Նիկոլ Փաշինյանին ու իշխանության մյուս ներկայացուցիչներին հաջողվեց ճեղքել Եռաբլուրի մուտքը փակած ազատամարտիկների, զոհվածների հարազատների եւ քաղաքացիների պատնեշը եւ մտնել Եռաբլուր պանթեոն:
Տեսախցիկներն արդեն ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանը պանթեոնում ծաղիկներ է դնում զոհվածների գերեզմաններին, զրուցում զոհվածների հարազատների հետ, ողջագուրվում եւ մխիթարում նրանց: Նաեւ խոստովանություններ եղան Նիկոլ Փաշինյանին ուղղված. «Մենք քեզ սիրում ենք, Նիկոլ: Քեզ հետ ենք», «Նիկոլ ախպեր, թագավոր ջան»:
Հիշեցնենք նաեւ, որ ազատամարտիկների տարբեր միություններ, զոհվածների հարազատները Եռաբլուրում էին: Նրանք հայտարարել էին, որ հավաքվել են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր:
Կարդացեք նաև
Սգո երթի ողջ ընթացքում եւ պանթեոնում Նիկոլ Փաշինյանը շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով:
Երթի դիմացից նաեւ զրահապատ մեքենաներ էին գնում: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, նաեւ` կարմիր բերետավորներ:
Անվտանգության աշխատակիցները ճամպրուկներով էին ու սեւ անձրեւանոցներ էին պահում Փաշինյանի գլխավերևում եւ ճեղքելով բազմությունը՝ ճանապարհ բացում: Նիկոլ Փաշինյանին տանում են՝ անվտանգության աշխատակիցների օղակի մեջ առած:
Պանթեոնում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նաեւ ազատամարտիկ, «Կոռնիձոր» կամավորական վաշտի հրամանատար Կոռիձորի Արոն:
Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին դիմավորեց նաեւ Սասուն Միքայելյանը։ Պատերազմում պարտության եւ այժմ կատարվող իրադարձությունների մասին նա հրաժարվեց լրագրողների հետ խոսել։
Սգո երթի մասնակից իշխանության ներկայացուցիչներն արդեն հեռացել են պանթեոնից:
Եռաբլուրում դեռ լարված վիճակ է: Իշխանությանը դեմ եւ կողմ հանրության ներկայացուցիչները լեզվակռիվ են տալիս, վիճաբանում, վիրավորում միմյանց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ