրաժեշտ է, որ վայրկյան առաջ հեռանա: Դրա համար պետք է մեկ միասնական հայկական կամք: Մեր հայրենիքը չի կարող պարփակվել միջազգայնորեն գծված սահմանների մեջ, որի մասին ճամարտակում էր վարչապետի աթոռը զբաղեցնողը: Մեր հայրենիքը շատ ավելին է: Որպեսզի չզրոյացնենք մեր նահատակների նահատակությունը, պետք է շարունակենք փնտրել ուղիներ մեր մեջքը շտկելու, կերտելու նոր Հայաստան մեր միասնական ջանքերով»,-ասաց սրբազանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031